ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 2024 թվականին եւս ՍԴ-ն իրականացնելու է 1 ծրագիր` 3 միջոցառմամբ: Ինչպես նախորդ տարիներին, գալիք տարում եւս ստացվելիք գումարի 90 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերի եւ պարգեւավճարների վճարմանը, իսկ 10 տոկոսը` ՍԴ պահպանման ծախսերի սպասարկմանը: Պահուստային ֆոնդը կազմում է 18 մլն դրամ: 2024 թվականի համար կառույցը 11 մլն դրամի պակաս հայտ է ներկայացրել, քան 2023 թվականին:
Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացման նպատակով 2024 թվականի պետական բյուջեի նախագծով սահմանվել է 23 մլրդ 156 մլն 656 հազար դրամ: Բյուջետային հայտը նվազել է, քանի որ 2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի եւ դատարանների շենքերի շինարարության համար գումար չի հատկացվել: Այս մասին ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով նախարարությանը բյուջեով նախատեսվող հատկացումներն ու ծախսային ուղղությունները:
Ըստ նախարարի` գերատեսչությունն իրականացնելու է 7 ծրագիր: 2023 թվականի նկատմամբ ծախսերը նվազել են 2 մլրդ 202 մլն դրամով: Նախարարն անդրադարձել է նաեւ ՔԿՀ-ներին, նոր բանտի կառուցմանը, ՔԿԱԳ աշխատանքին, դատաիրավական բարեփոխումներին:
ԲԴԽ դատական խորհրդի` դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը ներկայացրել է ԲԴԽ` 2024 թվականի բյուջեի նախագիծը, որը 2024 թվականի կազմում է շուրջ 18,9 մլրդ դրամ:
Ըստ զեկուցողի` ԲԴԽ կողմից իրականացվող ծրագրի նպատակն է դատական իշխանության անկախության երաշխավորումը, բնականոն գործունեության եւ դատական պաշտպանության իրավունքի ապահովումը: Կառույցը նախատեսվում է իրականացնել 25 միջոցառում` ուղղված ԲԴԽ բնականոն գործունեության ապահովմանը, ԲԴԽ կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, դատարանների կողմից դատական պաշտպանության իրավունքի ապահովմանը, ԲԴԽ տեխնիկական հագեցվածության բարելավմանը, տրանսպորտային միջոցներով ապահովվածությանը եւ դատարանների շենքային պայմանների ապահովմանը:
ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության գալիք տարվա բյուջետային հատկացումները: 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր, որոնք ներառում են դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում, փորձաքննությունների ծառայություններ: Ծրագրերի իրականացման համար նախատեսվում է շուրջ 10 մլրդ 53 մլն 840 հազար դրամ:
Անդրադառնալով փորձաքննությունների ծառայություններին վերաբերող ծրագրին` Մհեր Ափրիկյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 872 մլն 800 հազար դրամը` 37 մլն 133 հազար դրամով գերազանցում է 2023 թվականին տրամադրված գումարը: Ավելացումը պայմանավորված է փորձաքննությունների թվաքանակի աճով եւ 3 նոր փորձաքննությունների իրականացմամբ` դատահոգեբուժական, էլեկտրատեխնիկական եւ դատագենետիկական: Նախատեսվում է փոփոխության ենթարկել ՀՀ գլխավոր դատախազության պահուստային ֆոնդը 197 մլն դրամով` կապիտալ հիմնանորոգումների ծախսերի իրականացման նպատակով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հանգամանալի ներկայացրել է 2024 թվականի իրականացվելիք միջոցառումները:
Նշվել է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին կհատկացվի 956 մլն դրամ, որը 477 մլն դրամ պակաս է 2023 թվականի հատկացումից: 4 մլն 693 հազար դրամ կուղղվի կապիտալ ծախսերին, մնացածն ընթացիկ ծախսերն են: Կիրականացվի 1 ծրագիր` 2 միջոցառումով:
«ՀՀ վարչապետին ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով նախատեսվել է շուրջ 956 մլն դրամ: Երկրորդ` «ՀՀ պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացման համար նախատեսվել է 4.7 մլն դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը փաստել է, որ ՔԿ-ի աշխատակազմը կիրականացնի 1 ծրագիր`6 միջոցառումով, որի համար նախատեսվել է հատկացնել 17 մլրդ 462 մլն դրամ, որը 4 մլրդ 478 մլն դրամով ավելի է 2023 թվականի հատկացումից: 257 մլն դրամ կուղղվի կապիտալ ծախսերին, մնացածն ընթացիկ ծախսեր են:
2024 թվականին իրականացվելիք հիմնական ծրագիրը «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրն է, որով պլանավորվում է ծախսել 17.4 մլրդ դրամ, որը 4.5 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից, ինչն էլ պայմանավորված է քննիչների վարձատրության բարձրացմամբ:
Նշվել է, որ բոլոր միջոցառումների իրականացման համար նախատեսվել են հստակ գումարներ: Մասնագետների վերապատրաստման համար նախատեսվել է շուրջ 21 մլն դրամ:
Կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի հայտը բաղկացած է մեկ ծրագրից եւ երկու միջոցառումից: Կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարքության համակարգի զարգացմանը վերաբերող միջոցառումը ներառում է հանձնաժողովին վերապահված բոլոր լիազորությունների իրականացումը: Այս միջոցառման ներքո հանձնաժողովի բյուջետային հայտը կազմել է 412 մլն 826 մլն դրամ, որից 342 մլն 670 հազար դրամը կուղղվի աշխատանքի վարձատրությանը, իսկ մնացածը` կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական ու հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել եւ մանրամասնել է նաեւ ծրագրային մի շարք այլ դրույթներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նշել է, որ Քրեական վարույթների իրականացման եւ օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսվել է 3 մլրդ 695 մլն դրամ, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է շուրջ 11,8 տոկոսով:
«Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննություն» միջոցառման համար նախատեսվել է 3 մլրդ 532,7 մլն դրամ, «Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ» միջոցառման համար` 60,1 մլն դրամ: «Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում» միջոցառման գծով նախատեսվել է 19,8 մլն դրամ: Կոմիտեի նախագահը ներկայացրել է նախորդ 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն դեպքերի բացահայտման ասպարեզում կատարված աշխատանքը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով կառույցին 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է տրամադրել 984 մլն 592 հազար դրամ: ԿԸՀ շենքի կապիտալ վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 463 մլն100 հազար դրամ: 19 մլն 617 հազար դրամ կհատկացվի հանձնաժողովի անդամների մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպմանը:
Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է նաեւ, որ մշակման փուլում է գտնվում ընտրական համակարգի զարգացման ռազմավարությունը:
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: