25.11.2024
Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածերին․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մեր այցի նպատակն է օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

Ձեր այցը Հայաստան գնահատում եմ որպես աջակցության քայլ` մեզ համար նման դժվար ժամանակահատվածում: Վստահ եմ` տեղյակ եք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին: Շնորհակալ ենք Լիտվայի Հանրապետության կառավարությանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաեւ կարեւորում ենք Հայաստան-ԵՄ փոխհամագործակցությունը. ողջունելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում` ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:


Նա արժեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը եւ բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:


Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Սեյմասի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարիուս Մատիյոշաիտիսը:


Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:


Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս գնահատել է երկու երկրների միջեւ ձեւավորված, դինամիկ զարգացող փոխհարաբերությունները:


«Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը եւ օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում դաժանություններ հարեւանների կողմից: Պետք է ամեն կերպ կանխել պատմության կրկնությունը»,- ասել է Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը:


Բարեկամական խմբի անդամները, զուգահեռներ անցկացնելով Լիտվայի Հանրապետությունում 1990-ական թվականներին տիրող իրավիճակի հետ, կարեւորել են տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովումը: Ներկայացնելով մանրամասներ տիրող իրավիճակի վերաբերյալ` ընդգծվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պատգամավորներն անդրադարձել են խաղաղության օրակարգին, Հայաստանը տնտեսապես զարգացնելուն միտված հստակ ծրագրերին եւ քայլերին: