Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն դրամ գումարի չափով, որը կուղղվի Վայոց ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիրների ստեղծմանը և դպրոցների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: Այսպիսով՝ նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր 23 հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կապահովվի կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ: Նախարարը հիշեցրել է, որ վերջին ամիսներին մենք արդեն 3 նմանատիպ որոշում ենք կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ: «Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130, որտեղ կսովորեն շուրջ 40 հազար աշակերտ։ Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ բնակավայրերում համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը:
«Ենթադրենք ունենք կրթահամալիր և կրթահամալիրի գոտում գտնվող բնակավայր, որտեղ բնակչությունը մեծ չէ: Մենք այդտեղ կրթության հնարավորությունը ստեղծում ենք, մեր հաջորդ միտքը պետք է լինի, որ այդտեղ ճանապարհի խնդիրը լուծենք: Ինչպես պայմանավորվել ենք՝ մեր հաջորդ խնդիրը պետք է լինի, որ այդտեղ առողջապահական ամբուլատոր ծառայությունները հասանելի լինեն նույն տրամաբանության մեջ: Մենք չենք ասում՝ ամեն գյուղում պետք է լինի ամբուլատորիա, բայց նորմալ ճանապարհով, նորմալ տրամաբանական հեռավորության վրա հասանելիություն պետք է ունենա նաև ամբուլատոր ծառայությունը: Հիմա մենք ճանապարհը կառուցում ենք, կրթահամալիրը ստեղծում ենք, ամբուլատորիան ստեղծում ենք, բայց գյուղում մենք ունենք շատ քիչ բնակչություն: Բնակարանների գնման վկայագրերով և բնակարանների կառուցման ծրագրեր ունենք, որ առաջարկում ենք քաղաքացիներին: Հիմա այն բնակավայրերում, որտեղ մենք պետական ներդրումներ ենք անում, բայց այդ բնակավայրերում բնակչության թվի խնդիր ունենք, այն մյուս ծրագրերը պետք է վերաձևակերպենք և ահա կոնկրետ անունով բնակավայերի պարագայում բոնուս ավելացնենք: Այսինքն՝ այդտեղ բնակարան ձեռք բերելը կլինի ավելի մատչելի շահառուի համար: Սա մեզ հնարավորություն կտա կոնկրետ այդ տարածքների համար համաչափ զարգացման մեր ծրագիրը դարձնել առավել ամբողջական»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են նաև գրավիչ լինել Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ հայրենադարձության ծրագրերի իմաստով:
«Հիմա, երբ այս ծրագրերն արդեն ընթացք են տրվում, այս գյուղերում, այս բնակավայրերում արդեն երկրորդ, երրորդ շերտի գործողությունները պլանավորելու մասին պետք է մտածենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ բնակավայրերում պետք է լուծվեն նաև այլ հարցեր ևս, մասնավորապես՝ ինտերնետի ապահովման, մարզասրահների, լողավազանների ստեղծման:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ բնակավայրերում առկա խնդիրներին ծանոթանալուն օգնում են նաև մարզային այցերը. «Այդ առումով ես ուզում եմ կարևորել մեր այցերը տարբեր բնակավայրեր, տարբեր գյուղեր, որովհետև շատ բան կա՝ այստեղից այլ կերպ է երևում, երբ գնում ես տեղում ես տեսնում՝ բոլորովին այլ կերպ է երևում: Մենք պետք է կարողանանք այս ծրագրերը զարգացնել՝ մարդկանց, քաղաքացիների պոտենցիալ շահառուների հետ անմիջական կապի և շփման արդյունքում»: