Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը լրջագույն հարված կլինի մեր էներգետիկ և ազգային անվտանգությանը
Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
"Անկարան դիմել է ՄԱԳԱՏԷ Հայկական ԱԷԿ-ի կանսերվացման պահանջով:
Նշեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող կառույց է: Նույն այն ՄԱԿ-ի, որն այսօր փաստացիորոն լեգիտիմացրեց Արցախում ազերիների ոճրագործությունը:
Հայկական ԱԷԿ-ը Բաքվի ու Անկարայի կողմից թիրախավորվում է 1995 թ.-ից սկսած, երբ վերագործարկվեց կայանի երկրորդ էներգաբլոկը: Այս տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական պրոպագանդան ջանք ու եռանդ չէր խնայում հակամիջուկային լոբբինգ իրականացնելու համար: Բազմիցս հայտարարվում էր կայանի շահագործման էկոլոգիական ռիսկերի, սահմանամերձ գոտում գտնվող թուրքական բնակավայրերում ուռուցքաբանական հիվանդությունների տարածման, անգամ անոմալիաներով ծնվող երեխաների մասին: Երևանը մշտապես գիտական, քաղաքական, հրապարակախոսական մակարդակներում հեշտությամբ հերքում էր այդ զառանցանքը:
Այսօր Անկարայի ռազմավարության իրականացման համար ստեղծվել է առավել քան բարենպաստ պայմաններ:
Հաշվի առնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը՝ ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է դարձնել Հայաստանը էլեկտրաէներգիա ներկրող երկիր: Միաժամանակ, մենք կարող ենք կորցնել տարածաշարջանում ՛՛խաղաղ ատոմ՛՛ զարգացնող միակ երկրի ռազմավարական կարգավիճակը:
Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ներկայումս կառուցում է հսկայական միջուկային համալիր, իսկ Բաքուն բանակցություններ է վարում ՛՛Ռոսատոմի՛՛ հետ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ, Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը լրջագույն հարված կարող է հասցնել թե մեր էներգետիկ, թե առհասարակ՝ ազգային անվտանգությանը",- գրել է Դավթյանը: