Ալիևը պատմել է, թե երբ ադրբեջանցիները կարող են գալ Երևան եւ Գորիս
«Ադրբեջանն այժմ չունի Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ: Մենք այժմ չենք մտածում ռազմական ճանապարհով Մեղրի, Գորիս ու Երեւան վերադարձի մասին», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Մենք դա կիրականացնենք հետեւողական քաղաքականության միջոցով: Բոլոր օբյեկտիվ պատճառները ցույց են տալիս, որ այդ օրը կգա: Դրա համար յուրաքանչյուրս պետք է մոտեցնենք այդ օրը: Ինչպե՞ս պետք է դա անենք: Պետք է դառնանք ավելի ուժեղ», - հայտարարել է նա:
Ալիևը նաեւ հայտարարել է, որ այսօր աշխարհում «միջազգային իրավունք» հասկացություն գոյություն չունի: «Այսօր հիմնական գործոնը ուժն է: Մենք ապրում ենք իրական աշխարհում: Ահա թե ինչու, մենք պետք է ավելի ուժեղանանք, տնտեսությունը դառնա ավելի ուժեղ, եւ մենք ստեղծենք ավելի ուժեղ բանակ… Մի քանի տարի հետո Ադրբեջանի բնակչությունը կհասնի 10 միլիոնի»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ Հայաստանում տնտեսությունը կրճատվում է, աճում է միգրացիան, բնակչությունը պակասում է: «Սա տեղի կունենա բնական պատճառներով՝ միգրացիա, անելանելի դրություն եւ հիասթափություն», - հավելել է նա:
Հատկանշական է, որ Հայաստանում ստեղծված օրհասական վիճակի մասին խոսող Ալիեւը չի անդրադառնում սեփական երկրում առաջացած տնտեսական խորը ճգնաժամին: Ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում Ադրբեջանում քննարկում են պետական ծառայողների թիվը 30 տոկոսով կրճատելու հնարավորությունը:
Եթե կրճատումները տեղի ունենան, հազարավոր պետական ծառայողներ համալրելու են տասնյակ հազարավոր այն գործազուրկների բանակը, ովքեր վերջին 1-1.5 տարվա ընթացքում հարյուրավոր տեղական ու արտասահմանյան հիմնարկ-ձեռնարկությունների ու ընկերությունների սնանկացման ու լուծարման պատճառով կորցրել են աշխատանքը:
2015 թվականի փետրվարից մինչ օրս ադրբեջանական մանաթն արժեզրկվել է մոտ 130 տոկոսով եւ այդ ընթացքում քաղաքացիների աշխատավարձերը չեն բարձրացրել, ինչը հանգեցրել է բնակչության գնողունակության կտրուկ անկման ու սոցիալական վիճակի վատթարացման, ինչպիսին չի արձանագրվել 1994 թվականից ի վեր:
Մանաթի արժեզրկման հետեւանքով այսօր դոլարային արտահայտությամբ ադրբեջանցիները ստացած աշխատավարձի չափով վերջին տեղերն են զբաղեցնում ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում այլեւ միջազգային կազմակերպությունների կազմած զեկույցներում, որոնք ընդգրկում են տասնյակ երկրներ:
Այսպես օրինակ, Աշխատանքի միջազգային կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի համաձայն, Ադրբեջանում միջին աշխատավարձը (առանց հարկերը հանելու) կազմում է 302 դոլար: Այդ ցուցանիշով Ադրբեջանը 71 երկրների շարքում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մոլդովային, Մոնղոլիային, Տաջիկստանին, Ղրղզստանին եւ Սիրիային:
Ադրբեջանը զգալիորեն զիջում է նաեւ 57-րդ եւ 55-րդ տեղերում հայտնված Հայաստանին ու Վրաստանին, որտեղ միջին աշխատավարձերը կազմում են համապատասխանաբար՝ 404 եւ 430 ամերիկյան դոլար (առանց հարկերը հանելու): Այնինչ, ընդամենը 1.5-2 տարի առաջ Ադրբեջանում միջին աշխատավարձը գերազանցում էր ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլեւ ԱՊՀ տարածաշրջանի ու շատ այլ երկրների քաղաքացիների ստացած եկամուտները: