VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների եւ Արցախի վտարանդի իշխանությունների միջեւ խուլ հակամարտությունը կարող է պայթյունի հանգեցնել՝ աշխատավարձերի չվճարման հողի վրա: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի անցկացրած խորհրդակցության մասին մեր հրապարակումներից հետո Փաշինյանը որոշել է պատժել արցախցիներին եւ չվճարել պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը, չնայած որոշված էր, որ մինչեւ հունվարի 1-ը ստանալու են։ Արդեն մի քանի օր է` իշխանական ԶԼՄ-ները եւ ֆեյքերն արշավ են սկսել Արցախի իշխանությունների դեմ, թե նրանք թալանել են բյուջեն, փող չկա, այդ պատճառով արցախցիներն աշխատավարձ չեն ստանում։ Այս գրոհն այնքան հուժկու էր, որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, թե Արցախի պետբյուջեում դեռ կա շուրջ 3,1 միլիարդ դրամի մնացորդ, որը սառեցված է: Սառեցրել է ՀՀ կառավարությունը։ Շտաբից մանրակրկիտ հաշվետվություն ներկայացրին վերջին ռազմական գործողություններից հետո բյուջեից կատարված շուրջ 463 միլիոն դրամ ծախսի վերաբերյալ։ Իսկ ԱՀ պաշտոնատար անձինք հրապարակային հայտարարել են, որ կառավարությունը թեպետ ԱՀ բյուջեն հաստատում է, սակայն փոխանցումները կատարվում են ամսական կտրվածքով։ Ստացվում է՝ սեպտեմբերի բյուջեն փոխանցել են, ապա՝ սառեցրել: Իսկ ԱՀ կառավարության մեր աղբյուրի հաշվարկով` աշխատավարձի ամսական ֆոնդը 4-4.1 մլրդ դրամ է կազմում»:
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում անհամբեր սպասում են, թե ով է զբաղեցնելու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչից պարզ կդառնա Փաշինյան-Ավինյան փոխհարաբերությունների էությունը, եւ թե Փաշինյանն ում է տեսնում Ավինյանի ֆորսմաժորային փոխարինողի դերում։ Բանն այն է, որ քաղաքապետի 5 տեղակալներից միայն առաջին տեղակալը կարող է պահել ավագանու մանդատը, մյուսները պետք է հրաժարվեն` կորցնելով նաեւ հետագայում քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին, ըստ որոշ լուրերի, գործուղել են քաղաքապետարան՝ ոչ միայն Ավինյանին վերահսկելու, այլեւ հարկ եղած դեպքում փոխարինելու համար։ Ճիշտ է` ՔՊ-ն հերքում է այս լուրերը, բայց եթե առաջիկայում Փամբուխչյանն առաջին տեղակալ նշանակվի, ապա կհաստատվի այս վարկածը: Մեզ ասացին, որ Ավինյանը դիմադրում է սրան եւ ամեն ինչ անում է, որ նշանակվի իր մտերիմ Լեւոն Հովհաննիսյանը։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» էլ է հավակնում առաջին տեղակալի պաշտոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ է, վերջին շրջանում «երես է թեքել» իր թիմակիցներից, չի շփվում նրանց հետ: Անգամ երբեմնի իր մտերիմների համար Պապիկյանին գտնելն ու նրա հետ կապի դուրս գալը լուրջ խնդիր է դարձել, իսկ ՔՊ-ականների մի մասի հետ էլ առհասարակ չի շփվում: Վերջինս կուսակցական քննարկումներին անհաղորդ է, չի մասնակցում դրանց, անգամ սահմանային լարված իրավիճակներում, երբ ինչ-որ բան է պետք լինում ճշտել, թիմակիցներին չի հաջողվում Պապիկյանից իմանալ, շատ դեպքերում միջնորդներ են խառնում, որպեսզի նրա հետ կապի դուրս գան: Ինչպես մեր աղբյուրներն են պատմում, անգամ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրություններից երկու օր առաջ կայացած ՔՊ-ի աղմկոտ հանրահավաքին Պապիկյանին մի կերպ են համոզել, որ գա ու մասնակցի: Իշխանականները տարօրինակ են համարում Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս ՔՊ-ում այն քչերից է եղել, որը բոլորի հետ լեզու է գտել ու թիմում առկա տարաձայնությունները հարթել է: Սուրեն Պապիկյանը ՔՊ-ում մշտապես Փաշինյանի սիրելիներից է համարվել, բայց հիմա Պապիկյանն այլ է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որեւէ պատասխան չի եղել։ Վերջինիս պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ Ալբերտ Բազեյանի նկատմամբ այս պատժամիջոցների՝ մենախցում պահելու, արտաքին աշխարհի հետ կապը կտրելու դրսեւորումների մասով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, ու մինչ օրս արձագանք չկա։ Նշենք, որ Ալբերտ Բազեյանն ԱԱԾ-ում ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ըստ ԱԱԾ-ի՝ «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում խորհրդարանում կսկսվեն բյուջեի նախագծի շուրջ քննարկումները, երբ խորհրդարան կգան կառավարության բոլոր անդամները։ Մինչ այս տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այս անգամ եւս որոշել է որպես նշաձող սահմանել 7 տոկոս տնտեսական աճը։ Ամեն դեպքում, այդպես է ամրագրված Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Նաեւ նրա ուղերձում ընդգծվում է, որ մեծ թվով սպառնալիքներ եւ խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարել։ Հավելենք, որ նախնական նախագծում կար հատկացում նաեւ Արցախին 144 մլրդ դրամի չափով։
«Փաստ» օրաթերթը գրում է. Պարբերաբար հաղորդվում է, որ աշխարհի տարբեր երկրներ, տարբեր միջազգային կառույցներ որոշակի գումարներ են հատկացրել ու հատկացնում՝ բռնի տեղահանված արցախցիներին օգնելու նպատակով: Որքա՞ն է հատկացվել արդեն ընդհանուր առմամբ, և ովքե՞ր, ի՞նչ պետական կառույցներ են տնօրինում այդ գումարները, ինչպե՞ս: Առհասարակ, ո՞ր պետական մարմինն է կենտրոնացված զբաղվում Արցախի մեր բռնագաղթած հայրենակիցների բնակարանային, կենցաղային, սոցիալական, աշխատանքային, առողջապահական, կրթական խնդիրների կարգավորմամբ: Կա՞ նման մարմին: Միայն թե չասեք՝ կառավարությունը: Այսինքն՝ ընդհանուր առմա՞մբ: Պարզ է, չէ՞, որ նման համընդգրկուն աղետը գոնե ինչ-որ չափով մեղմելու նպատակով պետք է առանձնացվի (արդեն պիտի առանձնացված լիներ) պետական կոնկրետ գերատեսչություն:
Օրինակ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որի կայքում, ի դեպ, վերջին «նորությունը» հրապարակվել է օգոստոսի 31-ին: Կարող եք ասել, որ դրանով զբաղվում են տարբեր նախարարություններ, մարզպետարանները, համայնքապետարանները: Սակայն ցրված պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության, ինչի արդյունքներն արդեն տեսնում ենք: Կոնկրետ պատասխանատու մարմին է պետք, որ համակարգի այդ ամբողջ աշխատանքները: Բացի օտար երկրներից ու միջազգային կառույցներից, կան բազմաթիվ անհատներ, որոնք, ըստ իրենց կարողության, ձգտում են օգտակար լինել: Պե՞տք է համակարգել Արցախից բռնագաղթածներին ցուցաբերվող օգնությունը: Իհարկե պետք է: Կամ՝ ինչպե՞ս է լինում, որ Արցախից բռնագաղթած ընտանիքները բախվում են երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու խնդիր հետ:
Լավ, այդքան դժվա՞ր էր ձևավորել մի կոնկրետ կառույց, ասենք՝ բռնագաղթածների աջակցության և օգնության համակարգման ժամանակավոր կենտրոն կամ նման մի բան, որը թույլ կտար ամբողջ տեղեկատվությունը կենտրոնացնել մեկ տեղում, արագ գնահատել մարդկանց սոցիալական, կրթական, առողջապահական կարիքները: Ի դեպ, մանկապարտեզների մասին. Մեծ հաշվով, մարդիկ, մահվան և կոտորածի սպառնալիքի տակ, ամբողջ քաղաքով, գյուղով, շենով, թողել են ամեն ինչ և եկել: Բայց դաստիարակները, երեխաները կան: Խնդիրը շենքային պայմաններն են: Էհ, աշխարհում ամենակատաղի շինարարության երկրում՝ Հայաստանում այդքան բա՞րդ բան էր տարածքներով (ժամանակավոր) ապահովելը: Առհասարակ, որևէ մեկը դրա մասին մտածե՞լ է: Չէ, լուրջ, ո՞ւր է պետությունը: Թե՞ միանգամյա դրամական օգնությունները տվեցին ու՝ վե՞րջ, համարեցին իրենց գործն ավարտա՞ծ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ից չարաշահումների դեպքերով ընկել է բանակին ապրանք մատակարարող ընկերությունների տնօրենների հետեւից, ու առաջին կալանավորումն է օրերս եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Մոսեսքո» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։ Օրերս կոմիտեն հայտնեց, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի եւ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք եւ օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռք բերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով եւ ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ, ինչը, հետագայում պարզվել է, չի մատակարարվել, իսկ գումարները վճարվել են։
Ի դեպ, դեռեւս տարիներ առաջ մամուլը գրեց, որ ՊՆ-ի հետ առավել խոշոր պայմանագրեր են կնքել, օրինակ, «Ֆլեշ», «Էլիտ կապիտալ», «Ավանգարդ» ՍՊԸ-ները, «Արպ անիվ» ՍՊԸ-ն, «Մոսեսկո» ՍՊԸ-ն, եւ գնումների ավելի քան 40 տոկոսը նրանց մեջ է բաշխվում, այսինքն՝ մնացած ընկերությունները հաղթում են, բայց մրցույթի արդյունքում գեներացնում են շատ փոքր տորթի կտորներ: Այս ընկերություններն ուսումնասիրելիս արձանագրվել են, որ դրանք չունեն կայք, եւ թերհայտարարագրման ռիսկեր կան: Այս ընկերությունները հաղթում են 2015-ից ի վեր: Նրանք կարծես թիրախավորված են միայն ՊՆ-ի մատակարարումներով: Կասկածներ կան, որ գործ ունեն միջնորդավորված գնումների կամ ոչ պատշաճ ընթացակարգերի հետ: Դատելով իրավիճակից՝ առաջիկայում մի շարք ընկերությունների տնօրեններ կհայտնվեն ճաղերի հետեւում։