«Վերադարձ օպերացիա». ԲՀԿ-ն խնդրեց եւ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ընդլայնված նիստին քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։
Հայտարարությունում ԲՀԿ քաղաքական խորհուրդը կուսակցության նախկին ղեկավար և հիմնադիր Գագիկ Ծառուկյանին հորդրում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն և կրկին ղեկավարել կուսակցությունը։
«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,
Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,
Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը: Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,
ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»։
Նիստին զուգահեռ ԲՀԿ-ական ակտիվիստներն ու քաղաքացիներ հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի տան մոտ նույն հորդորով: Քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ և քաղաքական խորհրդի կողմից լիազորված անդամները հանդիպում են ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, որի ժամանակ նրան փոխանցել են քաղխորհրդի դիմում-որոշումը և ԲՀԿ-ական շարքերի հորդորը:
ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ բավական անկեղծ ու անկաշկանդ զրույց են ունեցել: Գագիկ Ծառուկյանը փոխանցել է, որ ինքը հարգանքով է վերաբերվում ԲՀԿ-ականների և տասնյակ հազարավոր քաղաքացիների հորդորին:
Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ինքը իբրև երկրի համար մտահոգ անձնավորություն, անպայման մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Թե ինչ ձևաչափով ու երբ` Գագիկ Ծառուկյանը հանդես կգա առանձին հայտարարությամբ և մանրամասները կտեղեկացնի: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը մեկ մտահոգություն ունի. ունենալ ամուր, հզոր, արդար, բարգավաճ Հայաստան: Եվ հանուն այդ նպատակի ինքը առաջիկայում կհայտարարի իր հետագա գործողությունների մասին:
Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ 2015թ․ փետրվարին Սերժ Սարգսյանի հետ հրապարակային առճակատումից հետո։