24.11.2024
Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառման միջոցով. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս վիճակին են հասել եւ Երեւանում վարկանիշ չունեն այլեւս: ՔՊ-ականները երկարատեւ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ այս պատկերի իրական պատճառը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է, քանի որ կառավարության մի շարք պաշտոնյաներ տեղում չեն ու անգործության են մատնված։ Առաջիկայում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում, ասել է թե՝ կադրային ջարդի գործընթացը մեկնարկում է։ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո այն նախարարները, որոնք անգործության են մատնված, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Նրանց թվում են Գնել Սանոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Նարեկ Մկրտչյանը եւ Գրիգոր Մինասյանը


Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականներն ավագանու ընտրությունները մեծ հարված են համարում իրենց վարկանիշին, քանի որ «50+»-ի ակնկալիքներ են ունեցել: Հիմա այս իրավիճակից որպես ելք դիտարկում են կոալիցիայի կազմումը, իսկ նրանց հույսն այս պահին Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած միակ ուժն է, որ կոալիցիա կկազմի իշխող ուժի հետ: ՔՊ-ականները հույս ունեն, որ այսկերպ գոնե կկարողանան իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել, եթե անցած մյուս ուժերից կարողանան 2 ավագանիներ «պոկել»: Վարչության նիստից հետո ՔՊ-ականներին հասկացրել են, որ կատարվածը դաս պետք է լինի իրենց համար, ու այսուհետ ամեն բան այլ է լինելու։ Օրվա վերջում միայն Ավինյանը խորը դեպրեսիայից հետո շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին, ՔՊ-ն էլ խոստացավ ավելի ուշ տեսակետ հայտնել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած իշխանականներն ու մերձիշխանական քարոզիչները Երեւանի ընտրությունների խայտառակ արդյունքները փորձում էին արդարացնել, թե դարձել են իրենց կերտած ժողովրդավարության զոհը` ո՛չ կեղծել են, ո՛չ վարչական ռեսուրս կիրառել, սակայն իրականում ընտրություններին գրեթե բոլոր վարչական շրջաններում «տասովշչիկները»` հին ու բարի ժամանակների պես, աշխատել են իշխանության համար: Ասենք, Լեդի Հակոբի որդին՝ Մալաթիայում, Թոխմախի Մհերի մարդիկ՝ Էրեբունիում, եւ այլն, սակայն այլ հարց է, որ իշխող ուժից դժգոհությունն այնքան մեծ է, եւ «տասովշչիկների» հեղինակությունն էլ այնքան է խարխլվել, որ աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՔՊ-ն չունի 50+1 ձայն` անգամ դաշնակից «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելու արդյունքում։


Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ի հույսը քաղաքապետի ընտրության երկրորդ փուլն է, իսկ մինչ ընտրությունը լուրջ «աշխատանք» կտանեն Հայկ Մարությանի հետ, որ կոալիցիա չկազմի մյուս ուժերի հետ, եւ ոչ իշխանական ուժերը չկարողանան քաղաքապետ ընտրել: Իսկ քաղաքապետի ընտրության երկրորդ փուլում ավագանու ՔՊ-ական եւ «Հանրապետության» անդամները կոալիցիա կկազմեն եւ 32 ձայնով Տիգրան Ավինյանին քաղաքապետ կընտրեն։ Նշենք, որ, ըստ օրենքի, եթե ընտրությունից հետո առաջին նիստում առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ նվազագույնը 33 ձայն: Իսկ եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին Երեւանի ավագանու ընտրություններն էին։ ԿԸՀ հաղորդած նախնական տվյալներով՝ որեւէ ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չի հաղթահարել 50%-ի շեմը, ըստ այդմ՝ միանձնյա չի կարող քաղաքապետ ունենալ։ Իշխող ուժի թեկնածուին՝ Տիգրան Ավինյանին, աջակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, մասնավորապես, քարոզարշավի եզրափակիչ օրը նրա հետ քայլերթի մասնակցեց ու բեմից բարձրագոչ ելույթներ ունեցավ։ Արդեն սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան կնոջ հետ գնաց իր քաղաքացիական պարտքը կատարելու։ «Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց, որ «Երրորդ մաս»-ում՝ 8/16 ընտրատեղամասում, Փաշինյանի հետ քվեարկում էր նաեւ Աննա Հակոբյանը, չնայած որ գրանցված է Կենտրոն վարչական շրջանում ու պիտի քվեարկեր Կենտրոնում՝ 9/18 ընտրական տեղամասում։ Ինչ վերաբերում է վարչապետի երեխաներին, ապա Մարիամի քվեարկելու տեղամասը պաշտոնապես 9/18-ն էր, եւ, ըստ պաշտոնական տվյալների, վարչապետի հետ պետք է քվեարկեր որդին՝ Աշոտը, որը գրանցված էր 8/16-ում: Հարց է առաջանում՝ որտե՞ղ քվեարկեցին վարչապետի զավակները։


Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները մինչեւ ուշ գիշեր ՔՊ շտաբում էին: Հավելենք նաեւ, որ միեւնույն ժամանակ Մարիամ Փաշինյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել էր լուսանկարներ եւ վիդեոներ, որտեղից պարզ է դառնում, որ Աշոտն ու Մարիամը կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանգիստ են անցկացրել Հայաստանի գեղատեսիլ վայրերում։ Ընտրական ցուցակների պաշտոնապես հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի՝ արդյոք Փաշինյանների ընտանիքից ընտրական իրավունք ունեցող բոլոր անձինք են քվեարկել ու աջակցել «Քաղաքացիական պայմանագրին»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են բոլորին։ Սակայն ոչ պակաս հետաքրքիր է, թե մասնակից ուժերից որ մեկը որ համայնքում է առավել շատ քվե ստացել։ Ներկայացնենք ավագանու կազմ անցած 5 ուժերի տվյալները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ամենամեծ աջակցությունը տվել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ համապատասխանաբար 46,9 և 46,4 տոկոս։ Էրեբունիում ՔՊ-ն ստացել է 37,1 տոկոս։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ամենաքիչ քվեն ստացել է Արաբկիրում՝ 25,5 տոկոս։ Համեմատաբար ցածր են եղել տոկոսները նաև Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը լավագույն արդյունք ունեցել է Նոր Նորքում՝ 20 տոկոս։


Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը 19,8 տոկոս ստացել է Ավանում, 19,7 տոկոս՝ Մալաթիա-Սեբաստիայում։ «Մայր Հայաստան» դաշինքը ևս ամենամեծ տոկոսները ստացել է Արաբկիր վարչական շրջանում՝ 19,7։ Երկրորդ «հաջողակ» տարածքը Անդրանիկ Թևանյանի գլխավորած ուժի համար եղել է Կենտրոնը՝ 19,1 տոկոս, երրորդը՝ Ավանը՝ 17,7 տոկոս։ «Հանրապետություն» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Արտակ Զեյնալյանը, 0,1 տոկոսային կետի տարբերությամբ ամենամեծ վստահություն տվել են Դավթաշեն, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ համապատասխանաբար, 11,8-11,7-11,6 տոկոս։ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը լավագույն արդյունք է ունեցել Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում՝ 10,6 տոկոս։ Հաջորդը Շենգավիթ համայնքն է՝ 10,1 տոկոս։ Ի դեպ, հավելենք, որ ՔՊ-ից բացի մյուս չորս ուժերը վատագույն արդյունք ունեցել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշխարհի ամենատարածված ու սիրված սպորտաձեւը համարվող ֆուտբոլը շատ երկրներում հանդիսանում է քաղաքական լուրջ գործոն. երկրի ղեկավարները փորձում են լավ հարաբերություններ պահպանել ֆուտբոլիստների, ակումբների եւ ֆանակումբների հետ: Հայաստանում 2018թ.-ին իշխանության գալուց հետո աշխարհի ամենահայտնի ՀՀ քաղաքացի Հենրիխ Մխիթարյանին զրկեցին դիվանագիտական անձնագրից, ապա հասան նրան, որ իտալական «Ինտեր»-ի աստղը հրաժարվեց գալ ազգային հավաքական: Մեր աղբյուրները պնդում են, որ Մխիթարյանի ու իշխանությունների հարաբերությունները խառնելու գործում մեծ ազդեցություն է ունեցել ֆեդերացիայի ներկա նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը, Նիկոլ Փաշինյանին լարելով Մխիթարյանի դեմ, հակասական տրամադրություններ է ստեղծել Հենրիխի հազարավոր երկրպագուների մոտ՝ ուղղված իշխանություններին:


