24.11.2024
Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ և ԵՄ հետ հարաբերություններում. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին եւ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:


Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մշտապես ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին եւ դեռեւս 90-ականներից շատ լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարեւոր գործունեությանը:


Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ համագումարը միշտ կանգնած է եղել պետության կողքին եւ անշահախնդիր կերպով բազմաթիվ ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում:


Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ եւ Եվրամիության երկրների հետ հարաբերություններում եւ ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատման վերաբերյալ:


Հանրապետության նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի եւ կարեւոր է ամերիկյան եւ, ընդհանարապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:


Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաեւ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը նախագահը շեշտել է, որ Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ելակետից եւ հավատարիմ է այդ մոտեցմանը:


Նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է նաեւ հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական եւ հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների: