23.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության նիստում խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հունիսի 13-ին մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպմանը։


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհակալություն հայտնելով Սերբիային ՍԾՏՀԿ հաջող նախագահության կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդգծել է Հայաստանի աջակցությունը կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ ի հայտ եկող մարտահրավերների հասցեագրման նպատակով։


«Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությունը և օրենսդրական բարեփոխումները՝ անդրադառնալով Հայաստանում երկնիշ տնտեսական աճին և արտաքին առևտրի ծավալների էական ավելացմանը, այդ թվում՝ ՍԾՏՀ անդամ մի շարք երկրների հետ։ Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության հիման վրա։


Վահե Գևորգյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Գևորգյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և շրջափակման քաղաքականությունը, փորձելով հյուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու վերջինին զրկել գոյության միջոցներից, չեն կարող հիմք դառնալ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար:


Նշվում է, որ հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունել է մի շարք բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև հաստատել ՀՀ թեկնածությունը՝ որպես ՍԾՏՀԿ Մշակույթի աշխատանքային խմբի 2023-2025թթ. համակարգող երկիր։