Եկող տարի նախատեսված է իրականացնել 24 մլրդ 572 մլն դրամի ծախսեր՝ 11 ծրագրերի եւ 51 միջոցառումների համար: 2023 թվականին հաստատված ծրագրերի համեմատ աշխատակազմի կողմից իրականացվող ծախսերը 2024 թվականին ավելի են 4,7 մլրդ դրամով: Հիմնական ավելացումները կապված են Պետական արդիականացման ծրագրի իրականացման հետ:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թվականի բյուջետային հայտը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցը վերաբերել է աշխատանքների արդյունավետությանը: Նրա խոսքով բազմաթիվ են դեպքերը, երբ պետական գերատեսչություններ պատգամավորը հարցումներ է ուղարկում եւ պատասխանը ստանում է ամիսներ հետո: Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե նման հետաձգումները կրճատելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում: Ի պատասխան՝ Արմենակ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը պատգամավորների հարցումների պատասխանների ժամկետները 99 տոկոս ճշտությամբ պահպանում է:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Միջազգային դատարաններում, արբիտրաժներում եւ այլ ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների ու որոշումների կատարում բաժնում 1,8 մլրդից 3,8 մլրդ անցում կա: Նա հետաքրքրվել է՝ ինչի՞ հետեւանք է դա եւ ո՞ր տարիների կատարած սխալ վճիռների համար պետք է ՀՀ քաղաքացիներն այս տարի վճարեն մոտ 4 մլրդ դրամ կամ մոտավորապես 10 մլն դոլար:
«Նշված ծրագիրը երկու միջոցառումից է բաղկացած, որի գերակշիռ մասը վերաբերում է ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը: Այս միջոցառման գծով ավելացում ունենք, այսինքն՝ 1,8 մլրդ դրամը վերաբերում է տարբեր միջազգային, արբիտրաժային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանությանը: Այն ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում: Ինչ վերաբերում է վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա այս մասով 2023 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ, ըստ էության, ավելացումը 210 մլն դրամ է»,- պարզաբանել է Արմենակ Խաչատրյանը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի տեղակալն էլ հավելել է, որ ավելացումը եւ բյուջեի գերակշռող մասը վերաբերում են միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը: Նա, մասնավորապես, հիշատակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցերը: