Փաշինյանը Օսկանյանի հայտարարություններում որևէ օգտակար բան չի տեսնում
Վարդան Օսկանյանը բեկում կարող էր բերել իր պաշտոնավարման տարիներին. այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք չի ընդունելու ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները:
"Ես դեռեւս 2019 թվականին հայտարարել էի, որ կաշկանդվածություն չունեմ Արցախի հարցով նախկին նախագահների հետ սեղանի շուրջ նստելու հարցում։ 44-օրյա պատերազմի ընթացքում նման առաջարկ եղել է ԼՂ նախկին նախագահներից, ես այն ընդունել եմ, սակայն հետագայում նախագահներն են հրաժարվել մասնակցությունից։ Հիմա, եթե նոր նախաձեռնություն լինի, ես կրկին վերաբերմունք կարտահայտեմ:
Այո, Հայաստանի բոլոր նախկին ԱԳ նախարարներն էլ կարող են նման հայտարարություններ անել, բայց եթե բեկում էր պետք, պարոն Օսկանյանը կարող էր իր պաշտոնավարման ընթացքում դա անել եւ տեսանելի դարձնել մեզ այդ բեկումը։ ԱԺ քննիչ հանձնաժողովում գնահատականներ տվել եմ պարոն Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի վարած քաղաքականությանը, մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքների հարցով, եւ իմ գնահատականները չեն փոխվել", -ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, ինքն ուշադիր հետեւում է բոլոր հայտարարություններին եւ որեւէ օգտակար բան չի տեսնում: