VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի բացահայտ ուղղորդմամբ և համակարգմամբ, Արցախում քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում։ Մի խումբն, ի դեմս Սամվել Բաբայանի, փորձում է փողոցը վերցնել, բայց, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, իր վերջին հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ դա անհաղթահարելի «ծանրաձող» է նրա համար: Չնայած դրան, Արցախում խոսում են, որ, այդուամենայնիվ, վերջինս համառորեն մտադրություն ունի փողոցի միջոցով, հանրային ճնշման տակ Արայիկ Հարությունյանին պարտադրել՝ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակել։ Սակայն, թերթի տեղեկություններով, իրականում այստեղ պարտադրանքի թեմա չկա, և խոսքը նախապես պլանավորած սցենարի մասին է, որը մշակել է Բաբայանը։ Մյուս թևը գլխավորում են Արցախի նախագահին կից հակաճգնաժամային շտաբում հայտնված «սորոսական» ակտիվիստ, Փաշինյանի «կոնտրոլի» տակ գտնվող Տիգրան Պետրոսյանն ու Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։ Թերթի տեղեկություններով, Պետրոսյանը և Սավադյանը թիմային առումով, ոչ պաշտոնապես, փաստացի աշխատում են գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի և այս պահին դեռևս ստվերում գտնվող, բայց քաղաքական կուլիսներում շատ ակտիվ գործող Մասիս Մայիլ յանի հետ նույն «դաշտում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 12-ին Արցախի գերագույն դատարանը նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագծի հարցով վերջնական որոշում է կայացնելու: Դատարանն այդ օրը նիստ կանի, որպեսզի որոշի՝ արդյոք այն համապատասխանում է Արցախի Սահմանադրությանը, թե ոչ: Ստացվում է՝ դեռ մեկ ամսից ավելի Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն լինի: Նշենք, որ նախագիծը ենթադրում էր հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավունքը վերապահվում էր խորհրդարանին: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ուղարկվել էր Գերագույն դատարան. հունիսի 12-ին դատարանը կորոշի՝ որքանով է նախագիծը համատեղելի Արցախի Սահմանադրության հետ: Դրական եզրակացության դեպքում այն կրկին կուղարկվի ԱԺ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվելու, իսկ եթե դատարանը որոշի, որ նախագիծը Սահմանադրության հետ հակասություններ ունի, ապա այն կճանաչվի հակասահմանադրական: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)։
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել, եւ նրա փոխարեն նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի խորհրդական, 66-ամյա գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը, սակայն վերջինս երկու օր է՝ արդեն Արցախում է։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվանից 3+2 ֆորմատով բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմից երեք ներկայացուցչի՝ Վոլկովի, Լենցովի եւ ռուսական ՓՍԲ-ի ներկայացուցչի, մյուս կողմից` ադրբեջանցի երկու պաշտոնյայի մասնակցությամբ։ Հայկական կողմը բացակայում է: Արցախյան որոշ աղբյուրներ պնդում են, որ Լենցովը ժամանակավոր է եկել` այսպես ասած, աջակցելու: Եթե իրավիճակը կարգավորվի, կարող է վերադառնալ Մոսկվա, քանի որ ռուսական զինուժն այսօր նման մասնագետների պակաս ունի, եւ Ռուսաստանում նման մասնագետի ներկայության կարիքն այս շրջանում շատ մեծ է։ Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փորձելու է հասնել նրան, որ ադրբեջանցիները հեռացնեն անցակետը, եւ միայն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն: Այսինքն՝ ռուս խաղաղապահների անմիջական հսկողության ներքո ստուգվեն Արցախ մտնող բեռնատար մեքենաները, իսկ ադրբեջանական կողմը գործընթացին առցանց հետեւի։
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Արցախի շուրջ օղակը գնալով սեղմվում է, եւ Արցախը կանգնած է լինել-չլինելու խնդրի առջեւ, սակայն պետական որոշ այրեր կարծում են, որ ստեղծված իրավիճակի մասին կարծիք հայտնելը կնշանակի խառնվել քաղաքականությանը։ Երեկ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին վրդովվեցրեց մեր զանգը: Նա ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում, գրավոր հարցերի մասին էլ ասաց․ «Դուք տեսնում եք, որ ես քաղաքական դաշտում չկամ, հիմա ի՞նչ` ուզում եք դո՞ւք լինեք առաջինը»։ Դիտարկմանը, որ Արցախի գոյության հարցն է դրված, դա չի ենթադրում քաղաքականության մեջ լինել, ասաց․ «Հիմա դուք հարցաքննելո՞ւ եք ինձ, ես չեմ հասկանում։ Սա անընդունելի է, երբ անծանոթ լրագրող զանգում է, դուք որտեղի՞ց գիտեք իմ համարը»: Ինչո՞ւ` պետական գաղտնի՞ք է։ «Հա, իմ համարը պետական գաղտնիք է, ես չեմ սիրում, երբ անծանոթ մարդիկ ինձ զանգում եւ հարցեր են տալիս ․․․ Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք... Զանգեք Արցախի իշխանություններին։ Այն, ինչ ես անում եմ, չեմ ուզում հանրայնացնել։ Աշխատում ենք այստեղ, փորձում ենք մի բան փոխել, բայց ես չէի ուզենա մեկնաբանություններ տալ այդ հարցերի շուրջ»։ Հասկանալի է, որ այս մարդկանց համար առավել կարեւոր է իրենց կուտակած ահռելի ունեցվածքը, որը չեն ուզում հարվածի տակ դնել` գործող իշխանությունների հասցեին քաղաքական հայտարարություններ անելով:
«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թեպետ անցած շաբաթ կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, հորդորելով` փոխանցել կուսակից ընկերներին, որ բոլորը պարտավոր են աշխատել ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ, ավելին՝ անգամ սեփական թեկնածուն է ունենալու։ Հիշեցնենք, որ Ավինյանի եւ Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը, նկատի ունենալով Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին, հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը, եւ հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։ Ի դեպ, Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել՝ այստեղ Ավինյանի համար են աշխատելու, անկախ նրանից՝ Սուքիասյանն ում կպաշտպանի: Իսկ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսին քաղաքական երկրորդ ժողովը կանցկացնի Դիլիջանում: Նիստը վարելու է Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը: Կուսակցության քաղաքական ժողովներին քննարկվում են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի հարցեր։ Ի դեպ, սա կուսակցության երկրորդ քաղաքական ժողովն է. կուսակցության քաղաքական առաջին ժողովը տեղի էր ունեցել Ջերմուկում դեկտեմբերի 17-ին: Թե ինչու է որպես ժողովի վայր ընտրվել Դիլիջանը, երբ Փաշինյանը Տավուշից է, մեզ հետ զրույցում պատգամավոր Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Որոշումը հետեւյալն է՝ նիստերն անել մարզերում. տարբեր տարբերակներ ենք քննարկել, այդ թվում՝ Արարատի ու Արմավիրի մարզի տարբերակն էլ ենք քննարկել, հատուկ որոշում չկա այս մասով: Խնդիրն այն է, որ հենց մարզերում անենք»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն հինգ տարի է, ինչ բացահայտ սուտը, նաև՝ ակնհայտ կեղծիքը իշխող ուժի հիմնական գործելակերպն են, ավելին՝ անգամ հասցվել են «պետական քաղաքականության» մակարդակի: Այնպես չէ, որ քաղաքականության մեջ մնացած բոլորը բացառիկ ճշմարտախոսներ ու ճշտապաշտներ էին, են կամ հետագայում եկողներն այդպիսին են լինելու: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական խմբավորման պարագան այլ է: Այստեղ նրանք անգերազանցելի են: Ի՞նչն է հատկանշական: Օր չի անցնում, որ մամուլը, ամենատարբեր քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, փորձագետներ, պարզապես՝ բանիմաց մարդիկ չհերքեն Փաշինյանի արած այս կամ այն արտահայտությունը, ասածը, պնդումը: Ասենք, ինչո՞ւ միայն Փաշինյանի: Նաև՝ նրա «պայմանագրային» կուսակցության նկատելի դեմքերի հայտարարությունները, ասածները, պնդումները: Օր չի անցնում, որ նրանց ստերը չբացահայտվեն: Նիկոլ Փաշինյանը ստի նախադասությունը դեռ նոր ավարտած, հաջորդում են հերքումն ու բացահայտումը: Ժողովրդական խոսք է՝ ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ: Բայց այստեղ... «բայց»-եր կան:
Բանն այն է, որ չեն հասցնում հերքել կամ բացահայտել Փաշինյանի մի սուտը, երբ նա արդեն երկու ուրիշ նորն է հրապարակ նետում կամ նորից, ավելի ճոխացրած տարածում նախկին՝ արդեն ոչ մեկ անգամ հերքված սուտը: Ի՞նչ եք կարծում՝ ինքը չգիտի՞, որ ստում է, որ կեղծում կամ նենգափոխում է փաստեր, եղելություններ: Լավ, ենթադրենք, նրա անվան խմբակցության որոշ անդամներ չգիտեն, բացառիկ անտեղյակության մեջ են, այսպես ասած՝ ինչ ձեռքները տալիս են, հնազանդ, երբեմն առանց հասկանալու կարդում են (ենթադրենք): Բայց ինքը գիտի, չէ՞, որ ստում է: Ինչպե՞ս չիմանա, եթե դա հատուկ է անում: Կանխամտածված: Մինչ այս, մինչ այն, այդ սուտը տարածվում է: Մինչ դուք (մենք) ընկնում եք այդ մեկը բացահայտելու ետևից, տարածվում է երկրորդ սուտը, հետո՝ երրորդը, չորրորդը: Ինքը նաև շատ լավ գիտի, որ ցանկացած սուտ անհամեմատ արագ ու շատ է տարածվում, քան դրա հերքումը: Ավելին՝ հերքումներով էլ է տարածվում: Իսկ որոշակի թվով մարդիկ «ականջ են կախում» այդ ստերին: Ստի քաղցրությունը դուրեկան թմբիր է, իսկ ճշմարտության դառնությունը դաղում է: Գուցե ստի ու ինքնախաբեության մեջ ավելի հեշտ է ապրել: Բայց դա երևի մինչև այն պահը, երբ վրա է հասնում դաժան իրականությունը...
«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտպանության նախարարությունը ապրիլի 13-ին պայմանագիր է ստորագրել «Էյ դաբլյու այ գրուպ» ՍՊԸ-ի հետ եւ գնել խորհրդանշական նվերներ, ավելի կոնկրետ՝ AWI ապրանքանիշի ժամացույցներ, որոնց ընդհանուր գինը կազմում է 11 մլն 735 հազար դրամ։ Այդ գումարով պաշտպանական գերատեսչությունը գնել է տարբեր արժողության 713 հատ ժամացույց, որի թվում են 9 հազար դրամից մինչեւ 68-75 հազար դրամանոց ժամացույցներ։ Ի դեպ, գնումը ՊՆ-ն կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Այս ընկերության արտադրած ժամացույցներն է կրում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին` այստեղից պատվիրում եւ գնում են ժամացույցներ` նվիրելու նպատակով, որպես վարչապետի կողմից անվանական նվերներ: Այսինքն՝ ընկերությունն իշխանությունների կողմից լայն աջակցություն ունի ու արտոնյալ կարգավիճակ։ AWI ընկերությունը հիմնադրվել է 2001թ., սփյուռքահայ գործարար, բարերար, ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանի կողմից, ով Արցախբանկի տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական հայտնի ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս մեկ ամիս առաջ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր. «Դատապարտյալների ապահով եւ անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա ենք ձեռք բերել, նախկին՝ ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով»: Նախարարի այս հայտարարությունից անցել է մեկ ամիս, սակայն դատապարտյալների կյանքում ոչինչ չի փոխվել։ Ապրիլի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը Հակակոռուպցիոն դատարանում արձանագրեց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց գործով դատական նիստի օրը «Վիլիս» մակնիշի 4-տեղանոց ավտոմեքենայի մեջ 5 նախկին պաշտոնյաներին մի կերպ խցկել էին ու ԱԱԾ մեկուսարանից բերել դատարան:
«Վիլիսի» մեջ էին ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զու գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ նախկին պաշտոնյա Ավետիք Մուրադյանը, գործարար Դավիթ Գալստյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Ավտոմեքենայի հետ կապված խնդրով պայմանավորված՝ անգամ դատական նիստը մեկ ժամով վերոնշյալ պաշտոնյաների մասով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը նախկին պաշտոնյաներին տեղափոխող «Վիլիս»-ը փչացել էր: Այս խնդրի առնչությամբ մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ եղան նախարարի խոստացած «Ֆորդ տրանզիտ»՝ կոնդիցիոներով ավտոմեքենաները: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին՝ առաջիկայում ազատազրկված անձանց դատական նիստերի կամ հիվանդանոցներ տեղափոխելու գործառույթը կտրվի Քրեակատարողական ծառայությանը: Հավելենք, որ ներկայումս ծառայությունն իրականացնում է ոստիկանությունը իր ավտոմեքենաներով: Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, կկազմակերպվի վերապատրաստման պրոցես, որից հետո ՔԿ ծառայությունը ամբողջությամբ կիրականացնի դատապարտյալներին եւ կալանավորներին դատական նիստերի կամ հիվանդանոց տեղափոխելու գործընթացը: Ասել է թե՝ նախարարի խոստացած կոնդիցիոներներով մեքենաները դեռ կանգնած են, վերապատրաստված վարորդներ չկան, իսկ կալանավորները դեռ կմնան ճանապարհներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը դեռ չի որոշել՝ ինչպես է վարվելու Հռոմի ստատուտի հետ: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան մտնի: Եվ, ահա, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հասկանալու համար, թե երբ է այն ուղարկվելու խորհրդարան: Հետաքրքիր է, որ կառավարությունը մեկ ամիս ժամկետ է խնդրել մեր հարցին պատասխանելու համար: Ինչպես նշեցինք, կառավարությունը երեք ամիս ուներ որոշում կայացնելու համար. մեկ ամիսն անցել է: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը: