25.11.2024
Վահե Հովհաննիսյան. Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին
prev Նախորդ նորություն

Դավիթ Խաժակյանը՝ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների միասնական թեկնածո՞ւ․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր 2 խմբակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին քննարկում են ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու հարցը։ Նրանք ինտենսիվ հանդիպումներ են ունենում, երբեմն՝ բացօթյա սրճարաններում։ Քաղաքապետի միասնական թեկնածու է դիտարկվում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով ԼՀԿ-ի թեկնածուն է։ Ինչ արդյունքներ կտան քննարկումները, պարզ կդառնա առաջիկայում։ Ավագանու անդամ Մարկոս Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել լուրը։ Չհաստատելով տեղեկությունը՝ նա ասաց, որ ինքն ու Խաժակյանն ընկերական հարաբերություններ ունեն, պարբերաբար հանդիպում-քննարկում են ընթացիկ քաղաքային հարցեր: Խաժակյանն էլ նշեց, որ այս շրջանում տարբեր քննարկումներ է ունեցել տարբեր գործիչների հետ եւ չի բացառում, որ միասնական ձեւաչափ կլինի: Ավագանու ԲՀԿ ֆրակցիան ունի 5 անդամ, ղեկավարը Միքայել Մանրիկյանն է։ «Լույս» դաշինքն ունի 3 անդամ, որոնցից մեկը «Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանն է՝ նրանց քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս ապրիլին Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել էր, թե ինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: «Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա: «Փաստ» թերթի տեղեկություններով, Մնացականյանը ներկայում բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հայտնի է, թե ինչ քաղաքական ուժի ցուցակ է նա գլխավորելու: Մեր տեղեկություններով, կուսակցությունը կոչվում է «Հաղթանակ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իշխանությունների «սրտի ընդդիմադիր» Արմեն Գեւորգյանն օրերս անհարմար եւ տհաճ իրավիճակում է հայտնվել: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 3-6-ը գործուղվել էր Լեհաստան: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը: Պատվիրակության կազմում ընդդիմադիրներից ընդգրկված է եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, որը, ինչպես հայտնի է, ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրներից է. վերջինս, կարծես, ընդամենը թվացյալ ընդդիմադիր լինի, մշտապես խուսափում է սուր քննադատել իշխանություններին, թերեւս սրա համար էլ դարձել է ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրը, բավականին հաճախ էլ գործուղումների է մեկնում իշխող ֆրակցիայի պատգամավորների հետ:


Օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին օդանավակայանում պատգամավոր Գեւորգյանին չեն թողել դուրս գալ երկրից: Այսինքն՝ ԱԺ նախագահը կազմել է պատվիրակություն, ստորագրել փաստաթղթեր, պետբյուջեից վճարվել են ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի համար, սակայն ուժային կառույցները թույլ չեն տվել Գեւորգյանին դուրս գալ երկրից: ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատվիրակության հետ չի մեկնել Լեհաստան։ «Արմեն Գեւորգյանը պետք է մեզ հետ Լեհաստան գար, սակայն վերջին պահին օդանավակայանում նրա ելքը փակ էր, այդ պատճառով չի կարողացել մեկնել Լեհաստան, բայց մինչ այդ մեզ հավաստիացրել էին, որ որեւէ խնդիր չի լինելու, դրա համար նա ընդգրկվել էր պատվիրակության կազմում »,-ասաց Խաչատրյանը: ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքվեցինք նաեւ՝ արդյոք ընդդիմադիր այլ պատգամավորների առաջարկել են մեկնել Լեհաստան, Խաչատրյանը պարզաբանեց. «Որեւէ մեկին չի առաջարկվել, որ նրանք էլ հրաժարվել են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանը ԱԺ պահպանություն իրականացնող անվտանգության աշխատակիցներին պարգեւատրել է։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՊՊԾ 17 աշխատակիցների պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշանվերով: Իսկ ինչ ծառայություններ են մատուցել ՊՊԾ աշխատակիցները ԱԺ-ին եւ Ալեն Սիմոնյանին, դժվար չէ կռահել: Ամեն անգամ, երբ ընդդիմադիրների հետ իշխանական պատգամավորների վիճաբանությունը սրվել է կամ որեւէ ընդդիմադիր պատգամավոր քննադատել է Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանը հրահանգել է անվտանգության աշխատակիցներին ներս մտնել եւ ընդհուպ բռնության դուրս հանել պատգամավորներին դահլիճից: Ահա ինչի համար են ՊՊԾ 17 աշխատակիցներ պարգեւատրվել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաքվեի» նկատմամբ դրական վերաբերմունքն անհանգստություն է առաջացրել իշխանության մոտ։ Ամենաբարձր մակարդակով հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել գործընթացը: Նախ՝ որոշ համայնքապետեր հրաժարվեցին համայնքապետարանից տարածք տրամադրել, հետո` սպորտային հագուստով անձանց թույլ չեն տալիս մտնել, հիմա էլ ամբողջ թիմով նախաձեռնությունը կապում են նախկինների` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, թե սա իշխանության վերադառնալու հերթական փորձն է։ Հիշեցնենք․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք է ընթանում, որպեսզի Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանվի՝ 10-15 տարի։ Եթե 50 հազար քաղաքացի ստորագրի, նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։ Նախաձեռնողները թաքցնում են, թե այս պահին քանի քաղաքացի է ստորագրել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից 3 տարի անց, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում խոսեց շատ թեմաների մասին՝ չկաշկանդվելով պետական գաղտնիքի հրապարակումից: Հիմա իշխանական հանձնաժողովի նախագահը պլանավորում է՝ ինչ անել առաջիկայում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, հանձնաժողովը այս օրերին քննարկում է, թե վարչապետից հետո որ պաշտոնյաներին հերթականությամբ պետք է հրավիրեն հանձնաժողով: Մասնավորապես, քննարկում են հաջորդը քննիչ հանձնաժողով հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Թե ինչպես նա պետք է գա շրջափակված Արցախից, չեն պատկերացնում անգամ ՔՊ-ականները: Այնուհետեւ ԱԺ-ում մտադիր են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրավիրել: Ի դեպ, երեկ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն թույլ տան գնալ ԱԺ՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստերը չեն կայանում: Բանն այն է, որ դատարանը առաջին նիստը նշանակել է մայիսի 16-ին, սակայն գործով անցնող անձանց պաշտպանները առաջին նիստի օրը չեն ներկայացել դատարան՝ նշելով, որ չեն կարող ներկայանալ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն է նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չի կայացել: Դատարան է ստացվել մեղադրյալի պաշտպանների դիմումն առ այն, որ մասնակցելու են Փաստաբանների պալատի կողմից անցկացվող սեմինարին եւ միաժամանակ նաեւ իրականացվող ակցիային: Ստացվում է, որ դատարանը նիստեր է հրավիրում, բայց դրանք չեն կայանում: Հերթական նիստը հրավիրվել է հուլիսի 26-ին: Ի դեպ, չնայած դատապաշտպաները չեն գալիս, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել է դատարան: Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել։ Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել՝ պատասխանելով Վարդանյանի ագրեսիային։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնք գտնվում են Երեւանում։ Անշարժ գույքերից մեկը ձեռք է բերվել 2000 թվականին, մյուսը՝ 2017 թվականին, սակայն հայտարարագրում այն ձեռք բերելու ձեւը նշված չէ՝ կանխիկ, թե հիփոթեքով: Բացի այս, նա ½ բաժնեմաս ունի մեկ այլ բնակարանից, որը ձեռք է բերվել արդեն 2021 թվականին, և կրկին այն ձեռք բերելու տարբերակի մասին տեղեկություններ առկա չեն։ 2022 թվականի մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում, նաեւ եղել է Դավթաշեն վարչական շրջանի ավագանու անդամ։ Պաշտոնյան, հայտարարագրի համաձայն, դեռեւս 2017 թվականին 15 հազար դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ չի մանրամասնել: Եթե սա լիներ նախկինում, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռումպացված չինովնիկ, իսկ հիմա լռում է:


Հավելենք, որ անցնող տարվա սկզբում նա իր բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ մեկ մլն դրամ գումար է ունեցել, սակայն արդեն տարեվերջին այդ գումարները ծախսված են եղել: Թե ինչի վրա է ծախսել, էլի պարզ չէ, քանի որ ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։ Իսկ, ահա, որպես տարեվերջին առկա կանխիկ գումար, վարչական շրջանի ղեկավարը հայտարարագրել է 41 հազար դոլար, 4500 եվրո եւ 10 մլն դրամ գումար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 8 մլն 433 հազար դրամ, որից 6 մլն դրամը որպես վարչական շրջանի ղեկավարի նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 720 հազար դրամն էլ նա ստացել է Հայփոստից՝ թերեւս էլի որպես աշխատավարձի ինչ-որ մաս: Հավելենք, որ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանն այս տարվա հունվարին աղմկահարույց պատմության մեջ էր ընկել։ Նրա վրա կրակել էին եւ ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ոստիկանությունն ուղիղ 100 մլն դրամ է տրամադրել մեքենաների վերանորոգմանը, որից 50 մլն-ն ծախսվել է 4 մեքենայի, իսկ մյուս 50 միլիոնը՝ 150 մեքենայի վերանորոգման համար։ Ոստիկանությունը հունիսի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով  50 մլն դրամանոց պայմանագիր է ստորագրել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ, այդ գումարի դիմաց կազմակերպությունը պետք է վերանորոգի 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT մակնիշի ավտոմեքենաները։ Եվս մեկ` 50 մլն դրամ արժողության պայմանագիր ոստիկանությունը ստորագրել է հուլիսի 3-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով, ընկերությունից 2020-2021 թվականներին գնված 150 «Շկոդա Օկտավա» մակնիշի ավտոմեքենաների վերանորոգման համար, այսինքն՝ ամեն մեքենայի վրա մոտ 340 հազար դրամ է ծախսվել։ Նշենք, որ այս մեքենաներն օգտագործվում են պարեկային ծառայության կողմից։ Ժամանակին սխալ գնում կատարեցին` ընտրելով եւ բավական բարձր գին վճարելով «Շկոդային», հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար: