VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը վերջին զարգացումներից հետո նոր ԱԺ-ում իր ներկայությունն է հաշվարկում։
Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ
Սերժ Սարգսյանի ծրագրում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջոցով «ազգային համաձայնության կառավարություն» ձեւավորել։ Ստեղծված պայմաններում Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ կարող է մաս կազմել կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանը այդ գաղափարին դեմ է, քանի որ այդ դեպքում ԱԺ կանցնեն անվերահսկելի ընդդիմադիր ուժեր, իսկ նոր Սահմանադրությամբ՝ առնվազն 1/3-ը պետք է ընդդիմությունը ներկայացված լինի։ Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը նոր ԱԺ-ում պետք է գլխավորի «Հայկական Վերածնունդ»-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, կառավարությունում մեկնարկած օպտիմալացումների առաջին փուլը պետք է այնպես ավարտեն, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն արտացոլված լինի բյուջեում: Այսինքն՝ կրճատվող հիմնարկներն ու աշխատակազմերը չպետք է ֆինանսավորվեն բյուջեով: Առաջին փուլով նախատեսվում է առնվազն 17 ՊՈԱԿ-ի եւ 5 ԾԻԳ-ի կրճատում: Կրճատումները կշարունակվեն նաեւ մյուս տարի: Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր նախարարությունում, որի ենթակայության տակ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ կան, 20-25 տոկոս կրճատում պետք է անի:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ եւ ԲՀԿ-ի հետ դաշինքով։ 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվում ՀՅԴ-ի եւ
Գագիկ Ծառուկյանի միջեւ եւ «ազգային» այդ ուժը չի բացառում, որ հենց Ծառուկյանի միջոցով կարող է առնվազն չորս պատգամավոր ունենալ ԱԺ-ում եւ դրանից հետո ընթացիկ տարեսկզբին Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «ազգային համաձայնության կառավարության» մաս կազմել Ծառուկյանի նոր ձեւավորվող դաշինքի հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում թույլատրել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը գրավադրել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի Շամբիի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երը: Եվ սա այն դեպքում, երբ 2014-ի հունվարին «Որոտան ՀԷԿ»-ը վաճառվում էր, պատճառաբանվեց, թե ընկերությունը երկրի պետբյուջե լրացուցիչ եկամուտ պետք է բերի: Ի՞նչ օգուտ քաղեց սրանից պետությունը, ո՞րն էր պետական շահը: «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքից առաջացած 180 մլն դոլարն ուղղվելու է ոչ թե ՀՀ պետական բյուջե, այլ ՀԷԿ-ի հաշվեհամարին, քանի որ այսպես ավելի հեշտ է միլիոնները գրպանել: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձան «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան բացահայտ օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել»:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ
Վարդան Հարությունյանը ներկայացրեց ՀՀ մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով, եթե կարճ ձեւակերպելու լինենք, հայտարարվում է հարկային «փոքր» համաներում: Համաներումը վերաբերվում է ժամանակին հարկեր չվճարած եւ դրա հետեւանքով տույժերի եւ տուգանքների ենթարկված 5 խումբ տնտեսվարողների եւ քաղաքացիների: Մասնավորապես սոցիալական վճարները ուշացրած անհատ ձեռներեցներ, 1 տարվա ընթացքում 2 մեքենա վաճառած եւ ԱԱՀ գծով պարտքեր ունեցող քաղաքացիներ եւ այլն: Ըստ առաջարկվող նախագծերի, եթե 3 ամսում մարվեն մայր պարտքերը, ապա հարկերն ուշացրած անձինք կազատվեն տույժերից եւ տուգանքներից: Ըստ հաշվարկների այս գծով կա մոտ 4 միլիարդ դրամի պարտք, որից 2 միլիարդը ընթացքում կուտակված տույժ-տուգանքներն են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խնդրելով, համոզելով, տարբեր զվարճանքի վայրերից ՀՀ ԱԺ պատգամավորներին խորհրդարան բերելով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը վերջապես հաջողվեց քվեարկության դնել «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն անցավ 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նկատենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը գերազանցեց բոլոր սպասելիքները` ստվերում թողնելով իր նախորդների`
Հովիկ Աբրահամյանի եւ
Տիգրան Սարգսյանի կառավարությունների ներկայացրած բյուջեի նախագծերի քվեարկության ցուցանիշները: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի ներկայացրած «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն անցել էր 81 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ, իսկ Հովիկ Աբրահամյանի` «2015 թվականի բյուջեի նախագիծը» խորհրդարանն ընդունել էր 71 կողմ, 46 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Թվերն, իհարկե, խոսուն են, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ նախագծի հաստափոր հատորները օրենսդիրի շատ ներկայացուցիչների կողմից օրեր շարունակ պարզապես անտեսվել են: Չեն էլ կարդացել»: