26.11.2024
Միրզոյանի հայտարարությունը, թե ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ բանակցելու, սուտ է
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ առայժմ Արսեն Թորոսյանին «ձեռք չեն տալիս». ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել։ Նրան ֆրակցիայում չեն սիրում։ Նրա հետ շփվում է սորոսականների մի մասը միայն, նա, կարելի է ասել, միայնակ գայլի կարգավիճակում է, շփվում է Սոնա Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի, երբեմն էլ՝ Լենա Նազարյանի հետ։ ՔՊ-ականների մի խումբ Թորոսյանի հարցով անգամ դիմել է Փաշինյանին՝ ակնարկելով, որ նրա պահվածքն իր նկատմամբ դրսեւորած ներողամտության հետեւանք է։ Խոսքը քովիդի դեմ պայքարի հետ կապված վատնումների քրեական գործի մասին է, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր։ Այդ գործով մի խումբ մեղադրյալներ են անցնում, մեծ թվով մարդիկ են հարցաքննվել, ու չնայած իրավապահները պարբերաբար սպառնում են, թե Թորոսյանին եւս կհարցաքննեն, բայց բանը դրան չի հասել։ Սակայն, խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, պատճառը բոլորովին այլ է։ Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, իսկ ՔՊ-ին եւ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է հաղթել Երեւանում։ Եթե նրան «ձեռք տան», չի բացառվում, որ Թորոսյանն ամեն ինչ շրջի քովիդի դեմ պայքարի պարետատան եւ պարետի ուղղությամբ՝ ներկայացնելով, որ չարաշահումների հետ ինքը կապ չունի, իսկ պարետը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրաբար առեւանգման գործը ուղարկվել է դատարան, եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել 44-օրյա պատերազմի հերոսի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը կալանքի տակ է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ եւ Գարիկ Գալեյանների, Վահիկ Սահակյանի եւ մյուս ծնողների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս: Ստացվում է, որ նախաքննական մարմինը, այս քրեական գործով քննությունը շարունակելով, այն որպես «մահակ է պահում» զոհված զինվորների ծնողների գլխին՝ հասկացնելով՝ եթե սխալ բան անեն, ապա Գայանե Հակոբյանի նման կհայտնվեն բանտերում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։ Աննա Հակոբյանը նոր չէ, որ իրեն քաղաքական առաջնորդ է համարում, եւ նման միջոցառման էլ առաջին անգամ չէ, որ մասնակցում է․ նա 2019-ից սկսած՝ ամեն տարի Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը՝ ըստ էության, հաստատելով այն խոսակցությունները, որ ոչ միայն ամուսնու որոշումների վրա մեծ ազդեցություն ունի, այլ նաեւ՝  քաղաքական հավակնություններ։ Սակայն տիկնոջ ամբիցիաներն էժան չեն նստում մեր պետության վրա։ Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցում են ՔՊ-ական մի խումբ կին պատգամավորներ՝ Հերիքնազ Տիգրանյանը, Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Թագուհի Ղազարյանը, որոնք, հավանաբար, նույնպես իրենց կին առաջնորդ են համարում։ ԱԺ նախագահի կարգադրության համաձայն, կանանց «գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի», կատարվել են ՀՀ 2023 թ․ պետական բյուջեով՝ ԱԺ միջոցների հաշվին։ Թե որքան են կանանց վոյաժները նստել հարկատուներիս վրա, պարզ չէ, բայց եթե այս կազմին ավելացնենք նաեւ Հակոբյանի վարսավիրին, թիկնապահին, օգնականին, պարզ է, որ պետությունը թանկ է վճարում այս հաճույքների համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Orion Summit 2023. «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից 39 հազար 200 դոլար է վճարել։ Միջոցառումը կայանալու է հունիսի 19-22-ը, Նյու Յորքում: Ավելի վաղ նախարարությունն այս միջոցառումը ներկայացնում էր որպես Orion Worldwide Innovations-ի հետ մի չտեսնված համագործակցություն, որի շրջանակներում պետք է Հայաստանը «դրսերում» ներկայացվի որպես ներդրումների համար դրախտային երկիր։ «Այսօր աշխարհում մրցունակ են այն տնտեսությունները, որոնք ավելի ճկուն են եւ ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներ․․․ Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների եւ ներդրողների հանդիպման ու նրանց միջեւ գործարար նոր կապերի հաստատման համար»,- նշել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Սակայն կազմակերպիչ ՍՊԸ-ի հետ նախարարության կնքած պայմանագրից տեղեկացաք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդամենը միջոցառման մասնակիցն է եւ մասնակցության գումար պետք է վճարի՝ պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո Սահակյանը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, քանի որ Վլադիմիր Վարդանյանի հետ մինչ օրս լուրջ տարաձայնություններ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթին խորհրդարանի իշխանական շրջանակներն ասացին, որ պատգամավորը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, բայց դրա դիմաց աշխատավարձը ստացել է առանց պահումների: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մհեր Սահակյանը, սակայն, այս առիթով ասաց. «Եղել է, որ մասնակցել եմ, եղել է՝ չեմ մասնակցել: Ես իմ գործառույթները, պարտականությունները կատարել եմ։ Եղել է, որ գործուղման մեջ եմ եղել, կամ ուրիշ աշխատանքի եմ եղել, բայց նիստերի էլ եմ մասնակցել»: Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ամբողջական աշխատավարձ ստացել է այդ ընթացքում։ «Չեմ նայել, ճիշտն ասած, հատուկ հաշվառում չեմ արել»,- ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Մհեր Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին:


«Փաստ» օրաթերթը գրում է. Աշնանը սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ուժերի ցանկը գնալով ավելի է «հարստանում»: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ դրանց կարող է մասնակցել նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»: Սակայն, մեր տեղեկություններով, մինչև վերջերս հստակ որոշում չկար՝ առանձի՞ն մասնակցել, թե՞ այլ ուժի կամ ուժերի հետ դաշինքով: Եվ ահա, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԼՀԿ-ում արդեն որոշել են ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց որևէ դաշինքի: Մեր տեղեկություններով, վերջնական որոշում ունեն նաև ցուցակի առաջին համարի, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուի մասով: ԼՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ-ում սկսել են մարկետինգային ու PR-ային խմբեր վարձել, որոնք արդեն իսկ ինտենսիվ զբաղվում են քարոզչական «պրոդուկտ» պատրաստելու աշխատանքներով։


«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին հարց է տրվում ադրբեջանական դիվերսանտների կողմից մեր տարածքում առևանգված երկու զինծառայողների ճակատագրի մասին, նա էլ հարցը «վերահասցեավորում» է նախաքննական մարմնին, «որովհետև նախաքննություն է իրականացվում, և ցանկալի չէ՝ ես որևէ մեկնաբանություն իրականացնեմ»: Իսկ ի՞նչ է, ադրբեջանական դիվերսանտների կողմից առևանգված զինծառայողներին, կներեք, նախաքննական մարմի՞նն է զորակոչել կամ նախաքննական մարմի՞նն է մարդկանց հետ զինծառայության պայմանագիր կնքել: Սրանք բոլո՞րն են այսպիսին՝ մարդու, զինվորի կյանքի ու ճակատագրի վրա թքածունեցողական: Չնայած, ի՞նչ ակնկալել ներկայացուցչից մի իշխանության, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ ինչ է եղել, որ, գերիները կարող են ադրբեջանական բանտերում մի քանի ամիս էլ մնալ: Ի դեպ, այդ հայտարարությունից արդեն գրեթե 2 տարի է անցել: ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին նաև հարց են տալիս, որ Սյունիքի ձերոնցական մարզպետը հայտարարեց, թե Տեղ և Ներքին Հանդ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերը որոշ մասերում հետ են քաշվել: ՊՆ ներկայացուցիչը պատասխանում է, թե՝ չի կարող մեկնաբանել: Ուրեմն՝ կամ անտեղյակ է, կամ էլ մարզպետը պարզապես ստել է (այս իշխանության դեպքում գրեթե պաշտոնական վարք), իսկ ՊՆ ներկայացուցիչը չի ցանկանում նրա սուտը «բռնեցնել», կամ էլ՝ միասին ու պայմանավորված մոլորեցնում են հանրությանը: Ու, այդքանից հետո, ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստիացնում է, թե իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է... Չէ, իրականում այս իշխանության պարագայում, ոնց որ, միայն մեկ բան է «հարաբերականորեն կայուն»: Հանրությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլացնելը և ոչ ձեռնտու հարցերը չմեկնաբանելը: Հա, մեկ էլ բոլ-բոլ պարգևավճարներ ստանալը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգը ընկել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կամ բոլորին հայտնի Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի հետեւից: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել դիզվառելիք յուրացնելու եւ պետությանը շուրջ 25 միլիոն դրամի վնաս հասցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անգամ ծառայության պետ Վահան Օսեյանի տան լոգարանի պետքարանի եւ հավաբնի վրա նախաքննական մարմինը արգելանք է դրել: Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ սա աբսուրդ քրեական գործ է, որն արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում: «Նախ՝ նշեմ՝ մոտ 20 միլիոն դրամի յուրացման մասին է խոսքը, եւ ինքներդ կարող եք գալ դատարան արդեն ու տեսնել, թե ինչպես են մարդկային կյանքեր փրկած անձանց դիզվառելիքի հափշտակման մեջ մեղադրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբանը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ծիրանի մշակմամբ զբաղվող այգետերերն այս օրերին իրենց մաշկի վրա զգում են ռուս-ուկրաինական պատերազմի ծանր հետեւանքները։ Բանն այն է, որ ծիրանը վաճառում են աննախադեպ ցածր գներով, արտահանող ընկերությունները պարզաբանում են, որ դրա պատճառները մի քանիսն են․ նախ՝ Ռուսաստանում կտրուկ նվազել են ապրանքների սպառման ծավալները, դրանից բացի՝ ռուբլու փոխարժեքի տատանումներով է պայմանավորված ծիրանի գնանկումը։ Եթե անցած տարիներին ծիրանը մթերում էին սկզբնական շրջանում 800-1000 դրամով, ապա այս տարի առաջին մթերումը սկսել են 500 դրամով։ Արտահանման ծավալի կրճատման պատճառով գյուղացիները ստիպված են բերքն իրացնել ներքին շուկայում՝ էժան գներով»: