Արենի համայնքում, որտեղ վերջերս բացվել է «Ռուսաց լեզվի եւ մշակույթի» կենտրոնը՝ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ, հունիսի 5-ից մեկնարկել են ռուսաց լեզվի անվճար ուսուցման դասընթացները։
Հունիսի 14-ին Արենի համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները ներկայացրին ցերեկույթ՝ նվիրված «Ռուսաստանի օրվան»։ Միջոցառումը սկսվեց երգով, ռուս բանաստեղծների ստեղծագործություններով (Սիմոնով, Լերմոնտով, Զվյագինցևա)։ Այնուհետև երգեցին Մատուսովսկու «Ինչից է սկսվում հայրենիքը» ստեղծագործությունը։
Սաները ներկայացրին նաեւ Ռուսաստանի գերբն ու հիմնը, ինչպես նաեւ դրոշը, որի գույներին համապատասխան նրանք պատրաստել էին թղթե ձեռքեր, որոնց վրա գրված էր յուրաքանչյուր գույնի նշանակությունը։ Արդյունքում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներն իրենց ձեռքերով հավաքեցին Ռուսաստանի դրոշը։
«Երեխաները շատ մեծ հաճույքով են պատրաստվել ցերեկույթին։ Ես նախապես նրանց ծանոթացրել էի, թե ինչ տոն է «Ռուսաստանի օրը»։ Հենց այդ օրն էլ նրանք առաջին անգամ ծանոթացան և գերբին, և հիմնին։ Հերթական անգամ համոզվում ենք, որ նման միջոցառումներն օգնում են ավելի մոտիկից ծանոթանալ ռուսական մշակույթին, գրականությանը, պատմությանը, ինչպես նաև երեխաները կարողանում են ազատ արտահայտել իրենց մտքերը ռուսերենով», - ասաց Արենի հայանքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի ուսուցչուհի Ծաղիկ Մանուկյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին և ժառանգությանը։
Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ», որոնք կորոշեն սաների ակտիվության, ինչպես նաև գործունեության ուղղությունը։
Երեխաների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ։
Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։