Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից 13 օր է անցել ու դեռ ոչ սնունդ, ոչ էլ դեղորայք է մտել երկկողմանի շրջափակման մեջ մնացած 4 համայնքներ, «Ազատությանը» պատմեց այդ գյուղերից մեկի՝ Եղցահողի բնակիչ Էդվարդ Եդիգարյանը։
55-ամյա տղամարդն ասում է՝ ծորակից խմելու ջուր այլևս չի գալիս, սուրճ խմելն էլ է դարձել տոնական հաճույք:
«Կեղտոտ ա, կարկուտ ա եկել, սելավ ա եկել, խմելու ջուր չի, լվացք-մվացք, տենց բաներ կարելի ա անել, խմելու ջուր չունենք: Մեր ջուրը սարից ա գալիս, հիմա իրանք կտրել են, էդ ջուրը տանում են Լաչին: Աղբյուր կա, մի 1,5 կմ գնում ենք խմելու ջուրը բերում: Ոչ մի դեղորայք, ոչ մի բան չի մտել, ուտելիքն էլ ա սպառվում, ահավոր վիճակ ա», - ասաց Եդիգարյանը:
Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին «Ազատությանն» ասել էր՝ աշխատում են շրջափակման մեջ մնացած 4 համայնքներ՝ Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու ուղղությամբ։ Այսօր հարցին՝ հաջողվե՞ց, խոստացավ ճշտել ու այլևս չարձագանքեց մեր զանգերին։
Այս համայնքներ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելն այս պահին անհնար է անգամ Կարմիր խաչի արցախյան առաքելության համար։ Կազմակերպության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն «Ազատությանն» ասաց՝ ոչինչ չի փոխվել, դեռ տեղաշարժ չկա:
«Ոչ մի բան չի փոխվել երեկվանից, դեռևս քննարկումների մեջ ենք կողմերի հետ, բոլոր որոշում կայացնողների հետ՝ հասկանալու, թե ինչ ձևով ենք մենք մեր շարժն իրականացնելու Լաչինի միջանցքով, և հուսով ենք, որ մոտ ապագայում շատ շուտ վերականգնվելու է մեր գործունեությունը», - նշեց Մուսայելյանը:
Շուշիի շրջանի այս 4 համայնքներում այս պահին 110 ընտանիք է ապրում՝ մոտ 350 մարդ։ Նրանցից շատերի ընտանիքի անդամները, որ Արցախ, կամ Գորիս էին գնացել, վերադառնալ չեն կարողանում։