Իրանը չի վստահում ՀՀ ղեկավարությանը, ինչը մեզ համար կործանիչ կարող է լինել. Պողոսյան
Էրդողանի խոստովանությունը վկայում է, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» տրամադրման հարցում միակ խոչընդոտը մնացել է Իրանը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը ու շարունակում.
«Կա շատ պարզ բացատրություն. ովքեր այս ընթացքում խոսում են Իրանի դեմ, Իրանի դեմ տրամադրություններ են ստեղծում, նրանք սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական շահերը։
Ցավոք այդ մարդկանց մեջ ո’չ միայն արևմտամետ դեմքեր կան, այլ նաև իրենց ազգայնական հորջորջող դեմքեր։
Ի դեպ` արդեն մի քանի տարբեր իրանական փորձագետների մոտ հանդիպել եմ մտահոգության, որ եթե «մինչ օրս Թուրքիային և Ադրբեջանին չի հաջողվել ռազմական ճանապարհով օկուպացնել Սյունիքը և փակել հայ-իրանական սահմանը, ապա իրենք մտահոգված են, որ դա կանեն քաղաքական ճնշումների միջոցով»:
Իրավիճակը այնպիսին է, որ Իրանը առաջին հերթին չի վստահում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչը մեզ համար կործանիչ ազդեցություն կարող է ունենալ։
Ահա’, այսպիսին է օրվա վատթար դրությունը»,- գրել է Պողոսյանը։