26.11.2024
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքել է սահմանին զորքերի կուտակման մասին Բաքվի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսի 16-ին արտահերթ նիստ կգումարի՝ նվիրված Արցախում տիրող իրավիճակին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։


«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի արտահերթ հանրային նիստ է նշանակել՝ ի պատասխան Հայաստանի այն հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, և 120,000 մարդ կանգնած է սովի և հումանիտար աղետի առաջ»,- ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության տարածած հայտարարությունում։


ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կազմում այդ կազմակերպության աշխատանքային ծրագիրը։


Օգոստոսի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման պատճառով արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։


«Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պատասխանատու մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը», - ասված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակում։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառներով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է սահմանել Լաչինի միջանցքում՝ Հակար գետի կամրջի հարևանությամբ։


Ընթացիկ տարվա հունիսին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական սադրանքից հետո Ադրբեջանն արգելեց մարդասիրական բոլոր ուղեւորափոխադրումները Լաչինի միջանցքով։


Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մարդասիրական օգնություն է ուղարկում Արցախ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից այն ռուս խաղաղապահները կտեղափոխեն Արցախ։ Մարդասիրական օգնություններով բեռնատարները դեռ կանգնած են Կոռնիձորում: