Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այժմ առավել քան երբևէ ունի Եվրոպական Միության աջակցության կարիքը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ԵՄ-ի թե ֆինանսական, թե քաղաքական աջակցության կարիքը՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է պատրաստ Եվրամիությունն անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Կալյուրանդը նշում է, որ դա հարցադրում է, որ պետք է ուղղվի Հայաստանի ղեկավարությանը, շատ որոշումներ հենց Հայաստանը պետք է կայացնի։
ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր քայլն արել է, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Նա հավելել է, որ հերթը Եվրոպական հանձնաժողովինն է, որից ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր։
Մարինա Կալյուրանդն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև․
-Տիկին Կալյուրանդ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու արևմտյան ջանքերը որքանո՞վ են արդար և կառուցողական՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում արցախահայությունը բոլորովին անտեսված ու լքված մնաց Արևմուտքի կողմից։
-Ես չեմ կարող խոսել ամբողջ Արեւմուտքի անունից, կարող եմ խոսել Եվրախորհրդարանի, իմ պատվիրակության անունից և, հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսնում եմ, ԵՄ-ի անունից: Այո, ես նախկինում բազմիցս լսել եմ, որ ԵՄ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղին և հայերի վերաբերյալ իրավիճակին՝ նաեւ 2020 թվականի պատերազմից հետո: Բայց կցանկանայի ասել, որ ԵՄ-ն մեծ դեր է խաղացել միջնորդության հարցում: Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումները միջնորդական ջանքերով են տեղի ունեցել։ Բրյուսելում անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջնորդական աշխատանքներ տեղի ունեցան՝ նպատակը հոկտեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հնարավոր հանդիպման համար հող նախապատրաստելն էր։
Մենք Հայաստանում դիտորդական առաքելություն ունենք, որն, այո, այնտեղ է անցյալ տարվա դեկտեմբերից, եւ ադրբեջանական կողմը չի ճանաչում, բայց առաքելությունը կա։ Այն փորձում է կատարել իր հիմնական խնդիրը, փորձում է անել գլխավորը՝ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը, լինել խաղաղության ու անվտանգության երաշխիք։ Բայց, իհարկե, հեշտ չի կարող լինել, եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք չունեն։ Միջնորդությունները կարող են անվերջ շարունակվել, եթե չկա քաղաքական կամք՝ կնքելու երկարատև խաղաղության համաձայնագիր՝ խաղաղության և անվտանգության երաշխավորման դրույթներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների վրա կենտրոնանալով։ Առանց այդ երաշխիքների ես պարզապես չեմ պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է վստահ լինել, որ իրենց կհարգեն, և իրենց իրավունքները պաշտպանված կլինեն։
-Վերջերս ձեր տված հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Հայաստանում իշխանությունները փորձում են մերձենալ Արևմուտքի հետ, ուստի Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանի իշխանություններին։ Կարո՞ղ է Եվրամիությունը կամ ընդհանրապես Արևմուտքը Հայաստանին անվտանգության իրական երաշխիքներ տալ՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացնում է Թուրքիան, իսկ նրա կեցվածքն ու հարաբերությունները Ադրբեջանի հետ հայտնի են բոլորին։
-Դժվար հարց է։ Ինչ վերաբերում է օգնությանը, այո, ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ավելի շատ ԵՄ աջակցության կարիքն ունի, քան երբևէ, այդ թվում՝ քաղաքական, այդ թվում՝ ֆինանսական՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։ Եվ ես իսկապես ուրախ եմ, որ ԵՄ-ն արդեն աջակցում է՝ առաջին որոշումը կայացված է, միջոցներ են հատկացվում փախստականների հետ կապված իրավիճակին օգնելու համար։ Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա դա ավելի շատ հարցադրում է հենց Հայաստանի համար: Հայաստանն այսօր ՀԱՊԿ անդամ է։ Թեև ձեր վարչապետը շատ քննադատաբար է վերաբերվել այն դերին, որ Ռուսաստանը խաղացել է, կամ ավելի շուտ կասեի, որ չի խաղացել տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՝ չմիջամտելով Ադրբեջանի վերջին հարձակումների ժամանակ։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ինձ համար դա շատ հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին ձախողվել է։ Եվ հիմա հարցը Հայաստանի իշխանություններին ու պաշտոնյաներին է՝ ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Ես շատ ուշադիր լսում եմ, թե ինչ է ասում ձեր վարչապետը ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման մասին։ Ես շատ ուշադիր հետևում էի ձեր զինվորականների վարժանքներին ամերիկացիների, Կանզասի ազգային գվարդիայի հետ: Կարծում եմ՝ սրանք այն քայլերն են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը ցանկանում է անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ունենալ նաև արևմտյան տերությունների հետ։ Բայց, ինչպես ասացի, շատ որոշումներ Հայաստանը պետք է կայացնի։
-Եկեք անկեղծ լինենք, անշուշտ ռուս խաղաղապահների արածը բավարար չէ։ Եվ հարցը դա չէ․․․
-Թույլ տվեք ընդհատեմ ձեզ: Հարցն այն չէ, թե ռուսների խաղաղապահությունը բավարա՞ր է։ Ռուսական խաղաղապահությունն ամբողջությամբ ձախողվել է, և քանի դեռ Հայաստանը շարունակում է համագործակցությունը ռուսական անվտանգության ուժերի հետ՝ ռուսական բանակի, ռուսական ԱԱԾ-ի, ռուս սահմանապահների հետ, ես պարզապես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ։
-Լավ, բայց ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում Եվրամիությունը բացի խիստ և շատ մտահոգված լինելուց։ Համամարդկային արժեքների ու իրավունքների ոտնահարում, սանձարձակ բռնատիրություն, որը չի հարգում ոչ մի միջազգային կառույցի որևէ որոշում, և Եվրամիությունը լռում է։ Ուրիշ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն։ Եվրամիությունը միշտ մտահոգված է, շատ անհանգստացած, բայց երբեք հստակ քայլեր և պատժամիջոցներ չեն ձեռնարկվում։
-Թույլ թվեք չհամաձայնել, որ ԵՄ-ն ձախողել է։ Ես կասեի միջազգային հանրությունն է ձախողել, քանի որ բանակցությունները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ ԵՄ-ն հիմնական դերակատարներից ընդամենը մեկն է։ Այնպես որ, ավելի ճիշտ է ասել, որ այդ ֆորմատը ձախողվեց։ Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին և միջազգային իրավունքի խախտումներին, այո, ես համաձայն եմ, և ես նույնպես կցանկանայի ավելի կոշտ հայտարարություններ տեսնել արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչ Բորելի կողմից։ Բայց ես կարող եմ կրկին խոսել իմ, իմ պատվիրակության և Եվրախորհրդարանի անունից։ Ուշադրություն դարձրեք մեր վերջին հայտարարություններին։ Մենք շատ պարզ ասացինք, որ պետք է դիտարկել պատժամիջոցների կիրառումը նրանց դեմ, ովքեր կանգնած են հարձակման որոշումների հետևում, մենք նաև շատ հստակ ասել ենք, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ապագան պետք է պայմանավորվի ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայերի կարգավիճակով, այլ պետք է դիտարկվի ավելի լայն պատկերի շրջանակներում։ Վերջին ամիսներին մենք լիագումար նիստում մի քանի քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Այսպիսով, ես կասեի, որ Եվրախորհրդարանը շատ ավելին է արել, քան ԵՄ այլ կառույցները, բայց ես համաձայն եմ, որ այսօր հերթը Հանձնաժողովինն է, Հանձնաժողովի նախագահինը, որը մեկ տարի առաջ Բաքվում էր՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիրը եւ ասելով, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Այսօր Ադրբեջանն իրեն վստահելի գործընկերոջ պես չի պահում։ Այնպես որ, այո, ես նույնպես սպասում եմ, ակնկալում եմ, որ Հանձնաժողովը և Գերագույն ներկայացուցչությունը ավելի կոնկրետ քայլեր կձեռնարկեն։
-Որո՞նք կլինեն Եվրոպայի քայլերը Հայաստանի ինքնիքշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների պարագայում։ Կրկին խիստ մտահոգությո՞ւն, որը երբեմն ցինիզմի է վերածվում, երբեք չկան պատժամիջոցներ․․․ այս դեպքում, եթե խոսքը վերաբերի Հայաստանի ինքնիշխան տարածքին, արդյո՞ք հստակ քայլեր կձեռնարկի Եվրամիությունը։
-Ինչպես ասացի, Եվրախորհրդարանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել, և մենք շատ հստակ դիրքորոշում ենք դրսեւորել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ապագայի, ինչպես նաև պատժամիջոցների վերաբերյալ։ Բայց, ինչպես գիտեք, պատժամիջոցները Եվրախորհրդարանի կողմից չեն սահմանվում։ Ես տեսնում եմ Եվրախորհրդարանի դերը որպես արդար միջնորդ և որպես միջոց, որը հիշեցնում է Եվրոպական Խորհրդին և Հանձնաժողովին իրենց պարտականությունների մասին: Ուզում եմ հիշեցնել, որ Եվրախորհրդարանն առաջինն էր, որ 2022 թվականի մարտին, Ուկրաինայի դեմ ագրեսիայի սկսվելուց հետո, ասաց, որ ռուսական էներգակիրների ներկրումը պետք է 100 տոկոսով արգելվի։ Հանձնաժողովից և Խորհրդից որոշ ժամանակ պահանջվեց, բայց նրանք դա արեցին, այնպես որ ես կարող եմ միայն ևս մեկ անգամ հաստատել այն դիրքորոշումը, որը դուք լավ գիտեք՝ իմ դիրքորոշումը, ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության դիրքորոշումը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դիրքորոշումը։ Եվ մենք կշարունակենք կրկնել մեր դիրքորոշումը և պահանջել Եվրոպական Հանձնաժողովից և Խորհրդից համապատասխան քայլեր ձեռնարկել։