Երևանում կառավարման նոր մոդել է փորձարկվելու. Փաշինյան
Շատ կարևոր է արձանագրել, որ ավագանու ընտրության արդյունքներով ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է, ըստ էության, հիմա փորձարկվելու և մայրաքաղաքի կառավարումն իրականացնելու են գործադիր հատվածում երկու ուժեր՝ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակացությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պատասխանատու առիթով շնորհավորում եմ նաև «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն եմ մաղթում։ Սա, իսկապես, կառավարման նոր կուլտուրա, մշակույթ պետք է բերի, և հույս ունեմ, որ այս մոդելն, իսկապես, կարդարացնի իրեն»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանը, ըստ օրենսդրության, կառավարվում է ամբողջ ավագանու կողմից. «Պետք է արձանագրել, որ ընտրությունները՝ ընտրություն, բայց Երևանի ավագանու կամ քաղաքապետարանի աշխատանքին հետևելիս մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանալու լսել և տեսնել՝ ինչքանո՞վ են իրենց ձայներով ընտրված ուժերը նվիրված Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը։ Համոզված եմ, որ այս ճանապարհին մենք, իսկապես, կլինենք հետևողական։
2018 թվականին մեր քաղաքական թիմը Երևանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելով՝ էական փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում, և ես համոզված եմ, որ այս ընթացքում այդ փոփոխությունները տեսանելի ու ավելի շոշափելի կլինեն։ Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունը ինչպես եղել, այնդպես էլ շարունակելու է լինել Երևանի քաղաքապետի , ավագանու կողքին՝ հանուն Երևանի և երևանցու»,- հայտարարեց վարչապետը: