VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում նախագահի նոր թեկնածուի մասով ակտիվ քննարկումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանական խմբակցությունները այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում, փորձում են կոնսենսուսային թեկնածու գտնել, բայց դեռ չի հաջողվում այս հարցում համաձայնության գալ. տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ԱԺ նորանշանակ խոսնակ Դավիթ Իշխանյանինը եւ պետնախարար Սամվել Շահրամանյանինը, բայց դեռ վերջնական թեկնածու չունեն: Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են փոխանցում, խորհրդարանական խմբակցությունները հակված են մեկ միասնական թեկնածու գտնել, որպեսզի նոր նախագահի ընտրության հարցն արագ լուծվի, բայց եթե համաձայնության չգան, չի բացառվում, որ խմբակցություններից յուրաքանչյուրն իր թեկնածուին առաջադրի:
Նոր նախագահի ընտրության հարցով ԱԺ նիստը պետք է տեղի ունենա այս ուրբաթ՝ սեպտեմբերի 8-ին. սա նշանակում է, որ պատգամավորները քիչ ժամանակ ունեն որոշում կայացնելու համար։ Հավելենք, որ, ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը երկար ժամանակ պաշտոններ է զբաղեցրել Արցախում, համարվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հավատարիմ կադրերից մեկը: Բակո Սահակյանը կարողացավ իր հեղինակության շնորհիվ իրավիճակը վերցնել իր ձեռքը ու այնպես անել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում նախագահի ընտրության առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։ Երեկվանից սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի ամսի 7-ին։ Երեկ որեւէ խմբակցություն թեկնածու չէր առաջադրել, սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը կհայտարարի առաջադրված թեկնածուների մասին, ապա եռօրյա ժամկետում կկայանա ընտրությունը՝ որոշել են ժամանակ չկորցնել եւ շաբաթ օրը նիստ հրավիրել։ Առաջին փուլում թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների 2/3-ի ձայները, այսինքն` 22 կողմ, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» 9 պատգամավոր ունի: Եթե ամեն ինչ հարթ գնա, հնարավոր է առաջին փուլով Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ։ Բայց նա պետք է հաշվի նստի ԱԺ ընդդիմության հետ եւ որոշ լծակներ զիջի՝ պաշտոնների տեսքով, իրեն ընտրելու դիմաց։ Ի դեպ, առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերում կոնսուլտացիաների փուլ է հայտարարված՝ թե՛ ներթիմային, թե՛ միջկուսակցական։ Երկրորդ փուլում բավարար է պարզ մեծամասնության քվեն։ Ի դեպ, չնայած ՀՀ իշխանությունը համոզված է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում մեծ դեր է խաղացել Ռուբեն Վարդանյանը, եւ այդ մասին ՔՊ-ական պատգամավորներն անգամ հայտարարություններ են անում ու լուրեր տարածում, թե նա վերադառնում է նախկին պաշտոնին, սակայն ԱՀ-ից վստահեցնում են, որ նոր ձեւավորվող կառավարությունում Վարդանյանը պաշտոն չի զբաղեցնելու: Արցախում չեն բացառում, որ պետնախարար նշանակվի Արայիկ Հարությունյանի մերձավորներից մեկը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործադիր մարմնում ավագանու ընտրություններից հետո պաշտոնանկությունների տեսքով մի շարք փոփոխություններ են սպասվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են մի քանի «կարկառուն» նախարարների հրաժարականները: Ըստ ՔՊ ներսում շրջանառվող տեղեկությունների՝ հրաժարական են ներկայացնելու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Մեր տեղեկություններով՝ իշխող քաղաքական թիմի ներսում մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց՝ ընդամենը խոսակցությունների մակարդակով. վերջնական որոշումը կկայացվի ավագանու ընտրություններից հետո: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գնել Սանոսյանին փոխարինելու է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնը բաժին կհասնի ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանին, որը երկար ժամանակ կատաղի պայքար էր տալիս այդ պաշտոնի համար:
Իշխող թիմն այս պահի դրությամբ Հակոբ Սիմիդյանին եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող դեռ չունի, բայց մինչ ընտրություն այս հարցն էլ կլուծեն: Ինչ վերաբերում է Գնել Սանոսյանին, ապա, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նրա եւ Արմեն Փամբուխչյանի համար նոր՝ «յուղոտ» պաշտոն է մտածել քաղաքապետարանում. նախատեսվում է, որ ավագանու ընտրություններից հետո նրանք պետք է զբաղեցնեն քաղաքապետի տեղակալների պաշտոնները: Սրանք այս պահին իշխանության ներսում եղած տրամադրություններն են, իսկ թե ինչով կավարտվեն գործընթացները եւ հետագա զարգացումները, ցույց կտա ժամանակը: Մենք առաջիկայում կհայտնենք:
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» է իրականացնելու. նշվում է, որ առնվազն հինգ նախարար հրաժեշտ է տալու աթոռին: «Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտոնանկությունները միայն նախարարներով չեն սահմանափակվելու. աշխատանքից կազատվեն նաև կառավարությանը ենթակա մի քանի մարմինների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ: Ի մասնավորի, կրկին սրվել են խոսակցությունները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության հետ կապված: Նախկինում մի քանի անգամ նման տեղեկություններ շրջանառվել են, սակայն այս անգամ, կարծես, «դանակը հասել է ոսկորին»:Մեր աղբյուրի փոխանցմամբ, Բադասյանը «մենակ» չի գնա, պաշտոնանկ կարվի նաև ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը: Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել Բադասյանի ու Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Ավելին, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ գործարարները կես կատակկես լուրջ ասել են, թե Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ «Վովայի Արշակ»: Հավելենք, որ մեզ փոխանցված տեղեկություններով, բավական լուրջ «սև» ցուցակ կա նաև ՊՈԱԿ-ների ու ՀՈԱԿ-ների ղեկավարների մասով, որոնցից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, կամ որոնց առումով կասկածներ կան կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածության հետ կապված:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թիմային աշխատանքից խոսող Հայկ Մարությանի (որը լքեց Նիկոլ Փաշինյանի թիմը) ներկայիս թիմից մինչեւ ընտրություններ, կարծես թե, թիմ չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրար հետ քաղաքական որեւէ կապ չունեցող նախկին քաղաքապետի թիմում արդեն սկսվել է սեւերի եւ սպիտակների բաժանման գործընթացը: Մարությանը անթաքույց ցույց է տալիս, որ ունի իր սիրելիները եւ առանձնապես չի էլ ցանկանում քարոզարշավին տեսնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից իրեն մինչ այս պահը անհայտ սեփական թիմի թեկնածուներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս կռվախնձորն է եղել պատճառը, որ քարոզարշավը մոտ 6 օր ուշ սկսվեց: Դեռ չձեւավորված թիմը, կարծես թե, սկսում է ճաքեր տալ: Հիմա ասեկոսեներից անցնենք փաստերի. ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ պայքարի սկզբնամասում Հայկ Մարությանի թիմից, սեփական դիմումի համաձայն, հեռացել են ավագանու երկու թեկնածուներ՝ Ավետիսյան Էլինան եւ Հակոբյան Ժիրայրը: Ինչու՝ հրապարակավ չեն ասում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ցանկացած ընտրության շեմին, նաև քարոզարշավի ընթացքում իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ, այդ թվում՝ բուն մասնակիցների կողմից: Երևանի ավագանու ընտրությունները ևս բացառություն չեն: Այս ընթացքում ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական միավորներ հարցումներ են անցկացրել, որոնց արդյունքները փաստացի տրամագծորեն հակառակ են միմյանց: Օրերս հերթական հարցման արդյունքները ներկայացրեց «GALLUP International Association»-ը: Ուշագրավ է, որ, ըստ հարցման արդյունքների, հարցված քաղաքացիների 38,8 %-ը չի կողմնորոշվել, թե որ ուժի օգտին է քվեարկելու: Ինչ վերաբերում է կողմնորոշվածների «քվեներին», ապա հարցման արդյունքներով որևէ ուժ լուրջ տոկոսներով հպարտանալու պատճառ այս պահին չունի: Համեմատաբար առարկայական տոկոսներ ստացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան), «Ազգային առաջընթաց կուսակցությունը» (Հայկ Մարության), «Ապրելու երկիր» կուսակցությունը (Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան), «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Դավիթ Խաժակյան), «Հաղթանակ» կուսակցությունը (Վիկտոր Մնացականյան)։
Ի դեպ, պետք է նշել նաև, որ հարցվածների 19,2 տոկոսը թեպետ կողմնորոշվել է ընտրության հարցում, բայց հրաժարվել է բարձրաձայնել այն։ Այս հարցման առաջնային առանձնահատկություններից մեկը, սակայն, այն է, որ անխտիր բոլոր ուժերը դժգոհ են արդյունքներից: Նրանք վստահ են, որ «GALLUP International Association»-ի հարցման արդյունքները օբյեկտիվ պատկերը չեն ներկայացնում: Իրենց սեփական հարցումներն են տարբեր համացանցային հարթակներով հանրայնացնում թե՛ իշխանամերձ, թե՛ ընդդիմադիր ուժերը, որոնք տրամագծորեն հակառակ պատկեր են ներկայացնում։ Բանը հասել է այնտեղ, որ, օրինակ՝ տարածվող հարցումներից մեկով իշխանության «սրտի» թեկնածու Տիգրան Ավինյանին վերագրվում է ավելի քան 40 % ձայն։ Այնուամենայնիվ, բոլոր այս հարցումները ցույց են տալիս, որ այս ընտրություններին ընդառաջ չափազանց մեծ է չկողմնորոշված, բայց քվեարկությանը մասնակցելու պատրաստ անձանց թիվը, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 17-ին կարող են «տհաճ» կամ «հաճելի» անակնկալներ լինել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հարցաքննության, ինչպես նաեւ առերեսման է հրավիրել «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանին: Հիշեցնենք, որ գնդապետ Կորյուն Եղիազարյանը առավել հայտնի է 2018թ.-ի հեղափոխության օրերին. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ միասին զբաղված է եղել Արգավանդի «պաշտպանությամբ»: Նրանք դիմադրում էին, որ ոչ մի դեպքում իշխանությունը չփոխվի, եւ փողոցում քայլողները իշխանության չգան: Եղիազարյանը հարցաքննության է հրավիրվել ոչ թե այդ արարքի, այլ ուրիշ պատրվակով։ Նրան հարցաքննության ու առերեսման են հրավիրել Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար, ՊՊԾ պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով:
«Փաստ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, շատերի ուշադրությունը գրավեց Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի վրա «սավառնող» Արցախի դրոշը: Սոցցանցերում այդ տեսանյութի տարածմանը զուգահեռ՝ տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ով կարող էր կազմակերպած լինել այդ ակցիան: «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի դրոշի «դրոնային» ծածանումը Հանրապետության հրապարակում նախաձեռնել ու իրականացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը չհերքեց մեր տեղեկությունները, բայց և, միևնույն ժամանակ, չցանկացավ հավելյալ տեղեկություններ հայտնել: