Եթե Ձեր ռեժիմը չի բերել Փաշինյանին, ովքե՞ր էին ՀՀ-ում իշխանություն ձևավորում. Փոստանջյան
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախագահ՝ Սերժ Սարգսյանին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյանից.
Հանրային հարցապնդում
Հարգելի՛ Սերժ Ազատի Սարգսյան, Իմ նկատմամբ Ձեր կուսակից` Գրիգոր Արայի Մինասյանին, պատկանող կազմակերպության կողմից նախաձեռնվել է կատարողական վարույթ (ԵԴ/9534/02/21): Կատարողական վարույթի շրջանակում իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ տեղի է ունենում ահաբեկչական գրոհ: Ահաբեկչական գրոհի նպատակն է` ինձ պարտադրել, որ ես հրապարակավ հայտնեմ, որ Նիկոլ Վովայի Փաշինյանին Դուք չեք բերել մտցրել խորհրդարան: Ըստ էության Ձեր անունից իմ դեմ հայց է ներկայացվել՝ ի օգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Ձեր կուսակից և Ձեզ հետ խնամիական կապի մեջ գտնվող անձ` Գրիգոր Արայի Մինասյանի վերաբերյալ ստանալ հետևյալ տեղեկատվությունը.
1. Ինչպե՞ս է միևնույն ժամանակ համատեղում Գրիգոր Արայի Մինասյանն իր անդամակցությունը` «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունում (ՀՀԿ) (տես` http://www.hhk.am/ajax/persons.php?id=1246&language=hy) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) կառավարությունում:
2. «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունում (ՀՀԿ) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) կառավարությունում Գրիգոր Արայի Մինասյանի կողմից միևնույն ժամանակ անդամակցելը պայմանավորվա՞ծ է Ձեր հետ ունեցած խնամիական` ազգակցական կապով, թե՞ այլ կապ նույնպես առկա է, եթե առկա է, ապա տրամադրեք հիմքերը:
3. Գրիգոր Արայի Մինասյանը 2018 թվականի ապրիլյան տեղափոխության օրերին` ապրիլի 27-ին, Երևանի ավագանու նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ խմբակցության) անունից հանդես է եկել ելույթով և հայտնել իր դրական վերաբերմունքը «հեղափոխական հարթակին» (տես https://www.youtube.com/watch?v=CSRnmqLqYg4): Նրա այդ ելույթը և «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամների ծափերն այդ ելույթին ձե՞ր նախաձեռնությունն էր, եթե ձերը չէր, ապա պարզել ե՞ք, թե ինչո՞ւ է տեղի ունեցել նման ելույթ և ինչո՞ւ է նման ելույթից հետո Գրիգոր Արայի Մինասյանը շարունակել անդամակցել «Հայաստանի Հանրապետական» կուսակցությանը (ՀՀԿ):
4. Գրիգոր Արայի Մինասյանին պատկանող կազմակերպությունը ներկայացնելով Նիկոլ Վովայի Փաշինյանի իրավունքներն ինձ դատի է տվել և պահանջում է, որպեսզի ես հայտարարեմ, որ Նիկոլ Վովայի Փաշինյանին նախորդ իշխանությունները չեն բերել մտցրել խորհրդարան: Խնդրում եմ հայտնել` Դուք նույնպե՞ս ցանկանում եք, որ ես հերքեմ, որ Դուք չեք բերել Նիկոլ Վովայի Փաշինյանին մտցրել խորհրդարան: Այսինքն` այս պահանջը նաև Դուք եք կիսում:
Անկախ նրանից կիսում եք այս պահանջը թե ոչ, խնդրում եմ պարզաբանում տրամադրել` ինչո՞ւ Նիկոլ Վովայի Փաշինյանը բերվեց և մտցվեց խորհրդարան: Նիկոլ Վովայի Փաշինյանի փաստաթղթերը չէին բավարարում պատգամավորի թեկնածու գրանցվելու համար վավերապայմանին, սակայն Ձեր ռեժիմը նրան տրամադրել է կեղծ տեղեկանք` նրա բնակության ցենզի վերաբերյալ, ինչո՞ւ գնացիք նման կեղծիքի:
5. Ձեր ռեժիմի ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ երկու անգամ կիրառվել է համաներման ակտ, նա դատապարտված է եղել 7 տարի ազատազրկման, սակայն ազատազրկման վայրում է գտնվել ընդամենը` 1 տարի 9 ամիս: Բանտից դուրս է եկել և դարձել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և 2018 թվականին նրա միջոցով տեղի է ունեցել ապրիլյան տեղափոխությունը: Այսինքն, եթե Ձեր ռեժիմը Նիկոլ Վովայի Փաշինյանին վաղաժամկետ բանտից չազատեր` երկու անգամ նրա նկատմամբ համաներման ակտ չկիրառեր, նա 2018-ի ապրիլին չէր հասցնի լինել տեղափոխության կիզակետում` նա կգտվեր բանտում: Ինչո՞ւ Դուք այդ չափ ջանասիրաբար հովանավորեցիք Նիկոլ Վովայի Փաշինյանին:
6. Եթե Ձեր ռեժիմը չէր բերել Նիկոլ Վովայի Փաշինյանին մտցրել խորհրդարան, ապա կարո՞ղ եք թվարկել այդ ովքեր էին Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորում: Ովքե՞ր, խնդրում եմ հայտնել անունները:
Վերոնշյալ հարցերի անկեղծ և ճշմարիտ պատասխանն ակնկալում եմ ես և լայն հանրությունը: Ձեր անկեղծ և ճշմարիտ պատասխանը կօգնի նաև արդարադատությանը":