30.11.2024
«Մայր Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
prev Նախորդ նորություն

Չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և ՌԴ-ն հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:


Համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ:


«Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը` ամբողջությամբ.


«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Օ’Ֆերգհեյլին, պարոն Բաթերին եւ մեր իռլանդացի ընկերներին իրենց ջերմ հյուրընկալության եւ այս միջոցառումը կազմակերպելու համար: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս համաժողովին եւ ելույթ ունենալ: Մենք խորապես գիտակցում ենք մեր անհանգիստ ժամանակը բնութագրող բազմաթիվ խնդիրների եւ սպառնալիքների խորությունը: Ինչպես ասել է իռլանդացի հայտնի գրող, քաղաքական գործիչ Ուիլիամ Յեյթսը` ամենուրեք արյուն է եւ բռնություն: Լիբերալիզմի եւ ներկայացուցչական ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները խորն են: Անհրաժեշտ են հուսալի լուծումներ: Պարտադիր չէ նայել Ուկրաինայի պատերազմից անդին` ուժի գործիքի միջոցով ամբողջ աշխարհում իշխանության ծարավը նկատելու համար: Այս հակաժողովրդավարական հետընթացը տեղի է ունենում ի վնաս մարդու իրավունքների եւ կտրուկ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում շարադրված հավաքական արժեքներին եւ իդեալներին:


Մենք խորապես գիտակցում ենք այն առանցքային դերը, որը ժողովրդավարությունն ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդհանուր բարիքի խթանման գործում: Անկասկած, սա ամենաարդյունավետ համակարգն է քաղաքացիների վստահությունն իրենց կառավարությունների նկատմամբ ամրապնդելու եւ հասարակության կենսունակությունը բարձրացնելու համար: Քաղաքական կարգի հիմքերը խարխլող սպառնալիքների թվում են ավտոկրատ կառավարումը եւ չկայացած արդարությունը: Հայաստանը գիտի իրական ժողովրդավարության արժեքը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենսդրության կատարելագործման եւ կառավարման ոլորտի բարեփոխումների միջոցով ժողովրդավարության ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է: Ժողովրդավարական սկզբունքներին մեր հավատարմությունն ամենակարեւոր գործոնն էր, որը մեզ թույլ տվեց հաղթահարել 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ սանձազերծված 44-օրյա ավերիչ պատերազմի հետեւանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամը: Հայաստանում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ երաշխավորված եղանակով` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ եւ մշակել օրենսդրություն, որն ուղղված է եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրական իրավունքների ամրապնդմանը:


Գործընկերնե’ր, խաղաղությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, եւ կառավարությունները, որոնք բախվում են գոյաբանական սպառնալիքների, հսկայական ճնշում են գործադրում` պահանջելով կատարել մանդատով շնորհված առաքելությունը, որի համար ընտրվել են: Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների: Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաեւ` մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա:


Ադրբեջանն ատելության եւ այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով եւ ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ եւ թունավորել խաղաղ գործընթացը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առեւանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:


Հարգելի’ գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում:


Գործընկերնե’ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից:

Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի:

Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը եւ խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա: Շնորհակալություն»: