Չայցելել Սյունիք, Արցախ, Տավուշ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին
ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեր երկրում գտնվող իր քաղաքացիների համար նախատեսված հաղորդագրությունում մասնավորապես գրել է այն ուղղությունները, որոնցից հարկավոր է խուսափել՝ անվտանգության նկատառումներից ելնելով․
«Ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով.
Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
Սյունիքի մարզ։
Նշվում է, որ ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։ Նաև առկա է զգուշացում այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություն տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է։