23.11.2024
Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Մենք խորապես մտահոգված ենք սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներմուծման շարունակական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։


«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային ուղևորափոխադրումների համար»,- ասել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառներով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի հարևանությամբ։


Ընթացիկ տարվա հունիսին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական սադրանքից հետո Ադրբեջանն արգելեց մարդասիրական ուղևորների և բեռների բոլոր փոխադրումները Լաչինի միջանցքով, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացման։


Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մարդասիրական օգնություն է ուղարկում Արցախ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից այն ռուս խաղաղապահները կտեղափոխեն Արցախ։ Հայկական անցակետի մոտ մարդասիրական օգնություններով բեռնատարներն առ այսօր կանգնած են: