Ֆրանսիան նախատեսում է պաշտպանական զենք վաճառել Հայաստանին
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարել է Հայաստանին պաշտպանական զենք վաճառելու ծրագրերի մասին։ Նա չի հստակեցրել, թե դա ինչ տեսակի զենք է, սակայն նշել է, որ այն կօգտագործվի Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար, գրում է «Կոմերսանտը»։
«Երկրի ղեկավարը հստակ սահմանել է, որ մեր օրակարգը պաշտպանական զենքի վաճառքն է, քանի որ մեր քննարկումները Հայաստանի հետ հենց դրա շուրջ են։ Սրանից ավելին չեմ ասի, բայց զենքի որոշ տեսակներ կարող են առաջին հերթին ծառայել կյանքի պաշտպանությանն ու Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- Սենատում պաշտպանության բյուջեի քննարկման ժամանակ ասել է նախարարը։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հավելել է նաեւ, որ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ կքննարկի ռազմական ոլորտում համագործակցության հարցեր։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն ավելի վաղ ասել է, որ ՀՀ-ն նոր ռազմական գործընկերոջ կարիք ունի։ Հոկտեմբերի սկզբին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի պաշտպանական կարողություններին։ Բացի այդ, Ֆրանսիան համաձայնել է 1 մլն եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին օգնելու համար։
Հայաստանի նախագահը հիմնական նպատակն անվանել է «պաշտպանվել և կասեցնել Ադրբեջանի հավակնությունները»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքով՝ Ֆրանսիայի կողմից զենքի փոխանցումը Հայաստան «մոտեցում է, որը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր առճակատմանը»։