14.12.2024
ԱԳ փոխնախարարը ԵՄ նոր դեսպանին ասել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման մասին
prev Նախորդ նորություն

Երևանը հերքում է Արցախ այլընտրանքային ճանապարհով բեռներ փոխադրելու Բաքվի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան, Ֆոտո` www.mfa.am
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան, Ֆոտո` www.mfa.am

Հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։


Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարության պնդմանն առ այն, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։


«Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։


Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների։


Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն»: Ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։


Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։


Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում» , -ասված է հայտարարության մեջ: