Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի: