14.11.2024
ԵՄ-ի հույսը. ի՞նչ կլինի, եթե Բաքուն հերթական անգամ չկատարի իր պարտավորությունները
prev Նախորդ նորություն

Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման և ԼՂ խնդրի ներկա փուլի վտանգավոր միտումների մասին։ Հոդվածը՝ ստորև։


Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը։


Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ։


Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։


Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին ետ պահելու այդ քայլից։


Նախ՝ Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։


Առաջին՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։


Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։


Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել։


Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։


Ավելին, սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ունեցող հիսունից ավելի ինքնորոշման ընթացիկ շարժումներից մենք՝ հայերս, կլինենք առաջինը և միակը, որ հրաժարվում է իր իրավունքներից։


Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։


Ցավալի նաև այն է, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։


Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։


Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։


Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։


Ես շարունակում եմ համոզված մնալ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները և որ այսօր հայանպաստ լրջագույն այլընտրանքներ կան այն ամենին, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը որևէ լուրջ ջանք գրեթե չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։


Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է առնվազն բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունները, չի կարող բավարարել այս պայմանը։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև։

Ինչ սցենար են մտածել Սամվել Բաբայանի համար. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը