23.11.2024
Google-ի քարտեզները վկա. Ադրբեջանը իր զորքերը դուրս չի բերի ՀՀ օկուպացված տարածքներից
prev Նախորդ նորություն

ԱԱԾ պաշտոնյան, ում որդին մեծ քանակով թմրանյութ էր տեղափոխել, դեռ պաշտոնավարում է. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեռեւս հունիսին թմրանյութի հետ կապված սկանդալ եղավ՝ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին բարձր պաշտոն զբաղեցնող ԱԱԾ-ականի որդուն, որի մեքենայից հայտնաբերել էին մոտ 240 պարկ թմրանյութ։ Հետո պարզվեց, որ թմրանյութ տեղափոխողն ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, որը գործել էր ընկերոջ՝ Աճարկուտ համայնքի նախկին գյուղապետի որդու հետ։ Չնայած դեպքից հետո լուրեր տարածվեցին, որ Կոստանդյանը նույն օրն ազատվել է աշխատանքից, սակայն պարզվում է՝ նա մինչ օրս նույն պաշտոնին է` չի ազատվել: Նրան ճանաչողներն ասում են՝ «պրոֆեսիոնալ է, օպերատիվ է աշխատում», բայց ԱԱԾ պաշտոնյայի որդու` թմրանյութի սկանդալային պատմությունը պետք է լուրջ պատճառ լիներ՝ հորը համակարգից ազատելու համար։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էր․ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին: Այս պահին Ադրբեջանում դեռեւս 2020-ի պատերազմից մնացած գերիներ կան, տարբեր հաշվարկներով՝ մոտ 80 անձ, իսկ այս սեպտեմբերի 19-ից հետո գերեվարվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լյովա Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: ԱԳՆ-ից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Հայաստանում այս պահին կան ադրբեջանցի ռազմագերիներ, որոնց կարող ենք փոխանակել` Մարիա Զախարովայի առաջարկած բանաձեւով: ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ Հայաստանն ադրբեջանցի ռազմագերի չունի: Այսինքն՝ պատերազմից հետո բոլորին հանձնել են: Իսկ հարցին, թե Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում Ադրբեջանի քանի դատապարտյալ կա, ԱԳՆ-ից չպատասխանեցին` նշելով, որ պետք է դիմել իրավասու մարմնին: Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում ադրբեջանցի 2 ահաբեկիչներ են դատապարտվել, որոնցից մեկը` Հուսեյն Ախունդովը, սպանել էր ԶՊՄԿ պահակին: Չի բացառվում, որ Հայաստանում այս պահին միայն այս 2 ադրբեջանցիները լինեն:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզում միջանցք բացելու թեման, կարծես թե, փակված չէ։ Բանն այն է, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները շարունակում են բարձրաձայնել եւ խոսել այդ միջանցքի մասին՝ յուրաքանչյուր հայտարարության մեջ յուրաքանչյուրը նկատի ունենալով իր մտքինը: Եվ այսպես, Թուրքիան եւ Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում են, թե այս միջանցքը պետք է բացվի։ Օրինակ՝ սեպտեմբերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Ալիեւը հայտարարել էր. «Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»։ Իսկ աշխարհաքաղաքական որեւէ այլ կենտրոն մինչ օրս չի հայտարարել այդ միջանցքի կամ ճանապարհի չլինելու մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե այսպիսով աշխարհում կա կոնսենսուս՝ Հայաստանը պետք է տրամադրի այս միջանցքը Ադրբեջանին, բայց չկա կոնսենսուս՝ ինչ փաստաթղթի հիման վրա պետք է այն լինի եւ ինչ կարգավիճակով:


Արդյոք խոսքը 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի՞ մասին է՝ կնքված Փաշինյանի, Պուտինի ու Ալիեւի միջեւ, որտեղ կա այսպիսի ձեւակերպում. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Արդյոք ճանապարհի վերահսկողությունը պետք է անի հայկակա՞ն կողմը։


Մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ ճանապարհ է տալու, սակայն խուսափում է միջանցք ձեւակերպումից։ Այս առումով Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպումը ճակատագրական է, եւ հենց այնտեղ է որոշվելու, թե որ փաստաթղթի հիման վրա կտրվի միջանցք-ճանապարհը: Բացի այդ, կորոշվի՝ ինչ նոր արհավիրք է սպասվում, եթե հայկական կողմը հրաժարվի որոշում կայացնելուց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես նշել է, թե ճանապարհների ապաշրջափակումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար։ Ամերիկյան կողմը խոսում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը», – սեպտեմբերի 21-ին ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:


Նման հայտարարություններ հաճախ անում է նաեւ եվրոպական կողմը: «ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- երեկ էլ նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մոցելան: Այսպիսով, իրավիճակը ցույց է տալիս, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա այդ միջանցքը, բայց Արեւմուտքը չի ցանկանում, որ դա որեւէ դեպքում լինի ռուսական վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ, պե՛տք է լինի: Թե ինչ գնով եւ ում վերահսկողությամբ, պարզ կդառնա այս ամսվա վերջին Բրյուսելում։ Այսինքն՝ անգամ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել 2021թ. զավթած՝ ՀՀ ճանաչված սահմաններից մոտ 140 քառ. կիլոմետր տարածքները: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարման անկարողության մասին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեղադրանքը կապված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գնման գործընթացի հետ, երբ նա զբաղեցնում էր ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը եւ պատասխանատու էր գնման գործընթացի համար։ Կառավարությունը, ըստ մեղադրանքի, նախարարությանը հատկացրել է 2 միլիարդ 380 մլն դրամ, ապա՝ հավելյալ 270 մլն դրամ՝ տուն-ինտերնատի տարեցներին եւ այլ անապահովներին բնակարաններով ապահովելու համար։ Ենթադրվում է, որ Մաչյանն այս գործընթացում է լիազորությունները չարաշահել։ Նույն գործով որպես մեղադրյալներ անցնում են նաեւ նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, նույն բաժնի նախկին պետ Կարեն Բաբախանյանը, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող նախկին խորհրդական Էդուարդ Ստեփանյանը, «Լեքսհաբ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր եւ տնօրեն Պավել  Թադեւոսյանը եւ վերջինիս մորաքրոջ որդի Գեւորգ Մարկոսյանը, ով մեղադրվում է նախարարության միջոցներից 16 մլն 980 հազար դրամ հափշտակելու մեջ։ Գործը դատարան է մտել 3 օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին։ Սակայն ուշագրավ է, որ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մաչյանը շարունակում է պաշտոնավարել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։ Կոստանյանը հայտարարագիր ներկայացրել է մայիսի 30-ին՝ հայտարարգիր ներկայացնելու ժամկետի ավարտից մեկ օր շուտ։ Անհասկանալի է այն, թե ինչու է հայտարարագրում արտաքին գործերի փոխնախարարը իր իսկ պաշտոնը սխալ գրել։ Հիշեցնենք, որ սա նույն Վահան Կոստանյանն է, որին 2018 թվականի հուլիսի 19-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, ապա՝ ԱԺ նախագահի խորհրդական, եւ թողեց գիտությունը՝ փաստացի խաբելով ՀՀ կառավարությանը:


Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի, եւ եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա։ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանը, սակայն, ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից արդեն հիվանդության պատճառով։ Նշենք, որ Կոստանյանը նույն թվականի մայիսին, իր դիմումի համաձայն, ազատվել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։ Այսինքն՝ Կոստանյանին ասպիրանտուրան պետք էր, որ որեւէ դեպքում բանակում չծառայի, եւ երբ այլ հիմքով դա ստացվեց, ասպիրանտուրան թողեց: Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա նշենք, որ Կոստանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն կարծես Toyota մակնիշի մեքենայի սիրահար է։ Ըստ նրա՝ 2019 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Կոստանյանը Copart ամերիկյան ավտոաճուրդից 1800 դոլարով գնել է Toyota Camry մակնիշի մեքենա, երբ ԱԺ նախագահի օգնական էր։ Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ Կոստանյանը նույն մեքենան գնել է 2018 թվականին։ Այսինքն՝ արտաքին գործերի փոխնախարարը ոչ միայն չի կարողանում սահուն խոսել եւ բովանդակալից նախադասություններ կազմել, այլ նաեւ չի կարողանում ճիշտ լրացնել սեփական եկամուտների մասին հայտարարագիրը եւ մույն մեքենան երկու անգամ արդեն գնել է։


Երբ Կոստանյանն ակտիվ հեղափոխական էր եւ պայքարում էր պարտադիր զինծառայության դեմ, չէր էլ կարող մտածել, որ մի օր իր տարեկան եկամուտները կաճեն՝ 276 հազարից դառնալով տարեկան 7 մլն 739 հազար դրամ, որը միայն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ չհաշված գործուղումների համար ստացված օրապահիկները: Ըստ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 906 հազար դրամ, սակայն 2019 թվականին ներկայացված հայտարարագրում փոխնախարարի ֆինանսական միջոցները կազմել են միայն 300 եվրո։ Այսինքն՝ հեղափոխական իշխանությունները, որոնք նախկիններին մեղադրում էին պետության հաշվին գումարներ եւ ունեցվածք դիզելու համար, այժմ էլ իրենք են նույն գործով զբաղված եւ՝ առավել ինտենսիվ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, եւ վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանեց, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է: Շատ բարի: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պատգամավորի ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի հայտարարագիրը, նկատեց, որ վերջինս 2022թ.-ին 1մլն 729 հազար դրամով Գյումրու համայնքապետարանից հողատարածք է գնել, ընդ որում՝ առձեռն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատգամավորի ամուսինը, առանց վճարվելու աշխատելով ԱԺ-ում (հայտարարագրում էլ նշված է, որ ամուսինը գործազուրկ է եղել մինչեւ կնոջ օգնական նշանակվելը), միաժամանակ Գյումրիում արտոնյալ աճուրդով տարածք է գնել: Հասկանալի է, որ Էմմա Պալյանն է, որ օգտագործելով իր պատգամավորական կապերը, կարողացել է աճուրդի հաղթանակն ապահովել, ինչպես ավանդաբար:


Էմման, իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, թե դա մեծ գումար է. իմ աշխատավարձը նաեւ նրա կուտակած գումարը թույլ է տվել, որ միասնական ուժերով գնենք այդ հողատարածքը: Նա մինչ այդ անհատ ձեռներեց է եղել, ավտոպահեստամասերի խանութ է ունեցել, բայց հետո գործերի անհաջողության պատճառով դադարեցրել է ԱՁ-ի գործունեությունը: Այդ տարիների ընթացքում կարողացել է որոշակի գումար կուտակել, ավելացնեմ նաեւ, որ հողատարածքի գնման ժամանակ իմ ամուսինը գումար է ունեցել նաեւ ավտոմեքենայի վաճառքից. հայտարարագրում էլ դա նշված է»:


Ահա այսպես անհաջող բիզնեսմեն ամուսինը, ըստ Պալյանի, մասնակցել է բաց մրցույթի, հող գնել, եւ ոչ մի կրիմինալ չկա: Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մովսիսյանը, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ. սրա մասին, սակայն, հայտարարագրում նշված չէ: «Հայտարարագիր լրացնելու պահին զբաղվածություն չի ունեցել, չի գրանցել, վերջին երկու ամսում է այնտեղ աշխատում»,-ասաց Պալյանը: Այսպիսով, Պալյանը պարզաբանում է, թե ամուսնուն օգնական է ձեւակերպել, որ ԱԺ դարպասներից դուրս չմրսի, ներսում սպասի իրեն եւ տուն տանի, միաժամանակ նույն ամուսնուն, հասկանալի է, իր կապերով Գյումրիում անտառապետ է տեղավորել: Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ ե՛ւ Գյումրիում աշխատանքի գնում, ե՛ւ Երեւանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու: Իսկապես ֆանտաստիկ, գերմարդկային կարողությունների տեր է Ալբերտը, բայց՝ չստացված անհատ ձեռներեց:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը մամուլին բացատրել էր, թե ինչու է ամուսնուն օգնական նշանակել` ասելով, որ նա հասարակական հիմունքներով է աշխատում, այսինքն` առանց աշխատավարձի: Իսկ նշանակել է, քանի որ Գյումրիում է ապրում, ամուսինն է մեքենայով աշխատանքի բերում-տանում, օգնականի կարգավիճակը թույլ է տալիս նրան՝ մտնել ԱԺ տարածք եւ իրեն սպասել աշխատասենյակում։ Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ Էմմա Պալյանն ԱԺ-ից ստանում է մարզային պատգամավորներին հասանելիք ամսական 100 հազար դրամը, որը Երեւանում բնակարանի վարձակալության համար է նախատեսված։ Այսինքն՝ Պալյանի ամուսինը կնոջը Գյումրի հասցնելու անհրաժեշտություն չունի, նրանք պետք է Երեւանում բնակություն հաստատած լինեն։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ պատգամավորները չգիտեն, թե օրենքն իրենց ինչու է օգնականների հաստիք տրամադրել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի պաշտոնյաները, ավելի ճիշտ՝ ՔՊ-ականները, սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ փաստացի չհիմնավորելով, թե ինչու: Սա Նիկոլ Փաշինյանի քննադատած «պադավատապետությունն» է: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային Ժողով՝ պարզելու, թե վերջին մեկ տարում (01/09/2022-31/08/2023) որքան բենզին են ծախսել ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաները: Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել որքան բենզին են ծախսել եւ ինչ անհրաժեշտությամբ: Պատասխան, իհարկե, ստացել ենք, սակայն դրանից ենթադրվում է, որ Աժ-ում խմբակ է գործում, որը պետության միջոցները մսխելու գործընթացը քողարկում է: Մեր ստացած պատասխանից բխում է, որ այդ խմբի կարկառուն ներկայացուցիչներից կարող են լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւ պատասխանը ստորագրած Լաուրա Անտոնյանը: Եւ այսպես, ըստ ԱԺ պաշտոնական պատասխանի՝ ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Խանդանյանին սպասարկող ծառայողական մեքենային ի սկզբանե հատկացված է եղել 3600 լիտր բենզին, սակայն հետագայում հավելյալ 170 լիտր էլ տրամադրվել է:


Թե ինչու է հավելյալ բենզինի կարիք ունեցել Խանդանյանին (նրանից առաջ՝ Էդուարդ Աղաջանյանին) սպասարկող մեքենան, ԱԺ պաշտոնական պատասխանում չկա: Ուսումնասիրելով նրանց գործունեությունը՝ պետք է ասել, որ նրանք գրեթե չեն եղել մարզերում, լավագույն դեպքում ԱԺ-ում ընդունել են միջազգային ներկայացուցիչների: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հետ չի մնացել իշխանավոր ընկերներից, եւ իրեն սպասարկող մեքենային հատկացված 3600 լիտրին եւս 290 լիտր բենզին ավելացնելու կարիք է եղել մեկ տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ սա նույն Անդրանիկ Քոչարյանն է, որը նաեւ օպերատիվ արտոնյալ համարանիշներով է շրջում, անցնում է կարմիր լույսի տակով եւ չի տուգանվում: Նա ամենաանպատիժ պաշտոնյաներից է դեռ:


Հավելյալ բենզինի կարիք է ունեցել նաեւ Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը (100լիտր), Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը (80լիտր), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (70 լիտր) եւ Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Թունյանը (60 լիտր): Նկատենք, որ թվարկված պաշտոնյաների շարժը ավելի շատ ԱԺ-ի մի սենյակից մյուսն է, առանց ավտոմեքենայի, քան խորհրդարանից դուրս աշխատանքային հանդիպումները, նիստերն ու քննարկումները, որոնք պատճառաբանել է ԱԺ-ն պաշտոնապես՝ իբրեւ հավելյալ բենզին պահանջելու անհրաժեշտություն:


Ավելին՝ պաշտոնյաները շատ են լինում արտերկրում, ու այդ ժամանակ ծառայողական ավտոմեքենաները չպետք է ոչինչ ծախսեն: Օրինակ՝ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը ավելի շատ այլ երկրներում են միասին, քան ԱԺ-ում: Սկանդալային Վլադիմիր Վարդանյանն էլ ԱԺ աշխատանքից դուրս միայն դատարանից դատարան է գնում. մարզերում կամ ԱԺ-ից հեռու շատ բենզին ծախսելու պատճառ դժվար է նրա դեպքում գտնել: Նույնը մյուս հանձնաժողովների նախագահների դեպքում է: Դժվար չէ ենթադրել, որ թվարկվածները եւ մյուսները պետական ծառայողական ավտոմեքենան ծառայեցնում են անձնական նպատակների, իրենց ընտանիքի անդամների տեղափոխության համար, դրա համար էլ չի բավականացնում սահմանված բենզինը: Համեմատության համար նշենք, որ Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Հայաստանում շարունակում է զարգանալ Նիկոլ Փաշինյանի ճամարտակած «պադավատապետությունը», այն Նիկոլ Փաշինյանի, որը իշխանության գալու առաջին մի քանի օրերին հեծանիվ էր վարում:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական արտադրության, այսպես կոչված, «էլիտար» կամ «պրեմիում դասի» ալկոհոլային խմիչքների շուկայում նորեկներից մեկը դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը: Խոսքը «Նալբանդյան» օղիների մասին է: Հաշվի առնելով խմիչքի անունը և այն, որ Հայաստանում պատահականություններ, որպես կանոն, չեն լինում, «Փաստ» թերթը փորձեց հասկանալ, թե նշյալ օղիներն ինչ կապ ունեն գործարար Նարեկ Նալբանդյանի հետ: Պարզվեց՝ մեր կասկածներում չէինք սխալվել, և ամենաուղիղ կապն ունեն. հենց նրան է պատկանում այդ խմիչքն արտադրող ձեռնարկությունը, որը գտնվում է Չարենցավան քաղաքում: Ստացվում է՝ գործող իշխանությունների «սրտի գործարարը», որը բազմաթիվ բիզնեսներ և գործարաններ ունի, հիմա էլ անցել է օղու արտադրության: