Աշխատանքն՝ պետության բարեկեցության ու զարգացման գրավականն է. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում:
Աշխատանքն ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է: Հաջողակ են այն պետություններն ու հասարակությունները, որոնք կարողացել են հասնել այնպիսի ներդաշնակության, երբ աշխատանքային իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի ունի արժանապատիվ աշխատելու, արարելու և ստեղծելու հնարավորություն:
Սիրելի հայրենակիցներ,
Մեր ժողովուրդը դարեր ի վեր ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով ու ստեղծագործ մտքով, և մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է:
Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն:
Շնորհավոր մայիսի 1»: