24.11.2024
Այդ ի՞նչ ծրագիր է իրագործվում, որին դեմ է Իրանը, իսկ Հայաստանը խնդիր չէ. Նորիկյան
prev Նախորդ նորություն

Սարգսյանի և Քոչարյանի հարաբերություններն ազդում են թիմակիցների վրա, կապը խզվել է. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ դարձավ. «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությանը, որով խստացվում են պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով։ «Պատիվ ունեմ»-ից հարկ չհամարեցին հրապարակային պարզաբանել իրենց դիրքորոշումը: Սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ՊՈՒ-ականների «ձեռնպահ»-ի պատճառը ՔՊ-ի «կողմն» է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն կարող մի բանին կողմ լինել, որին ՔՊ-ականներնն են կողմ։ Սակայն մենք պարզեցինք, որ սա ընդդիմադիր խմբակցության դիրքորոշման հարցում միայն կիսով չափ է դեր խաղացել։ Քվեարկությունից հետո 2 ֆրակցիաները խոսակցություն են ունեցել, որից մանրամասներ են մեզ հայտնի դարձել: Պարզվում է՝ ՊՈՒ-ականները նիստի ժամանակ են տեղեկացել, որ գործընկեր ուժը նման նախագիծ է ներկայացրել, մինչդեռ նախկինում, որպես կանոն, համատեղ քննարկել են ներկայացվելիք նախագծերը, փոխադարձ աջակցություն ակնկալել։ Եվ քանի որ տեւական ժամանակ է՝ ընդդիմադիրները շարքային նախագծեր չեն ներկայացնում, միայն հանդես են գալիս անվտանգային խնդիրներից եւ հետպատերազմական իրավիճակից բխող նախաձեռնություններով, ՊՈՒ-ականներն անակնկալի են եկել եւ որոշել են ձեռնպահ քվեարկել։ Սակայն մեզ վստահեցրին, որ այս բացթողումն առաջիկայում կշտկվի։ Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերություններն ուղիղ ազդում են թիմակիցների պահվածքի վրա: Իսկ նրանց միջեւ կապն ակնհայտորեն խզվել է»:


«Փաստ» օրաթերթը գրում է․ Չնայած Երևանի ավագանու ընտրություններին դեռ մոտ երեք ամիս կա, ու, բնականաբար, պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, այդուամենայնիվ, մի քանի թեկնածու արդեն իսկ ինտենսիվ քարոզարշավ է իրականացնում: Ավելին, կան տեղեկություններ, որ PR խմբեր և շտաբների համար տարածքներ են սկսել վարձել: Էլ ավելին՝ նախօրեին պարզվեց, որ հայտնի է ՔՊ-ի շտաբի պետը: Խոսքը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մասին է: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, այս ողջ ընթացքում ամեն ինչ անում է քարոզարշավի համար քաղաքապետի տեղակալի ընձեռած հնարավորություններից լայնորեն օգտվելով՝ միևնույն ժամանակ որոշակի «դիստանցիա» պահելով ՔՊ-ից: Բայց ահա, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը որոշել է կասեցնել այդ «ինքնուրույնությունը» և շտաբի պետ է նշանակել իր ամենահավատարիմ «զինակիցներից» մեկին: Ի դեպ, այստեղ մի հետաքրքիր հանգամանք էլ կա. պարզվում է՝ Արմեն Փամբուխչյանն ու Երևանի քաղաքապետի հիմնական թեկնածուներից Մանե Թանդիլյանի ընտրական ճանապարհները մեկ անգամ արդեն խաչվել են: Ի մասնավորի, 2018 թ. խորհրդարանական ընտրություններում նրանք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են նույն ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջաններում։ Այն ժամանակ Փամբուխչյանն ստացել է 1666 ձայն, իսկ Թանդիլյանը՝ 3636 ձայն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ հունիսի 16-ին, 17-ին ՔՊ-ականները քաղաքական ժողով են անելու Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երկարատեւ բանակցություններից հետո ՔՊ-ականները երկուշաբթի օրը տեղի ունեցած վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հստակեցրել են քաղաքական ժողովի օրակարգը: Այսպիսով, ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում լինելու են ավագանու ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը: Բանն այն է, որ ՔՊ-ականները գրեթե կասկած չունեն, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու է, բայց, մյուս կողմից, իշխանականներն իրենց առջեւ նպատակ են դրել գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել Ավինյանի համար, որպեսզի, նախ, միջազգային հանրությունը հերթական զեկույցը չգրի իրենց ոչ ժողովրդավար լինելու մասով, ապա ընդդիմությանը խոսելու առիթ չտան, թե ոչ հավասար պայմաններում են անցել ընտրությունները: ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում լինելու են կուսակցության մարտավարության, մարզային կառույցների գործունեության հետ կապված հարցերը: Անվտանգային հարցերը նույնպես լինելու են քաղաքական ժողովի օրակարգում, բայց ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, առաջնային լինելու են քաղաքական եւ ներկուսակցական հարցերը: Ինչպես մեզ փոխանցեցին, նաեւ քաղաքական ժողովի հրավիրյալների ցանկը դեռ վերջնական հստակեցված չէ. դրա շուրջ դեռ քննարկումներ են գնում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանը ՀՀ-ին ստիպում է սահմանազատում, բայց ինքը ոչ մի երկրի հետ չի արել դա։ 2021 թվականի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները ապօրինի ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հարցը առաջին պլան մղվեց: Հայաստանը հարեւան որեւէ երկրի հետ սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա չի իրականացրել, թեեւ Իրանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ տարածքային խնդիրներ չկան։ Արեւելյան կողմից հարեւան Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում եւ սահմանագծում իրականացված չէ, գրեթե ամեն օր տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին:  Ադրբեջանի բռնատիրական նախագահն էլ, կեղծ քարտեզներ վկայակոչելով, սպառնում է, թե Հայաստանը պետք է դեմարկացիան եւ դելիմիտացիան իրականացնի իրենց իսկ թելադրած պայմաններով, այն է` պետք է բացվի դեպի Նախիջեւան տանող ճանապարհը, երկրորդ` Լեռնային Ղարաբաղում չպետք է լինեն Հայաստանի զինված ստորաբաժանումներ, արցախցիները պետք է ստանան ադրբեջանական անձնագրեր: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն իր հարեւան մյուս երկրների հետ դեմարկացիա իրականացրել է, որ հիմա փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Փորձագետը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, ընդ որում՝ Վրաստանի հետ լուրջ հակասություններ կան այդ առումով: 


Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանին, ապա դրանք սահմանազատվել են՝ խորհրդային քարտեզների համաձայն, բայց Իրանի հետ էլ կան խնդիրներ՝ Կասպից ծովի բաժանման, ռեսուրսների վերահսկման առումով, ուստի այդտեղ էլ առկա են լուրջ հակասություններ: Իսկ ինչու՞ է սպառնում Հայաստանին՝ ստիպելով իր իսկ պայմաններով դելիմիտացիա իրականացնել. «Ադրբեջանական կողմը, չունենալով դելիմիտացված սահման իր հարեւանների հետ, հսկայական ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանի հետ կապված հստակ ծավալապաշտական նկրտումներ ունի: Օրեր առաջ էլ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ իրենք միջազգային իրավունքը չեն հարգում, գերական ուժն է իրենց համար, եւ ուժով պետք է խնդիրները լուծեն, իսկ մնացածը լիրիկական զեղումներ են: Բնականաբար, իրենք բանակցում են, այդ գործընթացներն օգտագործում են իրենց դիրքերն ամրապնդելու համար, բայց հետո գնում են նորանոր էսկալացիաների»: Հավելենք, որ արդեն երկու օր է, ինչ Երասխի հատվածում ժամերով կրակահերթ է արձակում Ադրբեջանը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել է, թե Լաչինի միջանցքի հետ կապված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրավասություններ ու լիազորություններ չունեն: Ենթադրենք... Բայց շատ հետաքրքիր է, իսկ Սոթքի՞, Տեղի՞, Երասխի հետ կապվա՞ծ էլ որևէ լիազորություն կամ հանձնառություն չունեն: Թե՞ այստեղ էլ պարզապես հետաքրքրություն չունեն: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Սա, իհարկե, առաջին դրվագը չէ ու, ցավոք, վերջինը չի լինելու: Ու այս խորապատկերում աչք են ծակում ինչ-որ «խաղաղության» մասին դատարկ ու բացարձակապես որևէ իրական հիմք չունեցող խոսակցությունները, պայմանագրային նախապատրաստությունները, հայտարարություններն առ այն, թե՝ «կոմունիկացիաները կբացվեն»: Ու գիտեք, Նիկոլ Փաշինյանից բացի, կան այլ անձինք, որ բացարձակապես հալած յուղի տեղ են ընդունում այդ ամենը: Բայց ի՞նչ «կոմունիկացիաների բացման» մասին կարող է խոսք լինել, եթե դու դա փորձում ես պայմանավորվել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ չունենալով որևէ երաշխիք: Ի դեպ, խոսում էին նաև այն մասին, որ ադրբեջանական փոխադրումները Հայաստանի տարածքով անցնելու ընթացքին հետևելու է ռուսական կողմը:


Այսինքն, Ռուսաստանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն են հսկելու այդ ընթացքը: Բայց ոչ ոք ոչինչ չի խոսում, թե, օրինակ՝ ո՞վ է հսկելու Հայաստանի քաղաքացիների կամ հայկական բեռների ընթացքը, ո՞վ է ապահովելու նրանց անվտանգությունը, եթե անցնեն ադրբեջանական վերահսկողության ենթակա տարածքներով և երկաթգծերով կամ ճանապարհներով: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանցիները առաջին իսկ հնարավորության դեպքում իրենց տարածքում հայտնված հայերին առնվազն վնասելու են, եթե ավելին չասենք, բեռները փչացնելու են, մթերքը թունավորելու են: Ի՞նչ «կոմունիկացիաների բացման» մասին է խոսքը, եթե թշնամին բացահայտ ցույց է տալիս, որ իր առանցքային նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, բոլոր հնարավոր եղանակներով Հայաստանին վնաս պատճառելը: Առհասարակ, մարդ ի՞նչ աստիճանի պետք է խելքը հացի հետ կերածի վիճակում լինի, որ լրջորեն հավատա, թե ադրբեջանական թուրքերը այս իրավիճակում հնարավորություն են տալու, որ Հայաստանը տնտեսապես շնչի, ինչ-որ բեռներ ուղարկի և ստանա: Ադրբեջանը հենց Հայաստանը խեղդամահ անելու հնարավորություն տեսնի, հետևողականորեն իրագործելու է այն: Ու իրագործում է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են Հայաստանում իշխանության ղեկին..


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը մոտ կես ժամանոց տեսակապով ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, երկրի ներսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացին։ Իր խոսքում Բաբայանը ներկայացրել էր ընդհանուր իրավիճակի վերաբերյալ սեփական մոտեցումները, քննադատական խոսք հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին, ընդգծել, որ «իշխանությունների մոտ պատասխանատվության պակաս կա, ծրագիր չունեն»։ Հարցազրույցի հիմնական մեսիջը, սակայն, այն էր, որ Բաբայանը հայտարարեց՝ այլևս որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի: «Ես այլևս պատրաստ չեմ որևէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն»,- ասել էր նա։ Այստեղ «բանալի բառը» այլևս-ն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում իշխանության հասնելու լուրջ մտադրություններ ունեցող, բայց իր պլաններում հաջողության չհասած Բաբայանը, հասկանալով, որ չունի հանրային աջակցություն, դադարեցրել է իր քաղաքական ակտիվությունը և իր թիմակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել, թե «պաուզա» է վերցնում, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ հանրային նման մինիմալ աջակցության պայմաններում Բաբայանը քաջ գիտակցում է, որ որևէ բան պարտադրելու լծակ ու հնարավորություն ուղղակի չունի։ Դրանից էլ բխում է նրա վերոնշյալ հայտարարությունը, որը հիշեցնում է հայտնի առակից բխող ժողովրդական դարձած արտահայտությունը «խակ խաղողի» մասին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, որը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է, օպերատիվ համարանիշներով է շրջում: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդապետյանը ԲԴԽ-ում միակ խորհրդականն է, որն ունի ավտոմեքենայի օպերատիվ համարանիշներ, եւ հարց է առաջանում՝ ինչպես են այդ համարանիշները հայտնվել Կարեն Անդրեասյանի խորհրդականի մոտ: Պարզվում է՝ հայրենի դատական համակարգի անկախության թիվ մեկ երաշխավոր կառույցի անդամների համար դեռ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ոստիկանություն եւ 10 հատ օպերատիվ համարանիշներ խնդրել: Բնականաբար, ոստիկանությունը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի խնդրանքը եւ ԲԴԽ-ի 10 անդամներին հատկացրել օպերատիվ համարանիշներ: Ու քանի որ ԲԴԽ անդամների փոփոխությունները հաճախ են լինում վերջին տարիներին, ԲԴԽ որոշ անդամների օպերատիվ հարամանիշները փոխանցվել են նորեկներին՝ բացառությամբ մեկի: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը, որը «իր սրտի պաշտոնյան» չէ, չի կարող օպերատիվ համարանիշներ ունենալ:


Ըստ ամենայնի, հենց նրան «հասանելիք» օպերատիվ համարանիշն է Կարեն Անդրեասյանը տվել իր խորհրդական Արշակ Վարդապետյանին: Իսկ ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Դատական համակարգում լուրեր կան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Արշակ Վարդապետյանը օպերատիվ համարանիշներով հաճախ է լինում տարբեր դատարաններում, հանդիպում դատարանների նախագահների հետ՝ նրանց փոխանցելով Կարեն Անդրեասյանի մեսիջները, թե որ գործով ինչ վճիռ կամ որոշում է անհրաժեշտ քաղաքական իշխանությանը: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Արշակ Վարդապետյանից՝ հետաքրքրվելով, թե երբ է ստացել օպերատիվ համարները, եւ արդյոք դատարանների նախագահների մոտ գնալու առաքելության համար է ստացել համարանիշները: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին ի պատասխան՝ Արշակ Վարդապետյանը նշեց. «ԲԴԽ գործունեության հետ կապված բոլոր հարցերով խնդրում եմ կապվել ԲԴԽ մամլո ծառայության հետ»։ Նա, ըստ էության, հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող հարցերին: Հավելենք, որ ավտոմեքենաների վրա դրվող օպերատիվ համարանիշները հիմնականում անվերահսկելի են, չեն ստուգվում, չեն տուգանվում: Կարճ ասած, կանաչ լույս ունի ՆԳ փոխնախարարի ամուսինը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի կողմից երեկ ներկայացված ազատման դիմումը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն քաղաքացիական եւ սնանկության դատարանի 4 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցել, ու, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, լավ օրեր չեն սպասվում այն դատավորներին, որոնց մասով էլ հարուցվել են կարգապահական վարույթները։ Այդ դատավորներից մեկը Սամվել Թադեւոսյանն է, որի մասով հարուցվել է կարգապահական վարույթ, ու, ըստ էության, նա չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին եւ հետագա քննության որոշմանը ու մեկ քայլ առաջ անելով՝ լքեց դատական համակարգը։ Նշենք, որ Թադեւոսյանի հրաժարականի մասին հայտնեց Դատական դեպարտամենտը՝ հայտնելով, որ հրաժարականի դիմումը օրենքով սահմանված կարգով քննարկվել է Խորհրդի կողմից, եւ համապատասխան որոշմամբ դատավոր Ս. Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած: Իսկ ովքե՞ր են այն դատավորները, որոնց մասով եւս ԲԴԽ-ն հարուցել է կարգապահական վարույթներ, ու հունիսի 19-ին այդ առիթով առաջին նիստն է: Սամվել Թադեւոսյանից բացի, թիրախում քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանն է, իսկ մյուս երկու դատավորները Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանն ու Արտակ Բարսեղյանն են : Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունը օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի Դաշնության վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են այդ երկրի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026) եւ 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը, տեղեկացավ, որ արտաքին քաղաքականության բլոկում ամենամեծ հատվածը նվիրված է հենց հայ-ռուսական հարաբերություններին։ Այն ներկայացված է հենց սկզբում՝ երեք էջի սահմաններում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին գրեթե մեկ էջ է հատկացված։  Ամենաուշագրավն էլ այն է, որ Հայաստան-Չինաստան հարաբերությունները ներկայացված են ընդամենը ութ նախադասությամբ։ Հարաբերությունների նկարագրության քանակով մեծ է նաեւ Թուրքիայի հատվածը։ Հավելենք, որ ԵՊՀ-ում էլ հունիսի 13-ին մեկնարկել է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի կազմակերպման եւ անցկացման համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մոտ 23 միլիոն դրամ է տրամադրել Երեւանի պետական համալսարանին։ Այս ֆորումի համար 100 անձ է ՌԴ-ից ժամանել։ Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները մշտապես դժգոհում են։


«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ։ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2022-ին աշխատելով «Դիջիթեյն» ընկերությունում, որին պատկանում է «Տոտո» առցանց խաղատունը, ստացել է 10 մլն 893 հազար դրամ, հորից ընդամենը 2 մլն դրամով պակաս, ամսական 908 հազար դրամ՝ «Սերժի թվերի» նախարարի աշխատավարձ։ Աշոտ Փաշինյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2022-ի սկզբին ունեցել է ընդամենը 3 հազար 200 դրամ, որն էլ կազմել է միակ եկամուտը ողջ 2022 թ․ ընթացքում։ Տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 0 դրամ։ Աշոտ Փաշինյանը որեւէ տեղ չի աշխատում, վարձատրություն չի ստացել, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ որդին կավագործ բանվոր է աշխատել։ Հավանաբար, այդ 3 հազար 200 դրամն է վաստակել։ Իսկ 2021-ին Աշոտ Փաշինյանն աշխատել եւ գումար էր վաստակել․ 1100 դոլար ստացել էր Webiz Georgia վրացական կազմակերպությունից, 67 հազար դրամ՝ «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից, 170 հազար դրամ՝ «Ակոտեկ» ՍՊԸ-ից, որի մասին բաց աղբյուրներում տեղեկություն չգտանք։ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա սեփականության իրավունքով երկու բնակարան ունի՝ իրենց Երրորդ մասի տունն ու եւս մեկ բնակարան՝ բաժնային սեփականության իրավունքով, 3 հատ մեքենա՝ «Նիսան», «Ռենո» եւ «ՎԱԶ» մակնիշների։ 2022-ին, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 90 հազար դրամ, թեեւ 1 մլն 757 հազար դրամ ստացել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկից, 3 մլն 910 հազար դրամ էլ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից, այսինքն՝ «Հայկական ժամանակից»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնել, ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Նշել էինք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, որ ներկայում տեղի ունեցող զարգացումներն իրենց իշխանությունը պահելու համար լուրջ սպառնալիք են, և հնարավոր են անհնազանդության հուժկու ալիքներ։ Ըստ այդմ, փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց՝ ցույց տալու համար, թե հանրային լայն աջակցություն ունեն, ինչպես նաև հակադրվելու հանրային լայն դժգոհություններին։ Մեր տեղեկություններով, այս փուլում իշխանությունները փորձում են ուժեղացնել իրենց ողջ տեղեկատվական ռեսուրսը՝ նաև այս հարթակում զարգացումներին դիմակայելու և ապահովագրվելու նպատակով։ Մասնավորաբար, խոսքը սոցցանցերի հայկական տիրույթում անհայտ ծագման օգտատերերի պրոֆիլներ ստեղծելու գործընթացի մասին է։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ վերջին շրջանում սոցցանցերում ստեղծվել են իշխանություններին «աջակցողների» նոր խմբեր, որտեղ ներգրավված է 200-300 հազար օգտատեր, իրականում՝ ֆեյք օգտատերեր։ Այս ողջ գործընթացը կոորդինացվում է իշխանությունների տեղեկատվական ոլորտի պատասխանատուների ուղղակի վերահսկմամբ, ավելին, հաճախ նրանք են ուղղորդում տեղեկատվական դաշտում թեմաների տիրաժավորման հասցեականությունը, ընդդիմադիրներին հակադարձելու ուղղություններն ու թեմաները, միաժամանակ հատուկ գործիքակազմ կիրառում, որպեսզի ընդդիմադիր ակտիվ օգտատերերի հաշիվները կա՛մ արգելափակվեն, կա՛մ իջնի դրանց դիտողականությունը։