Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկին. հայ ժողովուրդը պետք է զինվի. Ասրյան
Հայի ոգուց սարսափող հայատյաց Իլհամ Ալիևը երեկ կրկին բարբաջել է. «Զանգեզուրի միջանցքի վաղաժամ բացումն անխուսափելի է․․․»։ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ընդդիմությունն ու հայ ժողովուրդն ամբողջությամբ պետք է անհապաղ զինվեն, ասել է թե՝ անհնարինը դարձնեն հնարավոր՝ ստեղծելով 100.000-անոց ազգ-բանակ (50.000-ը՝ զորահավաքից, 50.000-ը՝ Զինված Ուժերից). այս մասին գրում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:
"Եթե 1941 թվականին սովետական Հայաստանի մոտ 1,5 միլիոն բնակչությունից և աշխարհում այդ ժամանակ բնակվող մոտ 3,5 միլիոն հայերից Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ (որոնցից զոհվել են շուրջ 300.000-ը), հիմա Հայաստանում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից և աշխարհում բնակվող շուրջ 7 միլիոն հայերից ինչպե՞ս կարող է չկարողանանք ստեղծել 100.000-անոց ազգ-բանակ։
Միայն զենքո՛վ է հնարավոր փրկել, վերականգնել, պաշտպանել և հզորացնել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, միայն զենքո՛վ պիտի պաշտպանվի հայը․ ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկին։
Միայն հայոց ազգային բանակի շուրջ համախմբված Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ընդդիմությունն ու հայ ժողովուրդն ամբողջությամբ կարող են ստեղծել 100.000-անոց ազգ-բանակ, որը կլինի ահ ու սարսափը Հայաստանի ու հայ ազգի բոլոր թշնամիների համար:
Կունենանք 100.000-անոց ազգ-բանակ, մշտապես կապահովենք Հայաստանի, Արցախի ու հայերիս տեղն արևի տակ, չենք ունենա 100.000-անոց ազգ-բանակ, կապահովենք Հայաստանի, Արցախի ու հայերիս թշնամիների՛ տեղն արևի տակ",- գրել է Ասրյանը: