Վարչապետը ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալին ներկայացրեց Լաչինի միջանցքի խնդիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին:
Վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:
Այս համատեքստում, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նշելով, որ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով` վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը: