ՀՀ իշխանությունը Բոլթոնի երևանյան այցից սկսած կատարում է Արևմուտքի առաջադրանքը. Քոչարյան
2020 թվականի պատերազմից սկսած հակառուսականությունը նոր զարկ ստացավ Հայաստանում և գիտենք, որ պատերազմի ժամանակ այդ արհավիրքը կանգնեցնելու ՌԴ բազմաթիվ ջանքեր մերժվել են այս իշխանությունների կողմից: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Արևմուտքն այսօր երկու խնդիր է լուծում՝ սերմանել Արցախի ազգաբնակչության շրջանում ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն և պարտադրել ճանաչել ՀՀ-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը Փաշինյանն անում է Պրահայից սկսած: Եվ սա ևս ՌԴ դեմ է, որն Արցախում այսօր ապահովում է հայ բնակչության անվտանգությունը:
Բացի այս, նշեց բանախոսը, ՀՀ իշխանությունները Բոլթոնի երևանյան այցից սկսած կատարում են Արևմուտքի առաջադրանքը: Իսկ ո՞րն է այդ պլանը:
“Երկու ուղղություն կա՝ Արցախ և Թուրքիա: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը՝ հունիսի մեկին կբացվի Մարգարայի անցակետը: Եթե ՀՀ-ն ու Թուրքիան բարեկամանում են, ապա ՀՀ իշխանությունը հենց հաջորդ օրը ՌԴ-ին կասի, որ մենք այլևս անվտանգության սպառնալիք չենք տեսնում ու փորձեն ասել հաջողություն: Այս է խնդիրը և այս ճանապարհով է ամեն ինչ շարժվում՝ կա հստակ առաջադրանք բարեկամանալ Թուրքիայի հետ և հանձնել Արցախը”,- ասաց Քոչարյանը:
Նա, ի դեպ, հիշեցրեց, որ 90-ականների սկզբին պատմության գրքերից վերացվել էր Հայոց Ցեղասպանության հիշատակումը, նաև ասվում էր, որ մեզ պետք չէ բանակ: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ տարվում է նույն քաղաքականությունը:
Մեդիափորձագետը նկատեց, որ այս ամենը կապ ունի ՌԴ-Արևմուտք առճակատման հետ: Նրա կարծիքով, երբ ՌԴ դիրքերը ուկրաինական ճակատում ուժեղանում են, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու իշխանության տրամադրությունները մարում են, և հակառակը:
“Հայաստանն ունի մի քանի զարգացման ուղի, որից ամենասարսափելին Հայաստանի սիրիացումն է, նաև Հայաստանի ուկրաինացումը, որի միտումը, ցավոք, տեսանելի է: Այս պահին միակ ընդունելին ինձ համար, թեև նույնպես ծանր տարբերակ է, Հայաստան-Արցախ 1993-94թթ-նների կարգավիճակն է, որից հետո երեսուն տարի է Հայաստանը քիչ թե շատ ապահով է”,- հավելեց Տիգրան Քոչարյանը: