27.11.2024
Բաքվի հերթական ֆարսը. Վագիֆ Խատատրյանի դատը մեկնարկել է
prev Նախորդ նորություն

Երևանի նորընտիր քաղաքապետը խոստացավ հարմարավետ քաղաք ստեղծել

Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետարանում երդման արարողությունից հետո հանդես եկավ ելույթով:


Նա, մասնավորապես, նշեց. «Անասելի մեծ է մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվությունը: Ամենօրյա աշխատանքով պետք է հոգալ մեկ մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքի մասին, որի խնդիրները բազմազան են, որոշ դեպքերում հրատապ եւ անհետաձգելի, երբեմն նաեւ երկարաժամկետ լուծում պահանջող:


Ընդունելով այս լանջաշղթան ընդունում եմ Երեւանի նախկին եւ ներկա դժվարություններն ու մարտահրավերները, գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ պատվի եւ պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ:


Շնորհակալ եմ նաեւ ինձ վստահելու համար: Ի պատասխան վստահեցնում եմ, որ անելու եմ հնարավորն ու անհնարինը, որ Երեւանը լինի մարդկանց համար հարմարավետ քաղաք, որ երեւանցին իր խնդիրներով ու ցանկություններով կիսվի մեզ մետ՝ համոզված լինելով, որ բարձրաձայնված խնդիրները կլուծվեն հիմքում դնելով հանրային շահը որպես սկզբունք:


Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երեւանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ մեր քաղաքը՝ պահպանելով իր յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի եւ էլ ավելի կգեղեցկանա:


Բարեփոխումների մեր ծրագիրը նախատեսում է Երեւան քաղաքի համաչափ զարգացում, երբ հավասար հնարավորություններ կստեղծվեն բոլոր վարչական շրջանների բնակիչների համար, եւ վերջիններս մարդկային կապիտալի զարգացման ենթակառուցվածքների, հետաքրքիր ժամանց ունենալու եւ ծառայություններից պատշաճ օգտվելու հնարավորություն կունենան հավասարապես:


Քաղաքը հարմարավետ կլինի բոլոր երեւանցիների համար՝ տարեցների, երեխաների, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ քաղաքի հյուրերի եւ զբոսաշրջիկներից համար:


Քաղաքապետարանի ծառայությունները բարելավելու նպատակով մենք հաշվի ենք առնում քաղաքացիների բողոքները, նկատառումները, ինչպես նաեւ խրախուսում ենք մասնակցայնության բարձրացումը, որով մեր քաղաքը կնմանվի մեր՝ երեւանցիներիս պատկերացրած երազանքների քաղաքին:


Մեր հանձնառությունն է, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնենք՝ քաղաքը դարձնելով առավել հարմար եւ հասանելի:


Թվում է՝ սրանք մանր խնդիրներ են, սակայն քաղաքում չկա մանր խնդիր, որովհետեւ հատկապես մանրուքներն են խաթարում մեր առօրյան: Հետեւապես այս խնդիրների համապարփակ լուծումը կստեղծի միջավայր, որտեղ բոլորս կցանկանանք ապրել ու արարել: Քաղաքապետը պետք է հոգ տանի իր բնակիչների համար, որովհետեւ Երեւանը մարդիկ են, որոնք ապրում են մեր քաղաքում եւ բախվում են այն բոլոր խնդիրներին, որոնց մենք բոլորս էլ բախվում ենք: Անվասայլակով կամ մակնասայլակով չհարմարեցված մայթերով շրջող մարդիկ են, աշխատանքից կամ դասից ուշացող, այսքան բարեփոխումից հետո դեռեւս կանգառում ավտոբուսին երկար սպասող եւ արդարացի դժգոհ երեւանցիները:


Քաղաքն անհատի հոգսերով չպետք է ծանրաբեռնի իր քաղաքացուն; Երեւանցին իր ազատ ժամանակը պետք է անցկացնի քաղաքի անբաժան մասը դարձած մշակութային միջոցառումներին մասնակցելով, իսկ մենք կանենք ամեն ինչ, որ բարձրարժեք արվեստը գտնի երեւանցուն:


Երեւանում շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի իրեն շրջապատող միջավայրի հետ, Երեւանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, իսկ քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունք պահպանելով՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ:


Կարող եմ փաստել, որ արդեն քայլեր են արվել առողջ ապրելակերպի խրախուսման, օդի աղտոտվածության նվազեցման, առողջապահական հաստատությունների բարեկարգման, կանաչ գոտիների ավելացման, հանրային տրանսպորտի բարեփոխման եւ մի շարք այլ ուղղություններով, եւ մենք շարունակելու ենք առաջ տանել մեր որդեգրած քաղաքականությունը:


Բացի այդ, հարմարավետ միջավայր ստեղծելուն միտված հետեւողական քայլերը չեն կարող չենթադրել նաեւ անվտանգ քաղաք ունենալու կարեւորությունը: Մենք շարունակաբար փոխարինելու ենք հին վերալակները, նորացնելու ենք տրանսպորտային համակարգը,. բարեկարգելու ենք ապաստարանները, կառուցելու ենք բարձր սեյսմակայունություն ունեցող նոր բնակելի թաղամասեր, մանկապարտեզներ, բուժհաստատություններ, մշակութային կենտրոններ:


Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երեւանը դառնա մարդկանց համար քաղաք, հարմարավետ քաղաք, քաղաք, որտեղ երեւանցու ցանկություններն ու պահանջները առաջնահերթ են, ուստի մեր հազարամյա քաղաքի անձնագիր հանդիսացող սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել եւ ծառայելու եմ Երեւանին եւ երեւանցուն, քանի որ Երեւանն առաջին հերթին մարդիկ են»: