Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ այս կամ այն կուսակցությունը մտադիր է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Ըստ շրջանառվող լուրերի՝ այդպիսի քննարկումների մեջ են Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները», «Ժառանգությունը»: Իսկ ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանն անգամ ինքնաառաջադրվել էր՝ հայտարարելով, որ «պատրաստվում է գլխավորել ընդդիմադիր դաշինքը և իրեն տեսնում է առաջատարի դերում»: Իրականում ո՞ր ուժերն են մտադիր դաշինք կազմել, իսկ որոնք՝ ոչ:
Այս պահին ես չեմ տեսնում որևէ կուսակցություն, որի հետ «Բարգավաճ Հայաստանը» կարող է դաշինք կազմել և որպես կուսակցության ղեկավար ես պնդելու եմ իմ այս մոտեցումն ու տեսակետը: Այս մասին
VERELQ-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ պաշտպանելու է այդ մոտեցումը, քանի որ գտնում է, որ դաշինքներ պետք է լինեն միայն միանման, հավասարազոր քաշային կատեգորիայի քաղաքական ուժերի միջև: Իսկ եթե ուժերից մեկը պետք է կատարի լոկոմոտիվի դեր, մյուսը լինի ընդամենը թղթի վրա ամրագրված կուսակցություն, առանց անցած ճանապարհի ու կենսագրության, որը չի կարող ընտրություններում հաղթահարել անգամ 1-2 տոկոսի շեմը, ապա ո՞րն է նման դաշինքի իմաստը.
«Ես կտրականապես դեմ եմ նման դաշինքների: Բացի այդ, հարկավոր է պահպանել նաև արդարության սկզբունքը՝ ԲՀԿ համամասնական ցուցակում պետք է լինեն մեր այն գործընկերները, ովքեր չլքեցին կուսակցությունը, ովքեր մնացին ԲՀԿ-ում փետրվարյան իրադարձություններից հետո, երբ շատերը մտածեցին, թե ԲՀԿ նավը խորտակվում է ու մազապուրծ փախան: Իրենց շնորհիվ է, որ այսօր կուսակցությունը ամուր կանգնած է իր ոտքերի վրա և կարծում եմ, որ մենք արդար պետք է լինենք առաջին հերթին մեր այդ գործընկերների հանդեպ ու հենց իրենք պետք է լինեն ԲՀԿ համամասնական ցուցակի առանցքը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ
Խաչատուր Քոքոբելյանը, մինչդեռ, դաշինքով ընտրություններին մասնակցելու կողմնակից է, իր համար կարևոր են գաղափարական մոտեցումները, այնպես էր լայն կոնսոլիդացիան ողջունելի է: Բայց, ընդգծեց պատգամավորը, այն պետք է լինի գաղափարական ֆոնի վրա, սկզբունքային հարցի շուրջ, այլ ոչ թե հանուն խորհրդարանական ընտրությունների:
«Մենք տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ ենք քննարկումներ ունենում, այդ թվում նաև քննարկումներ ունեցել ենք
Հրանտ Բագրատյանի հետ: Բայց, որևէ հստակ պայմանավորվածություն որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ այս պահին դեռ չկա»,- ասաց նա՝ մեկնաբանելով լուրերը, թե հատկապես իր,
Հրանտ Բագրատյանի և
Ալիկ Արզումանյանի շուրջ է դաշինք կարծես թե ուրվագծվում:
Պատգամավորը հատուկ շեշտեց՝ կարևորը ոչ թե անձերն են, այլ սկզբունքներն ու մոտեցումները, «Ազատ դեմոկրատները» կարևորում են բանակցություններն ու քննարկումները այն ուժերի հետ, որոնց գործունեությունը մոտ է իրենց գաղափարներին ու մոտեցումներին:
««Ազատ դեմոկրատները» կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին մեր սեփական, բայց լայն կոնսոլիդացված ցուցակով, որտեղ տեղ կգտնեն նաև նոր մարդիկ: Հավատացնում եմ՝ կլինեն նաև անակնկալներ: Մենք 5 տոկոսի խնդիր չենք տեսնում, քանի որ մեր յուրաքանչյուր ձայնի տեղը գիտենք: Ցավով պետք է արձանագրեմ, որ քաղաքական գաղափարախոսությամբ այս ընտրություններում դժվար թե հաղթես, բայց մեզ համար սկզբունքային է, որպեսզի ուժը հստակ տարբերակի իր գաղափարախոսությունը,այլ ոչ թե լինի ընդամենը մի խումբ հավաքված քաղաքական գործիչների միավորում: Եվ վստահեցնում եմ, որ մենք իշխանությանը այլընտրանք կկարողանանք ներկայացնել»,- հավելեց Քոքոբելյանը:
Նոյեմբերի սկզբին մամուլը գրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ընդդիմադիր բոլոր ուժերի կոնսոլիդացիայի գործընթաց սկսել, որում ընդգրկված չեն լինի «Հայկական Վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: VERELQ-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դաշինքն իմաստ ունի, եթե դրա կազմը մեծ է, այլ ոչ թե մեկ-երկու ուժի միավորման մասին է խոսքը.
«Ես մնում եմ այն կարծիքին, որ միայն մեծ դաշինքով է հնարավոր երկրում արմատական իրավիճակ փոխել, իսկ մեկ կամ երկու ուժերի միավորումն այդ ուժը չի կարող ունենալ»,- ասաց նա՝ հավելելով, որ 2017 թվականի սկզբին հրավիրվելիք համագումարում բոլոր հարցերի պատասխանները կհնչեն: