Հայաստան-Ադրբեջան. ճգնաժամը հարվածել է պետաշխատողների բանակին
Ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում Ադրբեջանում քննարկում են պետական ծառայողների թիվը 30 տոկոսով կրճատելու հնարավորությունը: Նման ծայրահեղ քայլի գնալու հարցը քննարկվում է հաջորդ տարվա ընթացքում բյուջետային աշխատողների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու անհրաժեշտությունից ելնելով: Այսօր Միլլի մեջլիսի քննարկմանն է ներկայացվել պետական ծառայողների թիվը 30 տոկոսով կրճատելու մասին առաջարկ:
Այս առիթով պատգամավորներից Հուդրաթ Հուսեյնովը նշել է, թե այլ երկրների համեմատ Ադրբեջանում պաշտոնյաների, կառավարության անդամների ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները թիվը կրկնակի շատ է: «Այդ կրճատումների շնորհիվ մենք կխնայենք բյուջեի միջոցները, ինչպես նաեւ պայմաններ կստեղծենք, որպեսզի մյուս պաշտոնյաները, ովքեր իսկապես աշխատում են, ստանան նորմալ աշխատավարձ»,- ասել է Հուսեյնովը, հայտնում է armtimes.com-ը:
Եթե կրճատումները տեղի ունենան, հազարավոր պետական ծառայողներ համալրելու են տասնյակ հազարավոր այն գործազուրկների բանակը, ովքեր վերջին 1-1.5 տարվա ընթացքում հարյուրավոր տեղական ու արտասահմանյան հիմնարկ-ձեռնարկությունների ու ընկերությունների սնանկացման ու լուծարման պատճառով կորցրել են աշխատանքը:
2015 թվականի փետրվարից մինչ օրս ադրբեջանական մանաթն արժեզրկվել է մոտ 130 տոկոսով եւ այդ ընթացքում քաղաքացիների աշխատավարձերը չեն բարձրացրել, ինչը հանգեցրել է բնակչության գնողունակության կտրուկ անկման ու սոցիալական վիճակի վատթարացման, ինչպիսին չի արձանագրվել 1994 թվականից ի վեր: Մանաթի արժեզրկման հետեւանքով այսօր դոլարային արտահայտությամբ ադրբեջանցիները ստացած աշխատավարձի չափով վերջին տեղերն են զբաղեցնում ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում այլեւ միջազգային կազմակերպությունների կազմած զեկույցներում, որոնք ընդգրկում են տասնյակ երկրներ:
Այսպես օրինակ, Աշխատանքի միջազգային կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի համաձայն, Ադրբեջանում միջին աշխատավարձը (առանց հարկերը հանելու) կազմում է 302 դոլար: Այդ ցուցանիշով Ադրբեջանը 71 երկրների շարքում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մոլդովային, Մոնղոլիային, Տաջիկստանին, Ղրղզստանին եւ Սիրիային: Ադրբեջանը զգալիորեն զիջում է նաեւ 57-րդ եւ 55-րդ տեղերում հայտնված Հայաստանին ու Վրաստանին, որտեղ միջին աշխատավարձերը կազմում են համապատասխանաբար՝ 404 եւ 430 ամերիկյան դոլար (առանց հարկերը հանելու): Այնինչ, ընդամենը 1.5-2 տարի առաջ Ադրբեջանում միջին աշխատավարձը գերազանցում էր ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլեւ ԱՊՀ տարածաշրջանի ու շատ այլ երկրների քաղաքացիների ստացած եկամուտները:
Տտեսական դժվարությունները ստիպել են անեւ հրավկովկասյան այլ պետությունների գնալ պետական ապարատի կրճատումների: Օրինակ նույն Հայաստանում սկսել են կրճատել ԾԻԳ-երը: Ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման ուղղությամբ մինչ այս իրականացրած աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվել են հինգ ԾԻԳ-եր:
«Առաջարկում ենք քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ ԾԻԳ-ից պետք է մնա հինգը, բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, Փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,- ասաց Կարապետյանը: