26.11.2024
Անկլավների հարցն օրակարգ է եկել Փաշինյանի «տաղանդավոր» դիվանագիտության հետևանքով. կարծիք
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրերը, պարզվում է, արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով։ Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՀ նախագահը ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել` արգելելով բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաեւ տոների եւ հիշատակի օրերին կազմակերպվողները, եւ որոշակի սահմանափակումներ է մտցրել տեղեկատվական դաշտի համար։ Մեզ ասացին, որ ԱՀ պատկան մարմիններն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրել, փակել պետական գերատեսչությունների մուտքերը եւ 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում։ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս քայլերն իրականացվել են ռուս խաղաղապահների խորհրդով, որպեսզի ներքին իրավիճակի ապակայունացում չլինի»: 


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկումները բոյկոտելու մասին ընդդիմությունը պաշտոնապես չի հայտարարել, սակայն երեկ ՊՈՒ-ից որեւէ մեկը ներկա չէր, իսկ «Հայաստանից» ներկա էր 2-3 պատգամավոր, եւ եթե նախկինում նման քննարկումներին սուր հարցադրումներ էին անում, քննադատական ելույթներով հանդես գալիս, երեկ քննարկմանը ներկա Արթուր Խաչատրյանն ընդամենը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը քննադատում ՆԳՆ գործունեությունը, Գեղամ Մանուկյանը կատակեց, իսկ Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվեց, թե պատերազմի ժամանակ քանի ոստիկան է զոհվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը: Պարզ ասած՝ ԱԺ նախագահի գործառույթներ են ստանձնել։ Իսկ վերջին միջադեպից հետո պարզ դարձավ, որ այս խումբն այլեւս բացահայտ է պայքարում Ալեն Սիմոնյանի դեմ։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողները քննարկում էին խորհրդարանի վերջին միջադեպը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ Հովիկ Աղազարյանի միջեւ: Իշխանական պատգամավորը տեղադրել էր հենց այն դրվագը, որտեղ լրագրողներից մեկն ԱԺ նախագահի հասցեին տհաճ բնորոշում է տալիս, իսկ հետո իշխանական ազդեցության տակ գտնվող ֆեյք էջերով շարունակել են թեման՝ փորձելով հնարավորինս լայն տարածել լրագրողի խոսքը։ Ու թեեւ Հովհաննիսյանը կոչ էր արել ԱԺ աշխատակազմին՝ գնահատական տալ կադրում երեւացող լրագրողների պահվածքին` նրանց հավատարմագրելիս, սակայն աշխատակազմում ճշգրիտ հասկացել են նրա իրական մտադրությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ամեն տարի նույն երգն էր երգում, թե չպետք է լինեն արտոնյալներ՝ բոլոր պաշտոնյաները պիտի ներկայանան ԱԺ եւ հաշվետվություն ներկայացնեն․ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, բացակայում էին, սակայն այժմ իր կաբինետում քիչ չեն արտոնյալները։ Դիցուք, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով Փաշինյանի համերկրացին է, երեկ ԱԺ եկավ գաղտնի մուտքով, որ չընկնի լրագրողների ճանկը, իսկ հանձնաժողովում էլ, կարելի է ասել, դիտորդի դերում էր: Ոլորտի հաշվետվությունը ՆԳՆ աշխատակազմի քարտուղար Ֆիդանյանը ներկայացրեց։ Թեեւ հետո ստիպված էր պատասխանել որոշ հարցերի, սակայն խիստ լակոնիկ։


Գաղտնիք չէ, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանը հավակնում է Ղազարյանի պաշտոնին, եւ Խաչատրյանի հետ մտերիմ Անդրանիկ Քոչարյանը երեկ սկսեց նեղել Ղազարյանին, թե ինչպես է ստացվում, որ նախկիններից շատերը Մոսկվայում են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն խնջույքների են մասնակցում, «լայվ» մտնում, իսկ ՀՀ իրավապահները չեն կարողանում նրանց տուն վերադարձնել։ Նկատի ուներ Գեւորգ Կոստանյանին, Միհրան Պողոսյանին։ Քոչարյանը պնդեց, որ նախարարը պատասխանի հարցին, Ղազարյանը կարճ կտրեց՝ ասելով, որ զրուցել է ՌԴ պաշտոնակցի տեղակալի հետ, գործընթաց է տարվում, շուտով արդյունքներ կլինեն։ Քննարկման ընթացքում պարզվեց նաեւ, որ Քոչարյանը հատուկ լիազորություններ է ստանձնել` ստուգում է պարեկների աշխատանքը։ Նա պատմեց, որ ՔՊ-ականներով` մեծ արագությամբ սլացել են Երեւանով, պարեկների 5 բրիգադ իրենց չի կանգնեցրել, 6-րդն է միայն կանգնեցրել։ Գեղամ Մանուկյանը կատակեց. «Պարոն Քոչարյան, սենց գնա՝ «պլան» եք բաժանելու՝ ոստիկանության աշխատանքը ստուգելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես գործուղումների մեկնող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաեւ Մոլդովայում կլինի նրա հետ: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանը վարչապետի՝ տարբեր երկրներ այցից մի քանի օր առաջ է անգամ մեկնում տվյալ երկիր, հանդիպումներ ունենում, մինչեւ գալիս է Փաշինյանը: Այս անգամ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին կմիանա Մոլդովայում, որտեղ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սեւակ Ղահրամանյանը եւ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը մայիսի 30-ից մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կգործուղվեն Սլովակիայի Հանրապետություն, ապա՝ Մոլդովա: Այս այցը եւս կլինի պետբյուջեի հաշվին: Առհասարակ, Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է: Վերջինս նաեւ Մոսկվայում էր, երբ Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, ապրիլ ամսին էլ նա Իրանում էր եւ այդպես շարունակ: Ընդ որում՝ նա գործուղման գրեթե մշտապես մեկնում է իր օգնականի հետ, բնականաբար՝ կրկին պետբյուջեի հաշվին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականներն այս օրերին լծվել են մարզերում իրենց վարկանիշի բարձրացման գործին: Նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերում մարզերում: Օրինակ՝ կիրակի օրը Գեւորգ Պապոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Ալխաս Ղազարյանը այցելել էին Գեղարքունիքի մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել՝ ինչն է մարզերում այս ակտիվության պատճառը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն անհանգստացած են Երեւանում իրենց ցածր վարկանիշով, հիմա հրահանգ են ստացել գնալ մարզեր, շոշափել այնտեղի բնակիչների տրամադրությունները, հասկանալ՝ կողմ են արդյոք իրենց վարած քաղաքականությանը, ինչ են կարծում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, ինչն իրենց համար դրոշակ են դարձրել իշխանությունները եւ ցանկացած զիջման ու սահմանային միջադեպի դեպքում առաջ են քաշում իրենց խոստացած խաղաղության օրակարգը, որն այդպես էլ չի գալիս: Այսպիսով, ՔՊ-ականները ցանկանում են նաեւ մարզերի բնակիչներին ցույց տալ, որ իրենք մտահոգված են մարզերի խնդիրներով եւ ձեռնամուխ են դրանց շուտափույթ լուծմանը: Մեր տեղեկություններով, սակայն, արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չեն. նրանց՝ մարզեր այցերն էլ փաստում են, որ վերջին շրջանում, ինչպես Երեւանում, մարզերում նույնպես Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է ու շարունակում է նվազել՝ բոլոր հարցումներով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է ուղղում Արցախում ապրող հայերի նկատմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է վարչապետի գավաթի մասնակցելով: Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ եւ նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։ Իսկ այս հայտարարություններին զուգահեռ՝ նույն օրը առավոտյան, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, այդ այցի համար ագամ ճանապարհներ փակվեցին: Արդեն նույն օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանն ուրախ տրամադրությամբ մասնակցում էր Վարչապետի գավաթի: «Ուզում եմ ընդգծել, որ հաջորդ տարվանից մենք այս մրցաշարի՝ խճուղային հեծանվավազքի մասշտաբները կընդլայնենք: Մրցումը նախ կմիջազգայնացնենք, այսինքն՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցաշարը կլինի Սեւանի շուրջը: Եթե անհրաժեշտություն լինի, մասնագետները կասեն, երկու օր կտեւի հեծանվավազքը, եւ, իհարկե, մրցանակային հիմնադրամն էլ համապատասխան կկրկնապատկվի»:  Այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի համար այս կարեւոր ժամանակահատվածում, երբ բազմաթիվ անվտանգային խնդիրներ են առկա, Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին, որն էլ իր հերթին հանգեցնելու է մեծ թվով ծախսերի: Ահա թե ինչերի մասին են խոսում եւ ինչով են զբաղվում նույն օրում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի ղեկավարները եւ ինչպես են գնահատում իրենց ղեկավարած երկրների ռիսկերն ու շահերը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կիրակի օրը Գեղարքունիքում մեծ շուքով «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն էր անցկացվել, որին մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը եւ նախարարներ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը եւ Վահան Քերոբյանը: Թերեւս հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կարող է ունենալ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հեծանվավազքի հետ, Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել: Առհասարակ, վերջին շրջանում Քերոբյանն այստեղ, այնտեղ եւ ամենուր է: Բայց սա, թերեւս, հարցի մի մասն է միայն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել: Նախ ողջ օրվա ընթացքում փակ է եղել Ճամբարակի ճանապարհը, ընդ որում՝ քաղաքացինրը նախապես տեղյակ չեն եղել դրա մասին: Քաղաքացիները երկար ճանապարհ են կտրել, հասել ճանապարհի այդ հատվածը, նոր միայն պարզել, որ փակ է մրցաշարի պատճառով, այլեւս չեն կարող շարունակել ճանապարհը, ինչը վարորդների վրդովմունքն է առաջացրել, բունտ է հասունացել: Սա թերեւս ցույց է տալիս իշխանությունների անպատասխանատու եւ արհամարհական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների, որոնց առջեւ խոնարհվում էր տարիներ առաջ Փաշինյանը: Հատկանշական է նաեւ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքն անցկացվում է մի մարզում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի թիրախում. թշնամին պարբերաբար կրակում է Գեղարքունիքի գրեթե բոլոր գյուղերի ուղղությամբ, Սոթքի հանքավայրը փակվել է, 800-ից ավելի քաղաքացիներ մնացել են առանց աշխատանքի: Չնայած այս ամենին՝ վարչապետը եւ նախարարները ուրախ դեմքով Գեղարքունիքում հեծանվավազքի մրցույթի են մասնակցում, կարծես թե դա է օրհասական խնդիրը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Տեղեկությունը, որ Ռուսաստանը մտադիր է հյուպատոսարան բացել Կապանում, այլ իրավիճակներում, հնարավոր է, առանձնապես մեծ ուշադրության չարժանանար: Բայց ոչ այսօր ու ոչ մեր վիճակում: Առավել ևս, որ Կապանում վերջերս, ինչպես հայտնի է, հյուպատոսարան բացեց նաև հարևան ու բարեկամական Իրանը: Այդ զուգահեռությամբ Ռուսաստանի կողմից ևս նման քայլի հեռանկարը, ինքնըստինքյան, մղում է որոշակի դիտարկումների: Առհասարակ, հյուպատոսարան ունենալու հիմնական նպատակը, հասկանալի է, տվյալ պետության քաղաքացիների սպասարկման և շահերի պաշտպանությունն է դիվանագիտական առաքելության երկրում:


Իրանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այդ օրինակին հետևելու մտադրությունը կարելի է այդ առումով օրինաչափ համարել: Սակայն կոնկրետ այս դեպքում նման քայլը նաև որոշակի քաղաքական ենթատեքստ ունի: Առավել ևս, Իրանը չի էլ թաքցրել, որ Սյունիքը համարում է իր կենսական շահերին և հետաքրքրություններին ուղղակիորեն առնչվող և թույլ չի տա եղած սահմանների փոփոխություն: Պարզից էլ պարզ է, որ Իրանն այդպիսով լրացուցիչ ընդգծում է իր հետաքրքրվածությունը ու նաև որոշակի վճռականություն է ցուցադրում՝ իր շահերը պաշտպանելու տեսանկյունից: Նույնը, հասկանալի է, վերաբերում է Ռուսաստանին կամ Ռուսաստանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելու ցանկությանը (որոշմանը): Այս դեպքում ևս քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Հասկանալի է՝ Իրանը և Ռուսաստանը, ընդհանրապես որևէ երկիր, ամեն պարագայում, ուշագնաց չեն լինում «մեր սիրուն աչքերի» համար, առավել ևս՝ ՀՀ իշխանության «սիրուն աչքերի»: Բոլորն իրենց շահերն են պաշտպանում: Եվ այստեղ չափազանց կարևոր է փոխադարձ շահերի հստակ համադրումը: Այս առումով առաջնայինն այն է, որ, գոնե նախնական տպավորությամբ, Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ»: Մյուս կողմից՝ առկա են հնարավոր կոմունիկացիաների հետ կապված որոշակի վերահսկողության հաստատման և ազդեցության ու դիրքերի թուլացման հնարավորության բացառման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլեր: