Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Որոշումը կայացվել է 2023 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա:
Նշվում է, որ ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝
20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
2 տրանսպորտային միջոց.
Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.
Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դրամական միջոցները 2021 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմում են 980 միլիոն դրամ և մոտ 2 միլիոն դոլար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով նրա ներկայացրած՝ գույքի, ունեցվածքի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Քոչարյանը համատեղ սեփականությամբ 196 քառակուսի մետր մակերեսով բնակարան ունի Ստեփանակերտում, նաև 1 715 քառակուսի մետր մակերեսով առանձնատուն՝ Երևանի Ծովակալ Իսակովի փողոցում։
Ռուսական «Սիստեմա» խմբում Քոչարյանը անկախ տնօրեն լինելուց բացի, տնօրինում է 0,0306 տոկոս բաժնեմասը։ Որպես «Սիստեմա»-ի տնօրեններից մեկը՝ Քոչարյանի վարձատրությունը կազմում է մոտ 200 հազար դոլար, նա ունի 78 հազար դոլարի բանկային ավանդ և 29 միլիոն դրամի կորպորատիվ պարտատոմս։
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյան բնակարան ու ավտոտնակ ունի Երևանի Աբովյան փողոցում, նաև՝ Վազգեն Սարգսյան 10 հասցեի հասարակական տարածքի համասեփականատերերից է։ Նա «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի բաժնետերն է և ընկերությունից 604,2 միլիոն դրամի շահույթ է ստանում, ևս 18 միլիոն դրամի՝ աշխատավարձ։ Լևոն Քոչարյանը «Նաիրի ինշուրանս»-ից բացի՝ 50 տոկոս բաժնեմաս ունի «Զեմկոմինվեստ», 33,3 տոկոս՝ «Սփեյս մենեջմենթ» ընկերություններում։
Նրա դրամական միջոցները հունիսի 5-ի դրությամբ կազմել են 161 միլիոն դրամ և 395 հազար դոլար։ Քոչարյանն ունի նաև Toyota RAV և Toyota Camry մակնիշի մեքենաներ։