Այսքանով, սակայն, իշխանություններին վնաս տալու սեփական «առաքելությունը» Արմեն Մելիքբեկյանը չավարտեց. անդադար ուղեկցելով տարբեր միջոցառումների Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր շրջապատին, ցույց տալով իր եւ այս իշխանությունների անքակտելի կապը՝ Մելիքբեկյանը սկսեց գրեթե «ահաբեկչական գործողություններ» անել Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի՝ «Փյունիկ»-ի նկատմամբ: Բանը հասավ նրան, որ հազարավոր երկրպագուներ ունեցող թիմին զրկեցին իրենց պատկանող մարզադաշտերում խաղալու իրավունքից, իսկ այս թիմը ոչ միայն հազարավոր երկրպագուներ ունի, այլեւ հարյուրավոր երեխաներ են պարապում նրա ակադեմիայում, որոնց շրջանում եւս հակաիշխանական տրամադրություններ բորբոքեց: Դեռեւս պարզ չէ՝ այս ամենը Արմեն Մելիքբեկյանն արել է դիտավորյալ, թե զուտ անձնական հաշիվներ է ունեցել, սակայն այն, որ Երեւան քաղաքում իշխանությունների կողմից ոչ բավարար ձայներ հավաքելու գործում ունեցել է զգալի ազդեցություն, քննարկման ենթակա չէ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել եւ քաղաքապետ ընտրել, ու այս միտքը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի թիմին: Նրանք որոշել են վերահաշվարկի համար դիմել ԿԸՀ՝ հույսով, որ այդպես գոնե կկարողանան ձայներ ավելացնել: ՔՊ-ն նաեւ հույս ունի, որ մեկ մանդատ «կգողանա» ընդդիմադիրներից, որպեսզի անհրաժեշտ քվեներ ապահովի, եւ Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա: Կուսակցությունը երեկ քննարկել է տարբերակ. «Հանրային ձայն» կուսակցությունը, որը 7 մանդատ է ունենալու ավագանու կազմում, ունի կալանավորված 1 անդամ։ Այսինքն, փաստացի, քվեարկության կարող է մասնակցել 6 հոգի, եթե Արտակ Գալստյանը չհրաժարվի ավագանու իր մանդատից:


«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ընտրական օրենսգրքում այդ մասով որեւէ հստակեցում առկա չէ, եւ կարող է լինել երկու սցենար. կա՛մ պետք է միջնորդություն ներկայացվի նախաքննական մարմնին կամ դատախազին, որ խափանման միջոցը վերանայեն, ավագանին ներկայանա նիստին, քաղաքապետ ընտրի, կա՛մ ընտրված ավագանին պետք է հրաժարվի մանդատից, որ հաջորդ համարն ընտրվի ու մասնակցի նիստերին։ Այսինքն, եթե Վարդան Ղուկասյանի ուժը ցանկանում է պահպանել այդ մեկ ձայնը, ինչը շատ կարեւոր է, ապա պետք է Արտակ Գալստյանը հրաժարվի իր մանդատից։ Եթե ոչ, կստացվի, որ ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունները ունեն ճիշտ այնքան մանդատ, որքան Մարության-Թեւանյան-Գալստյան դաշինքը: Այսպիսով՝ ՔՊ-ին պակասում է 1 մանդատ, որ Ավինյանին դարձնի քաղաքապետ: Իսկ Հայկ Մարությանը ասում է՝ կամ ինքը պետք է քաղաքապետ դառնա, կամ նոր ընտրություններ լինեն: Սպասենք զարգացումներին:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, նախօրեին Աղդամով և Լաչինով զուգահեռաբար Արցախ հասավ հումանիտար օգնության ևս երկու բեռնատար, որոնք շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար Ստեփանակերտ հասցրեցին ալ յուր և հիգիենայի պարագաներ: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ ներկայում բանակցվում է առաջիկայում մեծ խմբաքանակով Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով բեռնատարների մուտք կազմակերպել: Թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները խնդիր են դրել, որպեսզի բեռնատարների մուտքի ապահովման գործընթացը կանոնավոր բնույթ ստանա՝ տեղում պարենային խնդիրները լուծելու և ստեղծված հումանիտար իրավիճակը կայունացնելու նպատակով: Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի բեռների մուտքն ապահովվի միայն Աղդամի հատվածով, բայց Արցախի իշխանություններն ամեն միջոց ձեռնարկում են բեռնատարների հիմնական մասի մուտքը Լաչինով կազմակերպելու համար: Թերթի տեղեկություններով, հաշվի առնելով ռուս խաղաղապահների իներտությունը՝ Արցախի իշխանությունը բանակցում է ռուսական կողմի հետ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը կյանքի կոչելու, այնտեղ ֆիքսված պարտավորություններն իրացնելու համար, քանի որ փաստաթղթում առաջին հերթին առանձին կերպով շեշտվում է Լաչինի միջանցքով անխախտ շարժի իրականացման մասին:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները համաձայնել են Աղդամով եւ Լաչինով համաժամանակյա բեռներ ընդունել, բայց այս որոշումը հեշտ չի կայացվել: Բանն այն է, որ ռուսները մինչեւ վերջին օրերը ԱՀ նորընտիր իշխանություններին հուսադրել են, որ ամեն ինչ անելու են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, եւ Լաչինի միջանցքի անխափան երթեւեկը վերականգնվի, սակայն շաբաթ-կիրակի հետ են կանգնել՝ ասելով, որ անզոր են. կա՛մ պիտի ընդունել բեռները, կա՛մ խորացնել ճգնաժամը։ Սակայն քանի որ շրջափակումն Արցախում ոչ միայն հացի խնդիր է առաջացրել, այլեւ՝ անվտանգային, որոշել են ընդունել առաջարկը, գիտակցելով, որ բացելով Աղդամը՝ ճանապարհ են բացում ինտեգրացիայի համար։ Աղդամով միայն հիգիենայի պարագաներ կմտնեն Արցախ, իսկ Լաչինով՝ առաջիկա օրերին բացառապես ալյուր։ Երեկ մեկական բեռնատար է մտել Ստեփանակերտ: Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ Աղդամով Արցախ մտնող ռուսական Կարմիր խաչի մեքենաներում լինելու են բացառապես ռուսական արտադրության ապրանքներ, սակայն պարզվում է՝ թուրքական արտադրության մանկական տակդիրներ էլ են եղել, որոնց մասին արցախցիները երեկ ահազանգում էին՝ պահանջելով հրապարակային այրել թուրքական արտադրանքը։ Կառավարությունը հայտարարեց, որ Աղդամից մտնող ապրանքը կբաշխվի միայն փորձաքննությունից հետո»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծանր խնդիրներ կան, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Այդ թվում՝ լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունն ու, ի մասնավորի, մեր տնտեսության մեջ առաջնային դիրքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը:


Այն, որ ինքնին թե՛ ռազմական, թե՛ հումանիտար, թե՛ բնապահպանական առումներով հանցագործ երկիրը մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին, փորձում հարվածել մեր տնտեսությանը, նորություն չէ: Սակայն առավել ցավալին այն է, որ մենք հաճախ ոչ միայն չենք հակադարձում, ոչ միան պատշաճ կերպով չենք բարձրաձայնում Ադրբեջանի բնապահպանական հանցագործ էության մասին, այլև որոշ դեպքերում ստացվում է, որ, ի դեմս հայաստանյան որոշ «բնապահպանների», անընդհատ տիրաժավորվում են նույն թեզերը, որից էլ ակտիվորեն օգտվում են ադրբեջանցիները։ Ըստ այդմ, ստացվում է, որ երկու ճակատով են թիրախավորվում մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող միավորները, հատկապես ԶՊՄԿ-ն: Այստեղ լուրջ անելիք ունի նաև պետությունը: Ընդ որում, եթե Ադրբեջանը պետական մակարդակով ահռելի միջոցներ է տրամադրում կեղծ քարոզչություն իրականացնելու համար, ապա մեր խնդիրը պետք է լինի նախ՝ ճշմարտությունը հասցնել աշխարհին, ապա և բարձրացնել մեր հասարակության իրազեկվածության աստիճանը, որպեսզի երկու ճակատով նման հարձակումների պատճառով կեղծ պատկերացում չձևավորվի:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը նախատեսել է ԲՀԿ-ականների մեծ հավաք անցկացնել, որին մասնակցելու են նախկին գումարման բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները՝ չնչին բացառություններով: ԲՀԿ-ն, որը տեւական ժամանակ քաղաքական պասիվություն է դրսեւորում, փաստորեն, որոշել է ակտիվանալ, քանի որ Ծառուկյանի քաղաքական թիմի եւ խորհրդատուների հաշվարկով` շուտով ներքաղաքական զարգացումներ են սկսվելու, դրանցից դուրս մնալ չի կարելի։ Հավաքը կկայանա ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Կանյաչնիում, սեպտեմբերի 20-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Իվետա Տոնոյանը հրավերներ է ուղարկել մոտ 50 անձի, այդ թվում՝ գործող իշխանություններին կոշտ քննադատող Գեւորգ Պետրոսյանին, ով հեռացել է ԲՀԿ շարքերից, իսկ Նաիրա Զոհրաբյանը հրավեր չի ստացել։ Հավաքի նպատակը քաղաքական խնդիրներ քննարկելն է: Հավանաբար, հայտարարությամբ հանդես կգան։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը հավաք հրավիրելու տեղեկությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։ «Մենք անպայման հանդես կգանք հայտարարությամբ՝ առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին»,- ասաց նա»: