Թովմասյանը Արցախում մշակութային ժառանգության հարցով դիմել է միջազգային գործընկերներին
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ արցախահայության սեփականության իրավունքի, Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարցերի հրատապ կարգավորման անհրաժեշտության մասին վերստին ահազանգել է միջազգային գործընկերներին.
"Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի օկուպացիայից հետո արցախահայությունը զրկված է ոչ միայն իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու, այլև իր անշարժ և շարժական գույքը տնօրինելու, հոգևոր, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու իրավունքներից։
Միջազգային գործընկերներիս խնդրել եմ իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել գործուն քայլեր․
ապահովել արցախահայության սեփականության իրավունքի իրացումը,
հնարավորություն տալ վերջիններիս ազատ և անկաշկանդ տնօրինել իրենց գույքը (անշարժ, շարժական, կենդանիներ),
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատկանող գույքի անօրինական տնօրինման դեպքում պահանջել վնասի փոխհատուցում,
նպաստել մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն Արցախում, որտեղ 10 հազարից ավելի հուշարձաններ կան։
Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ ՄԱԿ միջազգային դիտորդները (որոնց Արցախում տեղակայման անհրաժեշտության մասին գրություններ էի ուղարկել միջազգային գործընկերներիս, իսկ միջազգային մի շարք դերակատարներ էլ հաճախ խոսում են դրա կարևորության մասին) պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:
Վերոնշյալ խնդիրների մասին, ինչպես վերջերս, այնպես էլ նախկինում, բազմիցս բարձրաձայնել եմ միջազգային գործընկերներիս՝ տարբեր ձևաչափերով։ Հույս ունեմ, որ դրանք կստանան իրենց պատշաճ լուծումը, որոնց ուղղությամբ իմ կողմից իրականացվող ամենօրյա ջանքերը կլինեն շարունակական",- գրել է Թովմասյանը։