26.11.2024
ԱԺ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ ցուցակը
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս ակտիվացնել ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը

Ազգային Ժողովում այսօր վերջապես կայացան «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորագրով խորհրդարանական լսումները, որոնք նախատեսվում էր անցկացնել դեռևս ապրիլի 12-ին, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի պատճառով լսումները հետաձգվեցին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր խոսքում հիշեցրեց, որ լսումները պայմանավորված են ՀՀ նախագահի կողմից ներկայացված նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններում հատկապես տնտեսական հարարաբերությունների օրակարգերի ակտիվացմանը, պետական հաստատությունների և դիվանագիտական ծառայությունների առջև բարեկամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում առկա տնտեսական պոտենցիալի հայտնաբերման խնդիրների առաջադրմանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը բազմակողմանի դրական արձագանք է ստացել թե՛ Սփյուռքի, թե՛ պետական կառույցների, թե՛ գործարար ոլորտի կողմից :

Արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերը ակտիվացնելու գործում դիվանագիտական կորպուսի և աշխարհով մեկ սփռված ՀՀ դեսպանությունների ջանքերը ակտիվացնելու կարևորության մասին խոսեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի դիվանագիտական կորպուսն անհամեմատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի արտաքին քաղաքականության տնտեսական բացադրիչի ընդլայնման համար, քանի որ այն տնտեսության զարգացման հրամայականներից է: Մինչդեռ այդ դաշտում եղել են բացթողումներ»,- հայտարարեց նա:
Վարչապետի խոսքով, արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել ՀՀ անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի ինտեգրման գործընթացի ընդլայնմանն ու համագործակցության վստահելի մթնոլորտի ձևավորմանը: Ըստ այդմ էլ՝ դիվանագիտական կորպուսը, նրա խոսքով, պետք է գործուն միջոցառումներ իրականացնի Հայաստանի` որպես գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ իրականացնելու հուսալի գործընկերոջ իմիջի ձևավորման ուղղությամբ, տնտեսական համագործակցության ուղղությամբ:

«Տնտեսվարողների համար դիվանագիտական կորպուսը պետք է լինի հարթակ, որտեղ նրանց կաջակցեն ամենատարբեր հարցերով: Արտաքին քաղաքական դաշտի տնտեսական բաղադրիչի ակտիվացման հետ կապված պետությունը շատ անելիքներ ունի, քանզի եղել են բացթողումներ: Այդ դեպքում, թեև Հայաստանը փոքր շուկա ունի, բայց կկարողանա իր տեղը գտնել»,- հավելեց Կարեն Կարապետյանը՝ հորդորելով այդ գործընթացում ակտիվացնել ջանքերը նաև ՀՀ դեսպանություններին:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յուլիա Բրեզիուսը իր ելույթում անդրադարձավ Հայաստանի մեկուսացմանը տարածաշրջանային հարևանների ջանքերի շնորհիվ: Նրա խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտությունները շարունակում են մեկուսացնել Հայաստանը տնտեսական հնարավորությունների առումով և միայն Վրաստանն ու Իրանն են, որ բաց են Հայաստանի համար: Մատնանշելով, որ տնտեսական աճը դանդաղում է, իսկ արտաքին ներդրումները նվազում, Յուլիա Բրեզիուսը հայտարարեց, որ նման բարդ պայմաններում Հայաստանը նաև հնարավորություններ ունի, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Մասնավորապես, Հայաստանը հնարավորություն ունի մուտք գործելու ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա, ինչպես նաև շարունակում է բանակցությունները ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի շուրջ.

«Եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, ապա նորանոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն Հայաստանի տնտեսության համար, այլև այն կարող է դառնալ օրինակելի մոդել ամբողջ տարածաշրջանի համար: Հայաստանը, մասնավորապես, կարող է դառնալ առաջին պետությունը, որը միաժամանակ ունի սերտ կապեր և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ հետ: Պարտադիր չէ «կամ-կամ» սկզբունքով ընտրության առաջ կանգնել»,- նշեց նա:
Վերադառնալով Իրանին, նա նաև ընդգծեց Հայաստանի համար այդ երկրի հետ լավ հարաբերությունների կարևորությունը , քանզի պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կարևոր գործոն է դարձել տարածաշրջանում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է տնտեսական օգուտներ քաղել որպես տարանցիկ երկիր: