ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Հայաստան և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտից հետո: Հայտարարության մեջ ասված է.
«Այս շաբաթ ես հյուրընկալեցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Ջորջ Պ. Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման գործում։ Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և իրենց երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում:
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ։ Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է: Նրանք կշարունակեն ունենալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տեւական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում», նշված է հայտարարության տեքստում:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը հանդես եկավ ամփոփիչ ելույթով բանակցույունների ավարտից հետո: Իր ելույթում պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել կողմերին՝ Վաշինգտոն ժամանելու ու բանակցույուններ անցկացնելու համար, որոնք ընթացան մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում տեղակայված ԱՄՆ պետքարտուղարության ուսումնական կենտրոնում: Նրա կարծիքով այս բանակցույունները ի ցույց են դնում, որ երկու կողմերն էլ գիտակցում են, որ կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է:
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու առաջարկել իր աջակցությունը, ներգրավվածությունը, բարի կամքը՝ դեպի կայուն խաղաղություն այս և ապագայում ցանկացած այլ քննարկումներ հյուրընկալելու համար: Դա է նպատակը։
Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատացած եմ, որ համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կունենա ոչ միայն պատմական նշանակություն, այլև խորապես բխում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու այս երկրների սահմաններից դուրս:
Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնության հասնելու ճամփին։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է. մենք դա գիտենք. Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին անցնել վերջնագիծը: Եվ ինչպես ասում եմ, ես կարծում եմ, որ դա չափազանց շատ հասանելի է:
Ի վերջո, պետք է ասեմ, որ այն ղեկավարությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ բարեկամներ երկու արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Սրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է: Եվ այս մի քանի օրերից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելի է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր բարեկամներին հասնել դրան:
Այսպիսով, շնորհակալություն երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալ եմ բոլորին, և մենք անհամբեր սպասում ենք շարունակությանը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը՝ եռակողմ բանակցությունների ամփոփիչ իր ելույթում: