30.11.2024
Չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և ՌԴ-ն հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը
prev Նախորդ նորություն

Բաքվի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին:


Շնորհավորելով գործընկերոջը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդիր մարմինների միջեւ շփումները կակտիվանան՝ նպաստելով երկկողմ եւ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը: Կողմերը միակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առաջմղման գործում կարեւոր դեր ունի միջխորհրդարանական համագործակցությունը:


Հանդիպման առանցքում են եղել Հայաստանում տիրող իրավիճակը եւ այն մարտահրավերները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայից, լայնածավալ հարձակումից եւ տեղահանման հանգեցրած գործոններից:


«Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորվեն: ՀՀ ԱԺ խոսնակը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրականացված ոտնձգությունները՝ հիշեցնելով, որ դեռ Ադրբեջանի կողմից չեն վերադարձվել պատանդառության մեջ պահվող մեր հայրենակիցները:


Քննարկում է ընթացել տարածաշրջանի իրադրությամբ պայմանավորված տեղեկատվական պատերազմների եւ Ադրբեջանի կողմից սոցցանցերով սոսկալի կադրեր եւ ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ: Գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին: Մտքեր են փոխանակվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ:


Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: