22.11.2024
Որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Որտեղ են Արցախի նախկին նախագահները. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ դեռեւս Հայաստան չէին վերադարձել Արցախի նախկին նախագահները եւ մի խումբ պետական, զինվորական գործիչներ, որոնց հետ կապն ընդհատվել էր նախօրեից, եւ անգամ մերձավորները տեղեկություններ չունեին, թե նրանք որտեղ են: Եվ մարդիկ երեկ կոչեր էին հնչեցնում` ուղղված ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, ՌԴ իշխանություններին, որ ամեն ինչ անեն՝ վերջիններիս Հայաստան բերելու եւ Բաքվի բանտում գտնվող մեր գործիչներին ազատելու համար: Հայկական պետության եւ դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի թուրք-ադրբեջանական ցուցակներում ընդգրկված, դեռեւս Արցախում գտնվող հայ ռազմական, քաղաքական, հասարակական գործիչների տարհանումն Արցախից, որպեսզի թուրքերի` հայոց պետությունն ու հայ հասարակությունը գլխատելու ծրագիրը ձախողվի։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի եւ օգտագործի դիվանագիտական բոլոր լծակները` ձախողելու թշնամու ծրագրերը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր անկախության կարճ պատմության ընթացքում 2 դեպք է արձանագրվել` երբ իշխանությունը, զգալով մոտալուտ վտանգը, վերջին պահին հրաժարական է տվել ու իշխանության բեռը դրել այլ անձի վրա, սակայն այդ իշխանությունը պահելն անհնարին է եղել, եւ հրաժարական տվողները հստակ իմացել են այդ մասին: Մեկը 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականն էր եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու որոշումը, մյուսն Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր ու Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու քայլը: Երկու դեպքում էլ ակնհայտ էր, որ իշխանությունը, իսկ երկրորդ դեպքում` երկիրն էլ հետը, տանուլ է տրված, եւ իշխանության հանձնումն ընդամենը ձեւական բնույթ է կրում: Ո՛չ Կարեն Կարապետյանն էր ի վիճակի պահել հանրապետականների իշխանությունը երկրում՝ ապրիլի 23-ից հետո, ո՛չ Սամվել Շահրամանյանն էր ի վիճակի պահել Արցախը, երբ Արցախը դե ֆակտո հանձնվել էր, Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչվել, ռուս-ադրբեջանա-թուրքական գործարքը կայացել: Եվ Հայաստանի իշխանությունների այն թեզը, թե ինչ-որ ուժերի ճնշման տակ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց կամ` որ հրաժարական չտար, Արցախը չէր հանձնվի, առնվազն կեղծիք է եւ մանիպուլյացիա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր մեկնարկելու է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ներառված է 18 հարց։ Վերջերս ամենաշատ քննարկված Հռոմի ստատուտի հարցը օրակարգում 14-րդն է։ Ամենայն հավանականությամբ, այս հարցը հենց նիստերի առաջին օրն էլ կքննարկվի, սակայն կընդունվի, թե ոչ, պարզ կդառնա քվեարկությունից հետո։ ՔՊ-ի այս քայլը արվում է նրա համար, որ հակառուսական տրամադրությունները քաղաքացիների շրջանում ավելի ամրապնդվեն։ Նիկոլ Փաշինյանը ամեն հնարավոր եղանակով ասում է. «Այդ գործընթացը ամենեւին էլ կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, կապված է սահմանային լարվածությունների հետ»: Թեեւ, ըստ Փաշինյանի, այն կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, սակայն ռուսական կողմը շատ կոշտ է արձագանքել՝ այն համարելով «տոքսիկ որոշում»։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել էր, որ այս նախագծի ընդունումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Մինչ այդ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ սա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում են գործընկերների առաջարկին։


Իշխանությունները, այս քայլին գնալով, չեն մտածում, որ Հայաստանը առերեւույթ մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, այսինքն՝ յուրաքանչյուր ոլորտում կա ռուսական դրոշմ՝ գազ, էլեկտրաէներգիա, ռուսական ընկերություններ, որոնցից գոյանում է նաեւ ՀՀ բյուջեի որոշակի մասը։ Կա նաեւ հայկական սփյուռք ՌԴ-ում: Ռուսական կողմի սպառնալիքները, թե ամեն բան վատ կլինի, եթե ընդունվի Հռոմի ստատուտի մասին նախագիծը, կարող է գործել, եւ մի քանի օրվա ընթացքում ռուսական կողմը Հայաստանին կարող է զրկել եւ՛ գազամատակարարումից, եւ՛ էլեկտրաէներգիայից։ Այսինքն՝ իշխանությունները կրկին չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո, կրկին մտադրված քայլեր են անում Հայաստանի վաղեմի բարեկամներին վանելու հարցում եւ փորձում են բարեկամություն հաստատել երկրի հետ, որի հետ կապերը խզել ենք. վառ օրինակ են հարաբերությունները եւ դիվանագիտական կապերը, որոնք ստեղծվում են Հունգարիայի հետ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները անասելի վախեցած են Արցախի հանձնման գործընթացից հետո սպասվող զարգացումներից: Դրան պատրաստվելու համար նախ տարածում են կեղծ նարատիվներ, թե արցախցիներին, որոնք դուրս կգան փողոց, պետք է զրկել օգնություն ստանալու հնարավորությունից: Ապա նաեւ անձնական ինքնապաշտպանությամբ են զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ֆիքսեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շրջում է ծառայողական ավտոմեքենայով, որի վրա ոչ թե կառավարական համարանիշներ են, այլ օպերատիվ: Նա օպերատիվ համարանիշներով քողարկում է իր ով լինելը, որպեսզի Արարատ Միրզոյանի ծեծի դառը օրինակն իրեն չսպառնա: Իսկ որ իշխանությունները սպասում են այդպիսի ցասման, միանշանակ է:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լեւոն Քոչարյանը, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սեպտեմբերի 25-ից մեկամսյա կալանք է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նրա հետ տեսակցություններն արգելված չեն, ընդդիմադիր որոշ պատգամավորներ են նրան այցելել։ Նա խցում մենակ չէ, բայց այցելողներին վստահեցրել է, որ խցում իրեն լավ են ընդունել։ Հիշեցնենք․ սեպտեմբերի 19-ից հետո Երեւանում մասշտաբային ցույցեր սկսվեցին, որոնց մասնակցում էր նաեւ Լեւոն Քոչարյանը։ Չնայած անգամ լրատվամիջոցների ֆիքսած կադրերում է երեւում, որ ոստիկանները նրան բերման ենթարկելիս մեքենայի մեջ հարվածում են, ինչի արդյունքում նա ուղեղի ցնցումով մեկ օր հիվանդանոցում անցկացրեց, սակայն նրան մեղադրեցին 4 կարմիր բերետավորի ծեծելու համար։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում ծանր ու տխուր իրավիճակ էր ստեղծվել, իշխանականները տեւական ժամանակ խորը հիասթափության մեջ էին, բայց ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականների «սրտից մի մեծ քար է ընկել», քանի որ կարողացել են իրենց հարցերը կարգավորել: Այսպիսով, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա, որի ժամանակ էլ քաղաքապետ պետք է ընտրվի, որը, մեծ հավանականությամբ, կլինի հենց Ավինյանը: Ավագանու նիստը տեղի կունենա այն դեպքում, եթե նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ. այսպիսով, եթե մյուս երեք ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա նիստը կկայանա:


Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ այդ օրը չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն, նիստը չկայանա, եւ նոր ընտրությունների գնան. այժմ որոշում կայացնողը «Հանրային ձայն»-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր բանակցելուց հետո ՔՊ-ին հաջողվել է համաձայնության գալ «Հանրային ձայն» կուսակցության հետ եւ նրանցից մեկ ձայն «կորզել»: Այսպիսով, հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստին, բացի իշխանությունից եւ մերձիշխանական դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունից, ներկա կլինի «Հանրային ձայն»-ից մեկ ներկայացուցիչ, որպեսզի այդ օրը նիստին քվորում ապահովեն: Եթե նիստը կայանում է, եւ որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ։ Այսպիսով, եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։ Ստացվում է՝ եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ այդ օրը ներկա լինի ավագանու նիստին, եւ նիստը կայանա, ապա ՔՊ-ն եւ «Հանրապետություն»-ը, առանց որեւէ խնդրի, կարող են ընտրել Տիգրան Ավինյանին: «Հանրային ձայն» կուսակցությունը թեեւ վերջնական որոշման մասին չի հայտարարել, բայց կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարություն տարածեց, թե Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, ավելին՝ հայտարարեց, որ նախընտրում է ավելի, որ Մարությանի եւ Թեւանյանի ուժերը չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Նրա այս հայտարարությունը, թերեւս, հաստատում է մեր տեղեկությունները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու նոր ընտրություններ տեղի չեն ունենա։ Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը։ Օրեր առաջ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, թե ընդդիմությանը չի հաջողվել կոնսենսուսի հասնել, ուստի միակ լուծումն այն է, որ ավագանի անցած ուժերն ուղղակի չմասնակցեն ավագանու առաջին 2 նիստերին՝ բոյկոտեն այն, որպեսզի քվորում չլինի, եւ նոր ընտրություններ նշանակվեն։ Գրեթե նույնը հայտարարեց նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը: Եվ եթե «Հանրային ձայն»-ը եւս բոյկոտեր, ապա գործող իշխանություններին չէր հաջողվի ավագանու նիստ անել` քվորում չէր ապահովվի, եւ ստիպված կլինեին գնալ նոր ընտրությունների: Սակայն, ինչպես սպասելի էր, եւ ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Հանրային ձայնի» ավագանու որոշ անդամներ ճամբարափոխ էին եղել, երեկ էլ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե երկրորդ փուլի չի գնալու։ Այսինքն՝ օգնելու է, որ Ավինյանը դառնա քաղաքապետ. «Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ ռոբասերժական կլանը չամրապնդվի, քան թե Ավինյանը չվերարտադրվի»։ Չնայած` ավագանու կազմում այդ «կլանի» ուղիղ ներկայացուցիչներ չկան: ՔՊ-ում արդեն սկսել են պաշտոններ բաժանել, ըստ ամենայնի՝ Արամ Զավենիչի կուսակցությանը մեկ փոխքաղաքապետի պաշտոն կտան եւ մի քանի թաղապետի, փոխքաղաքապետ կնշանակվի Անի Խաչատրյանը։ Իսկ ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը, որն իրեն չի տեսնում քաղաքապետարանում, հնարավոր է, որ այդ փոխշահավետ համագործակցության շնորհիվ կրկին հայտնվի կառավարությունում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանն ու Հունգարիան վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ, կասեցվել են 2012 թվականից՝ 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց այս մասով նաեւ ՀՀ ԱԺ-ում է գործընթաց սկսվել։ Մասնավորապես, ԱԺ-ում ստեղծվում է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ։ Այս խմբի անդամները հաստատվել են, սակայն կազմված են միայն իշխանական պատգամավորներից։ Խմբի ղեկավարը Հռիփսիմե Գրիգորյանն է, անդամներն են Արսեն Թորոսյանը, Գայանե Եղիազարյանը, Միքայել Թումասյանը, Մարիա Կարապետյանը: Ընդդիմությունը ներկայացված չէ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբում:


«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի նախագահի հրամանագրով 2024 թ.-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Մի կողմից՝ քպականներն ու քպամերձ շրջանակները փորձում են իրենց իշխանության մեղքով ստեղծված ողբերգական վիճակի պատասխանատվությունը գցել Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունների վրա, մյուս կողմից՝ կան կարծիքներ, որ այդ հրամանագիրն իրականում իրավական ուժ չունի: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, թե անթույլատրելի է, որ Արցախի նախագահի նկատմամբ մեղադրանքներ հնչեն առ այն, որ նա ստորագրել է այդ փաստաթուղթը:«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված, և հետագայում, եթե կարողանանք ոտքի կանգնել, մեր բանակաշինությամբ զբաղվենք և «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով առաջնորդվենք, այդ փաստաթուղթը խաղարկելու ենք: Որպես իրավաբան՝ հայկական կողմի համար բավականին շահավետ դրույթ եմ նկատել: Այս իշխանությունն էր այն ուժը, որ Արցախում ամպագոռգոռ հայտարարություն արեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրան հաջորդեց 44-օրյա պատերազմը, հետո հայտարարեցին, թե որևէ աղերս չունեն Արցախի հետ՝ հրաժարվելով արցախահայությունից ու խախտելով մեր պետության ակունքներում եղած իրավական փաստաթղթերի՝ Անկախության հռչակագրի տրամաբանությունն ու դրույթները, Սահմանադրության հիմունքները և այլն: Իմ գնահատմամբ, այս փաստաթուղթն առոչինչ է»,-նշում է Գոհար Մելոյանը: