26.11.2024
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Փոխնախարար. Իրավիճակը Վանաձորում տուպիկային է, բայց անլուծելի իրավիճակ չկա

Ոչ մի կատակլիզմ չկա, կարելի է շարունակել աշխատել՝ մինչ քաղաքական գործընթացն իր հանգուցալուծումը կստանա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, արձագանքելով պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի` Վանաձորում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարց-դիտարկմանը:

Նշենք, պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք խորհրդարանում քննարկվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում հաշվի են առել Վանաձորում ստեղծված վիճակը, որտեղ ավագանին բոյկոտել է ու չի կարողանում նիստեր գումարել:

«Հաշվի առել եք, թե ի՞նչ պիտի լինի, երբ համամասնական մոդելը ենթադրում է, որ եթե մի ուժ չունի մեծամասնություն, չի ունենա նաև քաղաքապետ»,- հետաքրքրվեց նա:
Փոխնախարարը արձագանքեց, թե իրավիճակը իրոք տուպիկային է, որտեղ բացակայում է կոնսենսուսը, սակայն վաղը կարող է և լինել, քանզի «անլուծելի իրավիճակ չկա»:

Մարուքյանն արձագանքեց, որ կոնֆլիկտ Վանաձորում չկա, բոլորն իրար հարգում են, սակայն առկա է բոյկոտելու գործընթաց:

«Օրենքն ասում է, որ եթե նիստեր չեն կարողանում գումարել, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունները»,-ասաց նա:

Վաչե Տերտերյանն կրկնեց` չգիտի, թե որքան կտևի այդ իրավիճակը, իսկ օրենքով, եթե քաղաքապետը չի հրավիրում ավագանու նիստեր 6 ամիս, ապա ավագանին իրավասու է անվստահության հարց դնել: Պարզվեց, որ փոխնախարարը օրենքի այդ դրույթին իրականում չէր տիրապետում և Մարուքյանը ստիպված տեղից նրան ուղղեց` ոչ թե 6, այլ 3 ամիս է ժամկետը:

«Եթե 3 ամիս է, ապա այդ ժամկետն էլ չի լրացել, ուստի անհանգստանալու տեղ չկա»,- եղավ Տերտերյանի պատասխանը:

Հիշեցնենք, Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ավագանի ընտրված երեկ ուժերը` ԲՀԿ-ն, Լուսավոր Հայաստանն ու Հայկական վերածնունդը բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի արդյունքում դրանք տեղի չեն ունենում` քվորում չապահովվելու հետևանքով: Բոյկոտող ուժերը պնդում են, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ապօրինի է այդ պաշտոնը ստանձնել, քանի որ ՀՀԿ-ն չուներ մեծամասնություն և միայն ճնշումների արդյունքում կարողացավ լրացնել պակասող ձայները: Ի դեպ, մինչ այս պահը հայտնի չէ, թե ովքեր էին անհրաժեշտ ձայները լրացնողները` նրանք մինչ օր չեն բացահայտել իրենց: Բոյկոտը շարունակվում է: