Մոսկվան պատրաստ է Երևանի և Բաքվի միջև բանակցություններ կազմակերպել. Պուտին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Արեւմուտքի ակտիվության հերթական օրինակն է ռազմավարական կարեւորագույն տարածաշրջաններում, որոնք հեռու են, բայց մեզ շատ մոտ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում։
«Երեկ մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մանրամասն քննարկել ենք ղարաբաղյան ճգնաժամը։ Ինչպես գիտեք, վերջին երեք տարիների ընթացքում ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիան կանխելու համար։ Մեր օգնությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով ծանր աշխատանք է տարվել երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և ռուս խաղաղապահները բարեխղճորեն իրականացրել են իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ այն լիազորությունները, որոնք նրանք ունեին։ Օրակարգը խաղաղության պայմանագիր պատրաստելն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտության, և ռուսական կողմը, անշուշտ, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները։ Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով, բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների միջև։ Եվ, իհարկե, մենք կօգնենք ապահովել, որ այս բանակցությունները նպաստեն խաղաղության պայմանագիր ունենալուն, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ մնում է համապատասխան կողմի վրա։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»,- ասել է Պուտինը։
Անդրադառնալով Ալիևի հետ իր հանդիպմանը՝ նա նաև հավելել է, որ վերոնշյալ հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաև հաղորդակցության հարցեր։
«Երեկ ես և Ադրբեջանի նախագահը մանրամասն խոսեցինք մեր ծրագրերի մասին, այդ թվում՝ երկաթուղային ցանցի և ճանապարհների զարգացման մասին։ Այս ամենն ունի լուրջ նշանակություն և ոչ միայն տարածաշրջանային, այլ միջազգային առումով՝ բառիս բուն իմաստով, և անշուշտ կնպաստի ամբողջ տնտեսության զարգացմանը»,- նշել է նա։