26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց
prev Նախորդ նորություն

Անհավասար մրցակցային պայմաններ, չիրականացված չվերթներ. «Արմենիան» շարունակում է պայքարը

Հայաստանի ավիաշուկայում անհավասար մրցակցային պայմաններ են, որոնք խանգարում են ավիաընկերությունների գործունեությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:

Վերջինս նշել է, որ մեկ տարվա ընթացքում «Արմենիան» բազմաթիվ խնդիրներ է ունեցել, որոնց հետևանքով շատ ծրագրեր ձախողվել են՝ բազմաթիվ թռիչքներ, որոնք պլանավորում էր իրականացնել, չեն իրականացվել:

Մասնավորապես, հայաստանյան շուկայում հայտնվելով «Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում էր թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, Դուբայ, մի քանի այլ ուղղություններով, սակայն թույլտվություն այդպես էլ չի ստացել: Դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ ևս դադարեցվել են, այդ թվում և Երևան-Մոսկվա ուղղությունը՝ ոչ հավասար մրցակցային պայմանների պատճառով: Սակայն ավիաընկերությունը շարունակում է աշխատել դեպի եվրոպական մի շարք երկրներ չվերթներ իրականացնելու համար՝ Պրահա, Լոնդոն, Բրյուսել և այլն:

«Դեկտեմբերի 24-ից կվերականգնվի Երևան-Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթը, շարունակում ենք չարթերային չվերթներ իրականացնել դեպի Թեհրան: Այս ոչ հավասար գնային քաղաքականությունը գործում է ոչ միայն «Արմենիա» ավիաընկերության, այլև մյուս ավիափոխադրողների նկատմամբ ևս՝ գները բացարձակապես տարբեր են ազգային փոխադրողի և ռուսական ընկերության համար: Եթե նավիգացիան 200 դոլար է ռուսական ավիափոխադրողի համար, ապա մեզ համար այն 500 դոլար է կազմում: Բացի այդ, կան ծառայություններ, որոնց համար ռուսական ավիափոխադրողը վճարում է 50 դոլար, իսկ մենք՝ 700 դոլար»,- ներկայացրեց «Արմենիայի» ներկայացուցիչը՝ շեշտելով, որ իրենք հավասար մրցակցությունից չենք վախենում, կողմ են դրան, բայց եթե իսկապես հավասար մրցակցային պայմաններ լինեն:

Չնայած դժվարություններին՝ ավիաընկերությունը չի պատրաստվում հեռանալ հայաստանյան շուկայից, իսկ առաջիկայում ծրագրում են հանդիպել նոր կառավարության հետ:

«Լիցենզիան ունեն, մեծ ծրագրեր ունենք նոր չվերթների մասով: Կփորձենք պահել «Արմենիան» Հայաստանում»,- հավելեց նա: